Առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ մեղադրվող Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի նկատմամբ այսօր որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այս մասին տեղեկացնում է “Փաստինֆոն”: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և կալանքը որպես խափանման միջոց կիրառել 2 ամիս ժամկետով։
Այս գործով որպես մեղադրյալ ներգրավվել է նաև Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի տեղակալ Գագիկ Խաչատրյանը, իսկ մյուս տեղակալի`Գեղամ Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նշենք, որ Գ.Խաչատրյանի նկատմամբ ևս նախկինում որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը, սակայն Ա.Մովսիսյանին ձերբակալելու օրը փոխվեց Գ.Խաչատրյանի խափանման միջոցը և նա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց։
Ըստ “Փաստինֆո”-ի ունեցած տեղեկատվության, դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքեր են բացահայտվել, որն իր ընդգրկմամբ հավակնում է դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը: Քննությամբ բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք, ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են նրանց պետերը: Ընդ որում, չարաշահումներն ընդգրկել են տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների կառույցներ, իսկ “կծիկը” գլորվում ու հասնում է մինչև դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական համակարգ:
Մեղադրանքներ են առաջադրվել նաև դատական կարգադրիչների ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին: