ՔԵԹՐԻՆԻ ՄԻՀՐԱՆՆ ՈՒ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՍԿԻԶԲԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական վերնախավը կատարեց իր առաջին քայլը, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ զիջումների գնալու գործընթացի սկիզբը դրվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին հատուկ քննչական ծառայությունը որոշել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետի թիկնապահների մասնակցությամբ ծեծի գործով քրեական գործ չհարուցել:

Ապրիլի 17-ին տեղեկություններ տարածվեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանից Երեւան-Փարիզ չվերթ իրականացնող «Էյր ֆրանս» ավիաընկերությունով արտերկիր են պատրաստվել մեկնել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի երեխաները: Տոմսարկղի մոտ հասնելուն պես թիկնապահների եւ օդանավակայանի աշխատակցի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի արդյունքում թիկնապահներից մեկը ծեծի է ենթարկել օդանավակայանի աշխատակցին: Ի դեպ, այս միջադեպի մասին ոստիկաններին հաղորդում էր ներկայացրել հենց օդանավակայանի աշխատակիցը, ինչի արդյունքում ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում: Սակայն տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ արտերկիր են ցանկացել մեկնել ոչ թե ԴԱՀԿ նախկին պետի երեխաները, այլ հենց ինքը` Միհրան Պողոսյանը, որին թույլ չեն տվել, ինչից էլ սկսվել է վիճաբանությունը: Ինչեւէ, միջադեպի մասով իրահավապահներին էր դիմել օդանավակայանի աշխատակիցը եւ հաղորդում ներկայացրել, որից հետո ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում:
Կարճ ժամանակ անց պարզեցինք, որ ոստիկանությունն այս գործը ուղարկել է հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը որոշելու համար, թե արդյոք հիմքեր կան քրեական գործ հարուցելու: Թեեւ արդեն պարզ էին հիմքերը. պաշտոնյայի թիկնապահները ծեծել էին օդանավակայանի աշխատակցին, եւ ՀՔԾ-ին ոչինչ չէր մնում պարզելու, քան ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի` ծեծ հատկանիշներով քրեական գործ հարուցելը: Սակայն իրադարձություններն այլ կերպ զարգացան:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի արդյունքում որոշվել է քրեական գործ չհարուցել: Իսկ հիմքը, ըստ ամենայնի, հանցակազմի բացակայությունն է: Ինչո՞ւ, այս հարցը ունի մեկ բացատրություն. ըստ էության Հայաստանի քաղաքական վերնախավը որոշել է ԴԱՀԿ նախկին պետին չպատժել մինչեւ վերջ, այլ մասով զիջումների գնալ: Եւ որպես այդ գործընթացի սկիզբ նրա թիկնապահների մասնակցությամբ ծեծի գործով քրեական գործ չհարուցվեց:
Ու երբ համադրում ենք արդեն հրապարակված լուրերը, ամեն ինչ հասկանալի է դառնում: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 4-ին «Հետք» պարբերականը հրապարակեց Միհրան Պողոսյանի բիզնեսների եւ, մասնավորապես, օֆշորային տարածքներում գրանցված ընկերությունների ու դրանց գործունեության վերաբերյալ լրագրողական հետաքննության արդյունքները: Այդ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկեց ՀՔԾ՝ ուսումնասիրելու համար, որից հետո օֆշորային գործարքների նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց ՀՀ քր. օրենսգքրի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):
Եվ, ահա, Միհրան Պողոսյանը հասկանալով, որ փակուղու առաջ է հայտնվել, եւ քաղաքական վերնախավը արդեն լուրջ հիմքեր ունի իրեն պատժելու համար, որոշել է զիջումների գնալ: Իսկ ինչ զիջումների մասին է խոսքը: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Պողոսյանին «օֆշորային սկանդալից» չոր դուրս բերելու համար իշխանության բուրգի վերնախավը ակնկալում է նրանից ստանալ Լոնդոնում իրեն պատկանող շենքը, որը նա գնել է մի քանի տարի առաջ: Ի դեպ, ըստ լուրերի, Միհրան Պողոսյանի կարողությունը՝ ընկերությունները, անշարժ գույքը, ֆինանսական միջոցները, գնահատվում Է ընդհանուր հաշվով մոտ 800 մլն դոլար:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՀՀ գլխավոր դատախազությունը ցույց է տալիս, թե երկրում անպատժելիության մթնոլորտ չկա, եւ օրենքի առաջ հավասար են բոլորը՝ անկախ սեռից տարիքից եւ զբաղեցրած դիրքից, բայց իրականում մինչեւ վերջ չի կարողանում ապացուցել իր գործունեության արդյունավետությունը: Քաղաքական վերնախավը հերթական անգամ ցույց է տալիս իր առավելությունը ՀՀ իրավական համակարգի նկատմամբ: Արդյունքում շատ գործընթացներ հիշեցնում են պարզապես փոթորիկ մի բաժակ ջրում, կամ Սերժ Սարգսյանի խոսքերով ասած՝ քամու տատանում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԿԱՆԵՓԸ ՄՈՌԱՑԵԼ ԷԻՆ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան վրա ուսումնական նռնակ նետելու գործը կարճվեց:
Հիշեցնենք, որ նռնակը Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նետել էր Երեւան քաղաքի բնակիչ Հովհաննես Մուրադյանը, ով նախկինում հաշվառված է եղել Ավանի հոգեբուժարանում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի առաջին մասի խուլիգանություն եւ 268 հոդվածի առաջին մասի թմրանյութ հատկանիշներով: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է, Հովհաննես Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, եւ նրան ուղարկել են «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկա՝ հարկադիր բուժման: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ վերջինիս պաշտպան Մարինե Ֆարմանյանը:
Սակայն այս պատմությամ մեջ մեկ ուշագրավ փաստ կա, որը լուրջ կասկածների տեղիք է տալիս: Ինչու է ՀՀ քննչական կոմիտեն թմրանյութի պահելու հատկանիշներով եւս քրեական գործ հարուցել Հովհաննես Մուրադյանի նկատմամբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննիչները արձանագրել են, որ Հովհաննես Մուրադյանի գրպանում դեպքի օրը թմրանյութ է հայտնաբերվել: Հովհաննեսն ասել է, որ ինքը թմրանյութ չի օգտագործում, 7 տարի առաջ է կյանքում առաջին ու վերջին անգամ կանեփի չափաբաժինը «համտեսել»: Ավելին՝ նա իրավապահներին զայրացած հայտնել է, թե՝ դուք եք թմրանյութը գցել իմ գրպանը, ես չեմ օգտագործում:
Դե, իհարկե, իրավապահները Մուրադյանի հայտարարությունը եւ ցուցմունքը հիմք չեն համարել եւ թմրանյութ օգտագործելու մասով փորձաքննություն են նշանակել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ անգամ նշանակված փորձաքննությունը բացասական արդյունքով է ավարտվել. փորձագետները պաշտոնապես եզրակացություն են տվել այն մասին, որ Հովհաննես Մուրադյանը թմրանյութ չի օգտագործում:
Իսկ թե ինչպես եւ ինչու է թմրանյութը հայտնվել նրա գրպանում, թերեւս դժվար չէ կանխատեսել. իրավապահների մոտ պոտենցիալ հանցագործների գրպանում ինչ-որ բան «գցելը» հին ու վատ սովորույթ է, որից ձերբազատվել դեռ չի ստացվում: Բա էլ ինչպե՞ս ճնշեն հանցագործին՝ ցանկալի ցուցմունքներ տալու համար:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԷԼԻ ՄԵԿՆՈՒՄ Է
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 126-րդ նիստին մասնակցելու նպատակով այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Սոֆիա:

 

 

ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է ՊԲ զորավարժարաններից մեկը, հանդիպել Արցախի ազատամարտիկների միության անդամներից կազմված գումարտակներից մեկի անձնակազմին, ծանոթացել նրանց առօրյային եւ ծառայության ընթացքին:

 

 

 
ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐ ԼՈՒՅՍԸ ՉՄԻԱՑՐԵՑԻՆ

«Ժողովուրդ»-ի երեկվա՝ «Բազմազավակ մոր տան լույսը վեց օր է` անջատել են» հրապարակման մեջ նշել էինք, որ արդեն 6 օր է, ինչ 9 երեխաների մայր Մարինե Սահակյանի տան լույսն անջատված է: Նշենք, որ Մարինե Սահակյանը ապրում է ՀՀ Արարատի մարզի Ավշար գյուղում, ունի 9 երեխա, հարս եւ թոռնիկ: Ի դեպ, Մարինեի տղաներից մեկը արդեն մեկ տարի է, ինչ ծառայում է Հայոց բանակում՝ սահմանին:

Ավշարեցի Մարինեն չի աշխատում. մի կերպ է հասցնում զբաղվել երեխաների խնամքով եւ դաստիարակությամբ: Ամուսինն արդեն 8 տարի է, ինչ մահացել է: Այժմ ընտանիքի ողջ հոգսը ընկած է Մարինեի ուսերին: Նա «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին ունի 232 հազար դրամ պարտք: Այն կուտակվել է թերավճարումների արդյունքում: Եւ չնայած սրան՝ ՀԷՑ մամլո քարտուղար Նատալիա Սարջանյանը «Ժողովուրդ»-ին խոստացել էր, որ զինվոր ունեցող ընտանիքի լույսը կմիացվի մի պայմանով, որ 3 օրվա ընթացքում Մարինեն պետք է վճարի գոնե այս ամսվա սպառած էլէներգիան, որը կազմում է մոտ 10 հազար դրամ: ՀԷՑ-ի կողմից առաջ քաշված այս պայմանի հետքերով «Ժողովուրդ»-ը զրուցեց Ավշարի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանի հետ եւ հետաքրքրվեց՝ հնարավորություն ունի՞ գյուղապետարանը օգնել բազմազավակ մորը 10 հազար դրամով:
-Պարո՛ն Գրիգորյան, Ձեր գյուղի բնակչուհի Մարինե Սահակյանի հետ կապված եմ զանգահարել…
-Էդ ո՞վ է: Եթե արագ բան կա ասելու՝ ասա, ես աշխատանքի մեջ եմ:
-Ձեր գյուղի բնակիչ Մարինե Սահակյանը, ով բազմազավակ մայր է, զինվոր որդի ունի, արդեն վեց օր է, ինչ լույս չունի…
-Հետո՞: Լույսի մարդուն զանգի: Դա իմը չէ: Լույսը սեփականություն է, իմը չէ: Գյուղում ըտենց մարդիկ շատ կան, ում հոսանքները անջատված է: Մարինեին ես բազմաթիվ անգամ օգնել եմ եւ էլի կօգնեմ: Ուրիշ բան ունես ասելու, ասա: Վերջ:
Ահա այսպես նա անջատեց հեռախոսը:
Ի դեպ, Մարինեի որդին արդեն մեկ տարի է, ինչ ծառայում է Հայոց բանակում, ում շնորհիվ պետության բարիքները վայելող գյուղապետ Սուրիկ Գրիգորյանի ընտանիքը լույս ունի, գիշերները խաղաղ է քնում:
Գյուղապետի հետ զրույցից հետո «Ժողովուրդ»-ը ողջ եղելությունը փոխանցեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին: Նա անմիջապես զանգահարեց իր խորհրդականին եւ հրահանգեց միացնել տալ «զինվորի մոր լույսը»: Ապա «ժողովուրդ»-ին խոստացավ, որ ամեն բան կանի՝ ավշարեցի Մարինեին օգնելու հարցում:
Տեղեկացնենք, որ Մարինեի տան լույսը միացվեց մարզպետի զանգից րոպեներ անց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս