ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԻՍՏ ԿԱՆԵՆ
Այսօր տեղի ունենալիք ՀՀԿ նիստի ընթացքում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, կքննարկվեն Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի ապագայի հարցը եւ Մաքսային միության թեման: «Օրակարգն առաջադրում են ԳՄ անդամները: ՄՄ-ի հետ կապված կտեսնենք՝ փաստաթղթային կարգն ինչպես է լինելու, դեռ պետք է աշխատվի: Ինչ վերաբերվում է Ս. Խաչատրյանին, ապա մենք դատական օրգան չենք, Խաչատրյանի պաշտոնի խնդիր չկա, ընդհանրապես չի քննարկվել: Բայց ո՞նց կարող են նրան մանդատ տալ, նման բան չկա: Խի քի՞չ հարցեր կան, որ կարող ենք քննարկել ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ՝ կուսակցական, ներքաղաքական եւ սահմանադրական փոփոխությունների վիճակի մասին: Շատ հարցեր կան»,-«Ժողովուրդ»-ին վստահեցրեց Գալուստ Սահակյանը:

ԱՊԱԳԱ ԴԵՍՊԱՆԸ ՉԿԱ
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանն ԱԺ աշնանային նստաշրջանին չի մասնակցում: Միայն երեկ մի պահ նա հայտնվեց ԱԺ-ում, սակայն հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին ու արագ հեռացավ: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանից պարզել, թե արդյոք ապագա դեսպան Հովհաննիսյանն այլեւս չի ցանկանում իր գործունեությունը շարունակել ԱԺ-ում: «Վ. Հովհաննիսյանը հանդես է եկել պարզաբանումներով եւ հիմնավորումներով, նույնը նաեւ ՀՅԴ-ն: Մենք գտնում ենք, որ այո՛, դա կարող է նպաստել երկրի, պետության զարգացմանը: Սա չի նշանակում, որ ՀՅԴ-ն վերադառնում է կոալիցիա, մենք ընդդիմություն ենք ոչ թե պետությանը, այլ իշխանություններին: Իսկ Հովհաննիսյանը նման խնդիր չունի չներկայանալու ԱԺ»,-նշեց Ա. Մինասյանը:

ԿՈՌՈՒՊՑԻԱ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ԴԱՀԿ ծառայությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներով գնել էր BYD մակնիշի ավտոմեքենաներ, որոնք ներմուծում է նույն ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն: Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարցրեց. «Այսինքն՝ կառավարության բարձրաստիճան պետական պաշտոնյան ինքն իրենից մեքենաներ է գնել, պետական բյուջեի միջոցները ծառայեցրել է սեփական բիզնեսի բարգավաճման սրբազան գործին»: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ շտապեց արդարացնել իր ենթակային` Մ. Պողոսյանին՝ ասելով, որ ինքն այնտեղ շահերի բախում չի տեսնում: Զուրաբյանն էլ հակադարձեց. «Կա՛մ Դուք ոչ կոմպետենտ եք, կա՛մ Դուք էլ եք ընդգրկված կոռուպցիայի մեջ»:

ԱԺ-Ն ԽԱՓԱՆՎԵԼ ԷՐ
Երեկ՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, մոտ 10-ից 15 րոպե ԱԺ-ի կայքում առցանց հեռարձակվող նիստը չէր լուսաբանվում. խափանվել էր: ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ տեխնիկական խնդիրների պատճառով է տեղի ունեցել խաթարումը ու մի քանի րոպեների ընթացքում վերականգնվել է:




Լրահոս