ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱ՞ՆԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 7-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, ըստ պաշտոնական վարկածի, հանկարծամահ եղած Արման Դալլաքյանի դիահերձման արդյունքները դեռ չկան: Պաշտոնյաների բնակարանները թալանած «բանդայի» անդամներից Արման Դալլաքյանի հարազատներին միայն ասվել է, թե նա թոքերի քաղցկեղ է ունեցել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ «բանդայի պարագլուխ» Արտյուշա Հակոբյանի հորից՝ Սուրիկ Հակոբյանից. «Բայց բոլորն էլ կարծում են, որ սուտ է այդ քաղցկեղի վարկածը, որովհետեւ եթե Արմանի վիճակն այդքան վատ է եղել, ինչո՞ւ մի անգամ գոնե նրա ծնողներին թույլ չեն տվել տեսնել իրենց որդուն: Ամեն ինչ սուտ է, նա առողջ տղա էր»:
Հիշեցնենք, որ ԱՆ ՔԿՀ-ների վարչության մամլո խոսնակ Գոռ Ղլեչյանն ասել էր, թե Արմանը մի քանի հիվանդություններ ուներ, բուժվում էր, ու նրա առողջական վիճակը շատ կտրուկ վատացել էր: Եվ շտապօգնություն կանչելուց 10 րոպե անց նա մահացել էր:
ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՆ
Այսօր Դավթաշենի երկրորդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի խաբված բնակիչները հանդիպելու են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Բաբայանի հետ: Նշենք, որ ընդդեմ «Տոնուս» ընկերության գործով առաջին դատական նիստը պետք է տեղի ունենար օգոստոսի վերջերին, սակայն այն հետաձգվել է մինչեւ հոկտեմբեր: «Ուզում ենք հանդիպել դատավորի հետ եւ հասկանալ՝ ինչու են այսքան հետաձգում այս գործով դատական առաջին նիստը»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց խաբված բնակիչ Զոյա Պետրոսյանը: Հիշեցնենք, որ «Տոնուս» ընկերության կողմից Դավթաշենի երկրորդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի ավելի քան 160 խաբված բնակարանատերեր պայմանագիր էին կնքել ընկերության հետ: Նրանք վճարել էին գումարը եւ պետք է մինչեւ 2010թ. սկիզբը ստանային իրենց բնակարանները, սակայն մինչեւ հիմա չեն ստացել: Նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին պատկանող ընկերությունը սնանկ է ճանաչվել եւ ի վիճակի չէ ավարտին հասցնել շենքի շինարարությունը:




Լրահոս