Ավստրիացի ուխտավորները այցելել են Մայր Աթոռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է մի խումբ ավստրիացի ուխտավորների՝ գլխավորությամբ ավստրիական “Ֆուրխե” քրիստոնեական շաբաթաթերթի հիմնադիր և հրատարակիչ պրոֆեսոր Հայնց Նուսբաումերի:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել ուխտավորներին՝ ընդգծելով, որ նման ուխտագնացությունները սքանչելի առիթ են ճանաչելու քրիստոնեական այլ երկրներն ու Եկեղեցիները, ինչպես նաև զորացնելու քրիստոնեական եղբայրական հարաբերություններն ու փոխհամագործակցությունը: Նորին Սրբությունը ուխտավորներին ծանոթացրել է նաև Հայ Եկեղեցու պատմությանն ու դարավոր հոգևոր փորձառությանը, ներկայացրել է Մայր Աթոռի ներկայիս գործունեությունը կրթական, սոցիալական և քարոզչական ոլորտներում: Միաժամանակ Վեհափառն անդրադարձել է Հայ Եկեղեցու առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին:
Իր խոսքում Նորին Սրբությունը նշել է նաև, որ առանձնակի քաղցրությամբ է հիշում Ավստրիան և նրա բարեսեր ժողովուրդին, իր հոգում կրում է այնտեղ իր ապրած և ուսանած, ինչպես նաև հովվական ծառայության տարիների ազդեցությունը: 
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է ուխտավորների հարցերին, որոնք վերաբերել են Հայ Եկեղեցու մասնակցությանը կրոնական, միջեկեղեցական ու էկումենիկ երկխոսություններին:




Լրահոս