ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը բավականին նվաստացուցիչ կերպով ստիպված եղավ հերթական անգամ  օրհնել «ռսի ոտը» եւ հայտնել Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկության մասին, մինչ այդ ամիսներ շարունակ ամենատարբեր ամբիոններից եվրաինտեգրացման գովքն անող բազմաթիվ հանրապետականներ հայտնվեցին դժվարին վիճակում: Նախ` նրանք սկսեցին կրկնել «ե՛ւ… ե՛ւ»-ի սկզբունքին հավատարիմ մնալու արդեն հնացած երգը, ապա երբ արդեն հասկացան, որ դա որեւէ կերպ հնարավոր չէ, սկսեցին շրջանառության մեջ դնել Ասոցացման համաձայնագրից Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու տարանջատման  տարբերակը` նշելով, թե Հայաստանի համար առավել կարեւոր է Եվրոպայի հետ շարունակել համագործակցությունն ինստիտուցիոնալ բարեփոխումների հարցում: Սակայն ինչպես պարզ դարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետբրյուսելյան հայտարարություններից, եվրոպացիները չեն պատրաստվում Հայաստանի հետ առհասարակ որեւէ փաստաթուղթ ստորագրել: Այդ մասին ավելի վաղ արդեն ակնարկել էին թե՛ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, թե՛ առավել կոշտ ձեւակերպմամբ` նրա խոսնակը: Իսկ երեկ էլ «Մեդիամաքս»-ին տված բացառիկ հարցազրույցում Ֆյուլեն հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները Մաքսային միությանը միանալու մտադրության մասին իրենց տեղեկացրել են միայն օգոստոսի 31-ին, այսինքն` Ս. Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից ընդամենը 3 օր առաջ: Նա նաեւ հատուկ շեշտել է, որ հուլիսին իր՝ Երեւան կատարած այցելության ընթացքում այդ մասին որեւէ խոսք չի եղել` այդպիսով եւս մեկ անգամ ընդգծելով, որ Ս. Սարգսյանը եվրոպացիներին պարզ ասած «գցել է»: Եվ հետեւաբար` Հայաստանի համար որեւէ բացառություն անելու եւ Ասոցացման համաձայնագիրը մասնատելու մասին խոսք անգամ չի կարող լինել: «ԵՄ հետեւողական  դիրքորոշումն այն է, որ քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրացումը պետք է առաջ ընթանան միաժամանակ` հանդիսանալով Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասերը: Այդ պատճառով մենք չենք կարող առանձնացնել համաձայնագրի այս երկու կարեւորագույն բաղադրիչները»,-հստակ ասել է Ֆյուլեն: Թե այսքանից հետո այսօր ընթացող Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում ԵՄ ներկայացուցիչներն ինչ են քննարկելու ՀՀ իշխանությունների հետ, դժվար է ասել, սակայն  որ Հայաստանին նման վարքագիծը հեշտ չի ներվի, ակնհայտ է: Եվ այսօր արդեն ՀՀԿ-ի` մինչեւ բոլորովին վերջերս եվրոպամետ թեւի շուրթերից հնչող կշտամբանքներն առ այն, որ Եվրոպան բավարար ջանքեր չգործադրեց Հայաստանին առավելագույնս Ռուսաստանի ճնշումներից ապահովագրելու ուղղությամբ, ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքական վերնախավում եվրաինտեգրման հետ կապված  սպասելիքներ այլեւս չկան:




Լրահոս