ԵՐԿՐԻՑ ԳՆԱՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները դեռ շարունակում են պահանջել իրենց` ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերը: «Արմավիա»-ի նախկին ինժեներ Գառնիկը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ անցյալ շաբաթ 40 ինժեներներից ընդամենը 14-ն է ստացել անցած տարվա նոյեմբերի աշխատավարձը: Նրա խոսքով՝ ընկերությունից խոստացել են մեկուկես ամսվա ընթացքում վճարել բոլոր աշխատակիցների աշխատավարձերը: Ի դեպ, զրույցի ավարտին Գառնիկը հայտնեց, որ այս ընթացքում ինժեներներից 10-ը Մոսկվայում եւ աֆրիկյան պետություններում են աշխատում, իսկ վերջերս վեց ինժեներ մեկնել են Ղազախստան, շուտով կմեկնի նաեւ 7-րդը, չորսն էլ իրենց ինքնակենսագրականն են ուղարկել եւ սպասում են պատասխանի: «Բորտուղեկցորդուհիներից 10-ը Ղազախստանում են աշխատում, իսկ օդաչուներից էլ համարյա մարդ չի մնացել»,-լրացրեց Գառնիկը:
Հիշեցնենք, որ սնանկացման եզրին հայտնված ու իր գործունեությունը դադարեցրած «Արմավիա»-ն հայտարարել էր, որ կշարունակի վճարել նախկին աշխատակիցների աշխատավարձերն այն ժամանակ, երբ «Ավիա սերվիս»-ը վճարի «Արմավիա»-ին ունեցած իր պարտքը: Սակայն պարզվում է` «Ավիա սերվիս»-ը վաղուց վճարել է այդ պարտքը, իսկ «Արմավիա»-ն շարունակում է մարդկանց խաբել: Հիշեցնենք, որ «Արմավիա»-ն հսկայական պարտքեր ունի նաեւ ՀՀ պետական բյուջեին ու մի շարք օտարերկրյա կազմակերպությունների:




Լրահոս