Հայոց ցեղասպանության տարիներին ոչնչացվեց հայ արական բնակչության 90 տոկոսը. Օզդեմիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական ծագում ունեցող Գերմանիայի քաղաքացիների շրջանում այսօր առաջանում են շատ հարցեր, որոնց պատասխանը հնարավոր չէ գտնել Թուրքիայի դասագրքերում: Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին քննարկումների ժամանակ իր ելույթում այս մասին խոսեց Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը` նշելով, որ իրենք ցանկանում են, որ թուրքական ապագա սերունդները կարողանան Թուրքիայի պատմության դասագրքերի միջոցով ունենալ մի պատկեր, որը սև ու սպիտակ չի լինի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, Օզդեմիրը, անդրադառնալով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, նշեց, որ այդ տարիներին ոչնչացվեց արական բնակչության 90 տոկոսը: «Գործընկերության զգացումից ելնելով` մենք պատասխանատվություն ունենք հայերին ու թուրքերին հաշտեցման դրդելու հարցում: Մենք ցանկացնում ենք քաջալերել նրանց, ովքեր ցանկանում են հարցեր տալ անցյալի վերաբերյալ»,­ ասաց Կանաչների կուսակցության համանախագահը: Նա ընդգծեց, որ մեր օրերում Իրաքում և Սիրիայում քրիստոնյաների դեմ վայրագություններ են տեղի ունենում այն վայրերում, որտեղ հայերը սարսափելի տեղահանություններից հետո եկել ու բնակություն էին հաստատել:

«Մենք բոլորս ուրախանում ենք, երբ Թուրքիայում եկեղեցիներ են վերանորոգվում, սակայն միևնույն ժամանակ այդ երկրում եկեղեցիներ են փակում: Ամենասարսափելին այն է, որ հայ բառն այսօր Թուրքիայում շարունակվում է օգտագործվել իբրև հայհոյանք: Ես էլ երբեմն «վայելում եմ» հայ կոչվելու պատիվը»,­ -ասաց Օզդեմիրը` նկատի ունենալով այն, թե ինչպես են շատ թուրքեր իր հայանպաստ գործունեության համար ի նշան վիրավորանքի «հայ» անվանել:

«Բունդեսթագի պատգամավորներին այսօր ոչինչ չի սպառնում իրենց կարծիքը հայտնելու համար: Հարգելի գործընկերներ, ինձ համար շատ կարևոր է գիտակցել, որ Բունդեսթագից դուրս գալուն պես չեմ ձերբակալվի, տուն հասնելուն պես չեմ իմանա, որ իմ պատգամավորական անձեռնմխելիությունը ձեռքիցս խլել են: Սակայն այդ ամենը սպառնում է այն պատգամավորներին, ովքեր Թուրքիայում ելույթ են ունենում հօգուտ հաշտեցման»,­ – այս խոսքերով Օզդեմիրը եզրափակեց իր ելույթը:




Լրահոս