ԲՀԿ-Ն ԱԶԱՏՎԵԼՈՒ Է ԱՆՑԱՆԿԱԼԻՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն առաջիկայում պատրաստվում է համագումար հրավիրել, որի ընթացքում կհայտարարվի կուսակցության ներսում կառուցվածքային լուրջ փոփոխությունների մասին:  Համագումարը, ամենայն հավանականությամբ,  տեղի կունենա աշնան կեսերին: Իսկ մինչ այդ ԲՀԿ-ում արդեն ընթանում են  համագումարի հետ կապված քննարկումները,  միայն թե բավական նեղ շրջանակով եւ հնարավորինս ծածուկ:
“Ժողովուրդ”-ին հաջողվեց որոշ մանրամասներ իմանալ այդ քննարկումներից: Ըստ մեր լավատեղյակ աղբյուրների՝ ԲՀԿ-ում մտադիր են նախ մի քանի անգամ կրճատել քաղխորհրդի անդամների թիվը, որն այսօր հասնում է  200-ի:  Ընդ որում, ծրագրված է, որ քաղխորհրդից դուրս են մնալու “կոնֆորմիստները”` ԲՀԿ-ի գործարար հատվածն ու նրանք, ովքեր այս կամ այն կերպ կապված են իշխանությունների հետ: Ըստ մեր աղբյուրի՝ ԲՀԿ-ն այսպես որոշել է մաքրել առնվազն կուսակցության ղեկավար կազմը:
Բացի այդ, մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվում է ԲՀԿ-ում նախագահությանը կից խորհուրդ ստեղծելու հարցը: Ցանկություն կա, որ այն կազմված լինի քաղխորհրդի անդամներից, բայց ավելի փոքր թվաքանակով: Ճիշտ այնպես, ինչպես այսօր ՀՀԿ գործադիր մարմինն է: Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի է` ԲՀԿ-ականները խոսում են քաղխորհրդի անդամներից օպերատիվ հանձնախումբ ձեւավորել մասին, բայց այդ գործն այդպես էլ գլուխ չէր գալիս: Հիմա, փաստորեն, ԲՀԿ-ն այդ մարմինը ստեղծելու է համագումարի միջոցով:
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ սպասվելիք կառուցվածքային փոփոխություններն արդեն անհանգստություն են առաջացրել կուսակցության ներսում: Եվ չի բացառվում, որ համագումարից հետո իշխանական հրահանգով կուսակցության շատ անդամներ հայտարարեն ԲՀԿ-ն լքելու մասին:
Մինչ այդ, “Ժողովուրդ”-ը զրուցեց ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ: Վերջինս, չհերքելով համագումարի անցկացման մտադրությունը, ասաց, թե դա պայմանավորված է “Կուսակցությունների մասին” ՀՀ օրենքով, համաձայն որի` առնվազն երկու տարին մեկ անգամ կուսակցությունը պետք է համագումար հրավիրի: Իսկ ԲՀԿ վերջին համագումարը տեղի է ունեցել 2012թ. մարտին: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ում սպասվող կառուցվածքային փոփոխություններին, Ուրիխանյանն ասաց. “Համագումարները մեզ համար երբեք ինքնանպատակ չեն լինում, եւ անգամ օրենքի պահանջի ժամկետներում անցկացվող համագումարներում քննարկվելու են կարեւորագույն հարցեր, այդ թվում` կուսակցության գործունեության վերաբերյալ”:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 616 համար




Լրահոս