ԱՐԺԱՆԻ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցավ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրաժեշտի «սրտաճմլիկ» արարողությունը: Իրենց նախկին ղեկավարին հրաժեշտ տալու համար հավաքվել էին դատախազության համակարգի աշխատակիցները: Նախքան շենքից դուրս գալը Հովսեփյանը սեղմեց դատախազության անվտանգության աշխատակցի ձեռքը, այնուհետեւ դուրս գալուց առաջ համբուրեց դատախազության դուռը, ձեռքերը միացրեց, ինչպես աղոթքի ժամանակ, խոնարհվեց ու մոտեցավ դատախազության աշխատակիցներին: Այդքան հուզիչ  հրաժեշտից հետո նախկին դատախազը հանեց պիջակն ու քայլելով գնաց տուն:
Իսկ մինչ իր պաշտոնին հրաժեշտ տալը Աղվան Հովսեփյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ ստորագրեց ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի միջեւ կնքված թմրամիջոցների հսկողության եւ իրավական ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրի 15-րդ փոփոխությունը:
Այնուհետեւ Ա. Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը դատախազության համակարգում աշխատում է շուրջ 40 տարի, որից 15 տարին ղեկավարում է դատախազության համակարգը. «Շնորհակալ եմ Աստծուն, ճակատագրին, որ ինձ բախտ է վիճակվել իմ մասնագիտությամբ զբաղեցնել այդպիսի բարձր պաշտոն եւ ծառայել իմ պետականությանը, հայրենիքին: Այդ տարիների ընթացքում, վկա է Աստված, արել եմ ամեն ինչ, որպեսզի համակարգը կայանա, եւ բոլոր խնդիրները, որոնք դրված են եղել դատախազության առջեւ, լուծվեն արդարադատության, օրենսդրության սահմաններում»:
ՀՀ գլխավոր դատախազի փոփոխության կապակցությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանին:
-Պարո՛ն Դանիելյան, ինչպիսի՞ տրամադրություն է տիրում ՀՀ գլխավոր դատախազությունում: Կարծես գրեթե բոլոր աշխատակիցների համար անակնկալ էր Ա. Հովսեփյանի հեռանալը:
-Անկեղծ ասած, չէի ցանկանա Ձեր հարցերին պատասխանել, քանի որ այս պահին շատ հուզված եմ: Պարոն Հովսեփյանն այնպիսի աշխատանքային թիմ ուներ ձեւավորված, որ դատախազությունում շատ բնականոն աշխատանքային ընթացք է: Դատախազությունը այնպիսի կայուն պետական մարմին է, որ, հավատացնում եմ Ձեզ, որեւէ ցնցում որեւիցե պարագայում երբեք չսպասեք:
-Իսկ Ձեր կարծիքով՝ ո՞վ կարող է փոխարինել Ա. Հովսեփյանին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում:
-Այս պահին այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ դա իմ պատասխանելու խնդիրը չէ: Այսօր արժանի իրավաբաններ, իհարկե, կան: Բայց եթե անկեղծ ասեմ, ապա չեմ կարող ենթադրել, թե ով կարող է լինել ՀՀ գլխավոր դատախազ կամ ով կարող է փոխարինել պարոն Հովսեփյանին: Այդ հարցին իսկապես չեմ կարող պատասխանել: Իմ պատասխանը կլինի ոչ լիարժեք եւ ոչ ճիշտ:
-Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը համարվում է «փակ» գերատեսչություն, ու հասարակությունը շատ վատ վերաբերմունք ունի դատախազության…
-Ներողություն, Ձեզ որտեղի՞ց այդ կարծիքը, որտեղի՞ց է ստեղծվել այդ կարծրատիպը, որ դատախազությունը փակ գերատեսչություն է: 2009թ. մենք հուշագիր ստորագրեցինք հասարակական կազմակերպությունների հետ, որ հասարակական սեկտորը շփում ունենա դատախազության հետ: Այդպես չի կարելի միանշանակ որակում տալ, որ դատախազությունը փակ ստրուկտուրա է կամ կառույց: Բացարձակապես ոչ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է:
-Իսկ տեղյա՞կ եք՝  ինչ է որոշել Ա. Հովսեփյանի հետ աշխատող «թիմը». շարունակելո՞ւ է իր աշխատանքը հաջորդ դատախազի հետ, թե՞ հեռանալու է:
-Չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ յուրաքանչյուր դատախազ ինքն է որոշում իր մնալու, չմնալու…  նպատակահարմարության խնդիրը:
-Ի՞նչ եք կարծում, Ա. Հովսեփյանի հեռանալուց հետո ինչպիսի՞ն կլինի այս կառույցի հետագա «ճակատագիրը»: Այսօր այս գերատեսչությունից դժգոհությունները շատ են, հնարավոր կլինի՞ վերացնել այն թերությունները, որոնք այժմ առկա են դատախազության համակարգում:
-Երկար տարիների ընթացքում պարոն Հովսեփյանը ստեղծել է այնպիսի մի համակարգ, որ այդ համակարգը կայուն կմնա իր դիրքերում: Որեւէ արտառոց բան տեղի չի ունենալու,  դրանում համոզվա՛ծ եղեք: Իսկ մնացած հարցերի հետ կապված էլ` արդեն նշեցի, որ համակարգն ամուր հիմքերի վրա է ու այդպես էլ կշարունակի լինել:  Այսքանը:
Հ.Գ. ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես դրվել են դատախազի տեղակալ Արամ Թամազյանի վրա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս