ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀՈՒՅՍՆ ԱՍՏՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի «բանդայի գործով» տուժող ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը հույսը դրել է Աստծո վրա, որ մի օր երեւի իր տանից գողացած իրերը կհայտնաբերվեն:
Հիշեցնենք, որ 2011-ի սեպտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները վնասազերծել էին 16 հոգու: Իսկ ձերբակալված «բանդայի» պարագլուխը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Արտյուշա Հակոբյանն էր` Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ` Սուրիկ Հակոբյանի որդին: Սակայն մինչ օրս գրեթե բոլոր բանտարկվածները պնդում են, որ իրենք հանիրավի են կալանավորվել, իսկ շուրջ երկու տարի վնասազերծված ավազակախմբի գործը մինչ օրս դեռ չի բացահայտվել, գողոնն էլ հայտնաբերված չէ:

«Ժողովուրդ»-ն այս թեմայով երեկ զրուցեց գործով տուժող ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հետ:  
-Պարո՛ն Ազիզյան, արդեն երկու տարի է՝ այս գործը շարունակում է քննվել ու, ամենակարեւորը, գողոնը չկա: Ի՞նչ եք մտածում այս մասին:
-Ճիշտ է, գողոնը չկա, բայց Ազիզյանը չի ասել՝ սրանք են, գնացե՛ք, բռնե՛ք: Իրենք են իրենց գործողությունների համար բռնվել: Ձերբակալվածներին՝ Դավիթին, երբ բերեցին մեր տուն, ինքը ցույց տվեց, թե որտեղից ինչ է տարել ու նույնիսկ վերջում էլ մի հայտնագործություն արեց, որ խոհանոցից 3 մլն դրամ է վերցրել: Այսինքն՝ այստեղ կասկած չկա ու խոսք չկա, որ դա իրենք են արել:
-Լավ, ենթադրենք նրանք են կատարել այդ հանցագործությունը, բայց եթե գողոնը չկա, ինչպե՞ս եք համոզված:
-Ես այդ հարցը իրենց էլ եմ տալիս՝ լավ, բռնել եք այդ մարդկանց, իմացել եք, որ դա իրենք են արել, բա լավ, ո՞ւր է այդ գողոնը կամ ո՞վ է ուղղորդել նրանց, ո՞վ է եղել նրանց տերը: Այդ հարցերը ես էլ եմ իրենց տալիս:
-Եվ ի՞նչ են ասում Ձեզ:
-Պատասխան չկա:
-Այսինքն՝ քննության ընթացքը Ձե՞զ էլ չի գոհացնում:
-Ես քննությանը չեմ հետեւում, դատարան չեմ գնում:
-Հույսներդ կորցրե՞լ եք, այլեւս չեք էլ հետաքրքրվո՞ւմ:
-Գնամ ի՞նչ անեմ, ես վատառողջ մարդ եմ, գնամ, դրանց երեսին նայեմ, ի՞նչ անեմ: Միայն գիտեմ, որ այդ դատավորը շատ անաչառ մարդ է, իսկ ավել-պակաս որ պաշտպանները խոսում են, ուղղակի շոու են անում ամեն մեկն իր փողի համար՝ ով ինչ գեղեցիկ նախադասություն ասաց ու նման բաներ:
-Իսկ հավատո՞ւմ եք, որ գողոնը, ի վերջո, կգտնվի:
-Երիտասարդներն իրենց պատիժը կկրեն, իսկ գողոնը կհայտնաբերվի, թե չէ, ես չգիտեմ:
-Իսկ Ձեզ հասցված վնա՞սը:
-Ես իմ հույսը դրել եմ Աստծո վրա, որ դա մի օր կհայտնաբերվի, եթե ոչ այսօր, ապա դրանց դատապարտվելուց հետո դա կլինի: Ի վերջո, հո դա տարիներ շարունակ չե՞ն պահելու, վերջը մի օր այդ նկարները հանելու են վաճառքի: Կրկնում եմ՝ ես հույսս Աստծո վրա եմ դնում, որ դա մի օր կհայտնաբերվի:
-Դուք նշում եք, որ տղաների ցուցմունքները կան, բայց ձերբակալվածներից Սամվելի զոքանչը՝ Իռա Դավթյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այդ ցուցմունքներն իր փեսան գրել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրահանգով: Իբր Ալիկ Սարգսյանն ասել է, թե մի քանի գործեր կան չբացված, եւ ինքը պետք է զեկույց ներկայացնի, ու արդյունքում այս գործը տղաների «գլխին են բարդել»: Իսկ «բանդայի պարագլուխ» Արտյուշա Հակոբյանի հայրը՝ Սուրիկ Հակոբյանը, ասում է, որ Ալիկ Սարգսյանը վրեժ է լուծում իր որդուց տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպքի համար:
-Ոստիկանապետն ի՞նչ կապ ուներ դրանց հետ, որ դրանց նման բան ասեր: Իրենց ասածը պետք է լոգիկա էլ ունենա: Դուք տեսե՞լ եք մի մարդասպան, որ մարդ սպանի ու ասի՝ ես եմ արել կամ գողություն արած մարդիկ ասեն, թե իրենք են արել կամ իրենք չեն արել: Ես ո՛չ ասել եմ՝ իրենք են արել, ո՛չ էլ ասել եմ՝ իրենք չեն արել, կան մարդիկ, որոնք զբաղվել են այս գործի քննությամբ եւ իրենք գիտեն:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս