Բարեվ Երեվան խմբակցության հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցությունը սեպտեմբերի 18-ին քաղաքապետի ստորագրությամբ առաջարկություն է ստացել մասնակցելու Երևանի քաղաքապետի՝ 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 3722-Ա և 3723-Ա որոշումների կատարումն ապահովելու և Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի աշխատանքներին:
Նամակում ասված է նաև, որ առաջարկն ընդունելու դեպքում մինչև ս.թ. սեպտեմբերի 19-ը պետք է հայտնել թեկնածուի տվյալները:
Հարցը քննարկվեց ս.թ. սեպտեմբերի 18-ին կայացած խմբակցության նիստում և որոշվեց, որ խմբակցությունը չի մասնակցի վերոնշյալ որոշումների կատարումն ապահովելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև.
1. Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը բարձրացնելու վերաբերյալ որոշումները ոչ իրավաչափ են և կայացվել են մի շարք օրենքերի խախտումով և կիրառությամբ ու մեկնաբանությամբ, իսկ հիմքում դրված փաստաթղթերը պարունակում են կեղծիք,
2. քաղաքապետի վերոնշյալ առաջարկ-նամակում ոչինչ ասված չէ այն մասին, թե որոնք են հանձնաժողով ստեղծելու իրավական հիմքերն ու այն կարգը, որով պետք է աշխատի հանձնաժողովը, և ինչպես ուղեվարձի թանկացման որոշումներն են փորձում օրինականացնել հետին թվով, այնպես էլ՝ հանձնաժողովի ստեղծումը,
3. Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի խնդիրը նպատակահար է քննարկել Երևան քաղաքում ՏԻՄ բարձրագույն մարմնի՝ ավագանու մակարդակով՝ ստեղծելով ժամանակավոր հանձնաժողով:
Հիշեցնենք, որ “Բարև Երևան” խմբակցությունը Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 3722-Ա և 3723-Ա որոշումները վիճարկելու խնդրով դիմել է ՀՀ վարչական դատարան, ընդ որում, թիվ 3722-Ա որոշումը՝ առ ոչինչ, իսկ թիվ 3723-Ա որոշումը՝անվավեր ճանաչելու պահանջով: 




Լրահոս