Ագրարային համալսարանը խախտե՞լ է գնումների գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատը նախորդ տարվա սեպտեմբերի 28-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ստուգումներ է իրականացրել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամում: ՎՊ ստուգման նպատակն է եղել պարզել, թե համալսարանը ինչպես է օգտագործում պետական բյուջեից հատկացված միջոցները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ստուգվել է գնումների գործընթացը, ինչի արդյունքում հայտնաբերվել են խախտումներ:

Ըստ ՎՊ-ի՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը պետական բյուջեից հատկացված միջոցներով իրականացված գնումների գործընթացում առանձին դեպքերում չի ապահովել «Գնումների մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի որոշման պահանջները: Իսկ մինչ այդ նշենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ 12 մլն 95 հազար 100 դրամի չափով գնում է իրականացրել, ինչի արդյունքում կնքվել է 15 պայմանագիր՝ թվով 14 տնտեսվարող սուբյեկտների հետ:

Իսկ, ահա, 2014 թվականին համալսարանը պետական բյուջեի միջոցներով իրականացրել է 83 մլն 706 հազար դրամի գնում՝ թվով 24 տնտեսվարող սուբյեկտների հետ կնքելով ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման 30 պայմանագրեր:

«Ժողովուրդ»-ին ՎՊ հաշվետվությունից հայտնի դարձավ, որ 2014 եւ 2015 թվականներին կնքված 45 պայմանագրերից 33-ի գները չեն գերազանցում գնումների բազային միավորը՝ 1 մլն դրամը: Եւ ՎՊ-ն եզրահանգման է եկել, որ համալսարանը առանձին դեպքերում չի ապահովել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները: Այսպես՝ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների նախահաշվային գների ճշտման նպատակով շուկայի ուսումնասիրություն չի իրականացվել (ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի որոշման 35.1 կետ):

Բացի այս՝ տեխնիկական բնութագրեր չեն կազմվել, կամ կազմվել են ոչ լիարժեք («Գնումների մասին» ՀՀ օրենքի 12 հոդված): Օրինակ՝ ուսանողական նստարանների վերանորոգման աշխատանքների գնման նպատակով հարցում է իրականացվել երեք կազմակերպությունների՝ առանց նշելու աշխատանքների նկարագիրը: Արդյունքում՝ համալսարանի եւ «Գործ-555» ՓԲԸ-ի միջեւ 2014 թվականի օգոստոսի 11-ին կնքվել է 4 մլն 876 հազար դրամի պայմանագիր:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գնումն իրականացվել է բանակցային ընթացակարգով այն դեպքում, երբ գնման առարկայի նախահաշվային գինը գերազանցել է գնումների բազային միավորը («Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մաս): Օրինակ՝ համալսարանի եւ «Սմարթ» ՍՊԸ-ի միջեւ 2014 թվականի դեկտեմբերի 5-ին կնքվել է 12 մլն 325 հազար դրամի համակարգչային տեխնիկայի մատակարարման պայմանագիր:

Իսկ, ահա, ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի որոշման 13-րդ կետի համաձայն՝ գնահատող հանձնաժողովի անդամը պետք է ունենա մասնակիցների որակավորումը եւ առաջարկները գնահատելու համար պահանջվող մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է գնման առարկային համապատասխան:

Սակայն այս դեպքում գնահատող հանձնաժողովը չի ձեւավորվել համապատասխան մասնագետներից: Այսպիսի օրինակ է ուսումնա-արտադրական բազայի շինարարական աշխատանքների կատարման գնման կազմակերպման նպատակով ձեւավորված գնահատող հանձնաժողովի դեպքը: Ինչի արդյունքում համալսարանի եւ Ա/Ձ Վադիմ Բեգլարյանի միջեւ 2015 թվականի հունիսի 1-ին կնքվել է 40 մլն դրամի պայմանագիր:

Բացի այս՝ ՎՊ հաշվետվությամբ պարզ է դարձել, որ համալսարանը չի ապահովել «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4.1 կետով նախատեսված վճարովի համակարգում սովորողների ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար սահմանված չափերը:

Նաեւ սահմանված չեն եղել բյուջետային միջոցների նախատեսման հաշվարկում ներառվող համալսարանի ղեկավար, վարչական, տնտեսական, ուսումնաօժանդակ եւ այլ անձնակազմի հաստիքային միավորների նորմատիվները: Եւ սա այն դեպքում, երբ դրանց համար հաշվարկված ֆինանսական միջոցները (աշխատավարձի ֆոնդ) կազմում են նախատեսվող միջոցների 75 տոկոսից ավելին: Ըստ ՎՊ-ի՝ համալսարանի կողմից հաշվետվության գործող ձեւում նախատեսված ոչ բոլոր տվյալներն են լրացվում: Մասնավորապես համալսարանի ղեկավար, վարչական, տնտեսական, ուսումնաօժանդակ եւ այլ անձնակազմի հաստիքային միավորների թիվը, դրանց աշխատավարձի ֆոնդը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանի հետ, ով փոխանցեց, որ ՎՊ ուսումնասիրության հետ կապված համալսարանը իր հիմնավորումները եւ պարզաբանումները ներկայացրել է ՎՊ, ինչպես նաեւ կրթության եւ գիտության նախարարություն: «Խախտումներ չեն արձանագրվել: Օրինակ՝ շինարարության համար հանձնաժողվի անդամը պետք է մասնագետ լինի, բայց եթե մենք ունենք շինարարական կրթության լիցենզիա, ինչու դրսից մասնագետ հրավիրեմ: Ճչացող չեն եղել թերությունները, նույնիսկ գնումների խախտումներ չեն եղել»,- հավաստիացրեց պրոռեկտորը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս