ՕԵԿ-ը վիճելի շինությունը կառուցել-ավարտել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ-ի եւ ՀՀ ագրարային համալսարանի միջեւ դատական վեճը շարունակվում է: Հիշեցնենք, որ համալսարանն ու կուսակցությունը վիճարկում են 262 քմ տարածքը, որի վրա ՕԵԿ կուսակցությունը սկսել էր կառուցապատման աշխատանքներ իրականացնել: Տեւական ժամանակ շարունակվող բախումներիրց եւ լարվածությունից հետո հարցի` դատական կարգով հանգուցալուծումը դեռեւս մոտ չէ, եւ առայժմ մինչեւ վերջ պարզ չէ, թե ով է ճիշտ, ով` սխալ:

Բանն այն է, որ վիճարկվող տարածքի նկատմամբ սեփականության իրավունք է տրվել ոչ միայն Հայաստանի պետական ագրարային համալսարանին, այլեւ «Օրինաց երկիր» կուսակցությանը: Եթե համալսարանին տարածքը տրվել է կառավարության որոշմամբ, ապա ՕԵկ-ը 262 քմ տարածքին տեր է դարձել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի շնորհիվ: Արդյունքում` ագրարային համալսարանը դատարան է դիմել՝ վիճարկելու Երվանդ Զախարյանի որոշումը:

Հիշեցնենք, որ 2006 թ. դեկտեմբերի 28-ին ագրարային համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կողմից կառուցված ինքնակամ շինությունները ճանաչվել էին պետական սեփականություն եւ կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել համալսարանին: Սակայն 2008 թվականի նոյեմբերին նախկին քաղաքապետ Զախարյանը, ով հիմա էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն է, անտեսելով կառավարության որոշումը, ՕԵԿ-ին սեփականության իրավունքով հանձնել է շինության մի հատվածը եւ կից հողատարածքը: Ի դեպ, նշենք, որ գործող օրենսդրությամբ քաղաքապետարանն այդպիսի լիազորություններ չունի: Պետական գույքի կարգավիճակի փոփոխություն կարող է իրականացնել միայն ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ:
Երկու կողմերի միջեւ բուռն վեճը սկսվեց այն ժամանակ, երբ այս տարվա մայիսին ՕԵԿ-ը ցանկապատեց տարածքը եւ սկսեց շինարարական աշխատանքները: Ընդ որում, համալսարանի ղեկավարության պնդմամբ՝ ՕԵԿ-ն իրեն իրավունք է վերապահել 262 քմ-ի փոխարեն կրկնակի ավել` միանգամից 452 քմ տարածք կառուցապատել: Թեեւ հավելյալ տարածքը համալսարանում չեն վիճարկում, դա իսկապես ՕԵԿ-ինն է. վիճելին նշված 262 քմ-ն է:

Այսպիսով՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ամիսներ առաջ ՕԵԿ-ին արգելեց իրականացնել որեւէ շինարարական աշխատանք, բացի համալսարանի ավտոտեխսպասարկման կայանի՝ իր կողմից քանդված տանիքի վերականգնումից: Բայց ՕԵԿ-ը ոչ միայն անտեսեց դատարանի որոշումը, այլեւ մի քանի օրվա ընթացքում, հիմնականում գիշերային ժամերին, վիճահարույց տարածքում կառուցեց շինություն` չունենալով նախագիծ եւ շինթույլտվություն:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մոտ օրերս Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորն իր աշխատակիցների հետ գնացել է տեղազննման: Սակայն դատավորի եզրակացությունն այս հարցի շուրջ պարզ կլինի միայն նոյեմբերի 4-ի դատական նիստին: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ վարչական դատարանում այժմ քննվում է այն հարցը, թե Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը Տերյան 74 եւ Աբովյան 43/1 հասցեներում գտնվող վիճարկելի տարածքների ո՞ր հատվածը ո՞ւմ է հատկացրել: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեղազննման ժամանակ ՕԵԿ ներկայացուցիչը փորձել է դատավորին թյուրիմացության մեջ գցել՝ տեղանքը ներկայացնելով այնպես, իբր վիճարկելի տարածքներն իրենց են պատկանում:

Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նկատեց. «ՕԵԿ-ը շենք է կառուցել այն տարածքում, որը մենք վիճարկում ենք: Այդ տարածքը նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը 2008 թվականին, առանց մեզ հետ խորհրդակցելու, վերցրել է եւ հատկացրել ՕԵԿ-ին: Նշեմ, որ ավելի ուշ քաղաքապետարանը երկու անգամ իրենց տույժի է ենթարկել՝ այդ տարածքում ապօրինի շինարարություն իրականացնելու համար»:

Պրոռեկտորն ընդգծեց, որ ագրարային համալսարանի տնօրինությունը շարունակում է պահանջել, որ չեղյալ համարվի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի՝ 2008 թվականին կայացրած որոշումը: Նրա փոխանցմամբ՝ այս ընթացքում ՕԵԿ-ն այդ տարածքում շինարարական աշխատանքներն ավարտել է եւ անցել ներքին հարդարման աշխատանքներին: Թե հատկապես ինչ է կատարվում շինության ներսում, պրոռեկտորը դժվարացավ ասել: Չի բացառվում, որ առաջիկայում այս հարցի շուրջ բախվեն նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ կառավարության շահերը: Հետաքրքիր է, թե ի վերջո ինչ լուծում կստանա այս հարցը:

Ի դեպ, զրույցի ավարտին համալսարանի պրոռեկտորը տեղեկացրեց, որ ՕԵԿ-ի շինարարներն այնպես են կառուցել վիճելի տարածքի ապօրինի շինությունը, որ տանիքը հայտնվել է համալսարանի կողմում, ինչի արդյունքում անձրեւաջրերը թափվում են համալսարանի ավտոտնակների վրա:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ նաեւ ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել՝ խորհուրդ տալով դիմել ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանին: Իսկ վերջինս էլ ողջ օրվա ընթացքում չպատասխանեց մեր զանգերին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս