ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹՈՇԱԿՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարել է, որ  ազատամարտիկների սոցիալական խնդիրները մինչեւ տարեվերջ լուծվելու են: «Այսօր ուսումնասիրություններ ենք անում օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ եւ համապատասխան հաշվարկներ տանում, որ հաշվառենք պատերազմի բոլոր մասնակիցներին, եւ նրանք լինեն միասնական դաշտում: Հաշվառման աշխատանքները ծավալուն են, եւ մինչեւ այս տարեվերջ ու հաջորդ տարեսկիզբ իր վերջնագծին կհասցնենք: Մնում է, որ մեր մարտական ընկերները կարողանան հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը՝ այդ կարգավիճակը ստանալու համար: ԶՈՒ զորացրված զինծառայողների կենսաթոշակային խնդիրներն արդեն հաշվառման փուլի ավարտին են, եւ կարծում եմ` այդ հաշվառման հիմքում ընկած են լինելու այնպիսի գործակիցներ, որ կբերեն կենսաթոշակների որոշ չափով ավելացմանը: Այսօր չեմ կարող ասել չափը, բայց կավելանան»,-«Առավոտ»-ին ասել է նախարարը:

ԳԵՅ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Մեքսիկայի  Ֆրեսնիլյո քաղաքում նախօրեին տեղի է ունեցել առաջին միասեռական քաղաքապետի` Բենիամին Մեդրանոյի երդմնակալության արարողությունը: Նա իր  նախընտրական քարոզարշավի ժամանակ բացահայտ հայտարարել է իր միասեռականության մասին` նշելով, որ մտադիր չէ ամուսնանալ տղամարդու հետ: Նորընտիր քաղաքապետը, որը նախկին երգիչ է, նաեւ քաղաքի առաջին գեյ բարի հիմնադիրն է:  

ԾԵԾՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Հայտնի է դարձել օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը` ժամը 01:30-ին, «Արարատ» հյուրանոցի մոտ քաղաքացիական ակտիվիստներ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկողների ինքնությունը: Ոստիկանությունը պարզել է, որ նրանց ծեծի են ենթարկել եւ վնասվածքներ պատճառել Երեւանի բնակիչներ 25-ամյա Ս. Բաբայանը եւ 39-ամյա Ս. Փուրտոյանը, որոնք ներկայացել են բաժին ու տվել խոստովանական ցուցմունքներ:

ՓՈՇՈՏ ԵՐԵՎԱՆ
Երեւանի տարածքում գործող 29 բաց քարհանքերը եւ չընդհատվող շինարարությունը փոշոտում եւ աղտոտում են քաղաքի օդը: Այս մասին երեկ ահազանգել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը: Նա նշել է, որ ցերեկային ժամերին ազոտի միացումները, ինչպես նաեւ CO2-ը կարող են թույլատրելի սահմանը գերազանցել 9 անգամ, իսկ առավոտյան ժամերին` 2-3: «Աշխարհի բոլոր քաղաքները մտածում են` ինչպես կրճատեն արտանետումները, իսկ Երեւանի իշխանությունները չեն էլ մտածում այդ մասին»,-ընդգծել է փորձագետը:




Լրահոս