13 ՏԱՐԻ ԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս սեպտեմբերի 12-ին ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել: Պաշտոնապես հայտարարվեց, որ նա աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու նպատակով: Սակայն «Ժողովուրդ»-ը, Ա. Հովհաննիսյանի ազատման հետ կապված, այլ տեղեկություններ ունի, որոնց շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք  հենց իրեն:
-Պարո՛ն Հովհաննիսյան, «Ժողովուրդ»-ը տեղեկություններ ունի, որ Դուք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ լուրջ ընդհարում եք ունեցել, ինչի պատճառով էլ որոշել եք ԱԺ-ից հեռանալ: Ինչո՞ւ նման որոշում կայացրիք եւ արդյո՞ք ճի՞շտ են այդ տեղեկությունները:
-Բացարձակապես: Ես ընդհանրապես շատ վաղուց ունեի նման մտադրություն՝ աշխատանքս փոխելու, որովհետեւ, հավատացե՛ք, 20 տարի անընդհատ նույն շենքում աշխատել, նամանավանդ 13 տարի արարողակարգի վարչությունում, բավական շատ էր, ու ես վաղուց էի նման որոշում կայացրել: Քանի որ այս ընթացքում էլ աշխատանքի մի քանի առաջարկ  եմ ստացել, որոշեցի, որ երեւի արդեն պետք է փոխել աշխատանքի ոլորտը: Շուտով ամեն ինչ պարզ կլինի, քանի որ ես ինքս եմ որոշել այլ աշխատանքի տեղափոխվել:
-Բայց նշվում է, որ Ձեր` դիմում գրելու պատճառը ԱԺ նախագահի վատ վերաբերմունքն է եղել…
-Ո՛չ, վստահ ասում եմ Ձեզ, որ բացարձակապես նման բան չկա:
-Ըստ ԱԺ անձնակազմից ստացված հավաստի տեղեկությունների՝ վերջին ժամանակահատվածում Հ. Աբրահամյանն ԱԺ աշխատակիցների հետ շատ կոպիտ է խոսում, անգամ վիրավորական արտահայտություններ գործածում մարդկանց հետ շփման ժամանակ:
-Ուրեմն ես նման բան չեմ զգացել:
-Այնուամենայնիվ, համառ լուրեր են պտտվում, որ Ձեր հեռացումը կապված է այն հանգամանքի հետ, որ Հ. Աբրահամյանը վերջին ժամանակներս իր աշխատակիցների հետ խոսում է «ոչխար» բառով, ու Ձեր համբերության բաժակը լցվել է, երբ նույն կերպ խոսել է նաեւ Ձեզ հետ: Դա է պատճառը, որ Դուք դիմում եք գրել ու Աբրահամյանին տեղեկացրել, որ այլեւս չեք կարող իր վերաբերմունքը հանդուրժել: Անգամ Ձեր գրած դիմումը շպրտել եք Հ. Աբրահամյանի սեղանին:
-Չկա այդպիսի բան, ես ձեզ վստահեցնում եմ: Կարող եք բոլորից հարցնել ու կտեղեկանաք, որ իրականում նման բան չի եղել: Իսկապես, եթե իրականում նման բան տեղի ունենար, ես կասեի այդ մասին, կարծում եմ՝ որեւէ բան չկա թաքցնելու: Անկեղծ եմ ասում, նման բան տեղի չի ունեցել: Ու շատ սխալ կլինի նման տեղեկություններ տարածելը: Հետաքրքիր է, թե որտեղից եք նման տեղեկություններ ստացել, ովքեր են նման բաներ պատմում, ովքեր են ցանկանում նման տեղեկություններ տարածել:
-Այժմ Ձեր եւ Հ. Աբրահամյանի փոխհարաբերություններն ինչպիսի՞ն են: Որքան էլ պնդում եք հակառակը, բայց մենք տեղեկություններ ունենք, որ Դուք շատ վրդովված եք հեռացել ԱԺ շենքից ու բոլորի ներկայությամբ հայտարարել, որ ԱԺ նախագահի հետ այլեւս անհնար է աշխատել:
-Շատ նորմալ, այսինքն՝ այս պահին որպես այդպիսին… շատ նորմալ է, որեւէ խնդիր կամ նման բան չկա:
-Գուցե Հ. Աբրահամյանը դժգո՞հ է եղել Ձեր կատարած աշխատանքից, ու ի՞նքն է Ձեզ ասել, որ հրաժարականի դիմում ներկայացնեք:
-Նման խնդիր երբեւէ չի եղել, միշտ էլ գոհ է եղել իմ աշխատանքից, ու դա զգացվել է իր վերաբերմունքից: Դա ես ձեզ վստահ եմ ասում: Տարբեր նախագահների հետ եմ աշխատել ու կարծում եմ, որ եթե նման դժգոհություն լիներ, նման խնդիր լիներ, դժվար թե ես այդքան երկար աշխատեի: Վստահեցնում եմ, որ պարոն Աբրահամյանի հետ էլ որեւէ խնդիր չի եղել:
-Այդ դեպքում կասե՞ք, թե որտեղ եք որոշել աշխատանքի անցնել:
-Այս պահին դեռեւս ինձ համար եւս հստակ չէ, քանի որ այս պահի դրությամբ մոտ երեք տարբերակի ընտրություն կա, ես դեռ պետք է հասկանամ ինձ համար ամենացանկալին եւ ամենավստահելին: Հաստատ ԱԺ-ում չի լինելու, հնարավոր է` նաեւ պետական համակարգում չլինի: Անկեղծորեն, վաղուց ցանկանում էի շատ կտրուկ աշխատանքիս վայրը փոխել: Հավատացե՛ք, որ իսկապես 13 տարի նույն համակարգում աշխատելը շատ-շատ է: Այդ ընթացքում դու արդեն կորցնում ես ինչ-որ բաներ, որը ճիշտ չէ, լավ չէ: Ուղղակի անընդհատ մեկնաբանվում է, որ ես հեռացել եմ, բայց ավելի ճիշտ կլինի ասել, որ ես որոշել եմ փոխել աշխատանքս: Հավատացե՛ք, այլ բան չկա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս