ՀԻՄԱ ՆՈՒՅՆԻՍԿ ԿՂԶՅԱԿԸ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունների սիրած թեմաներից է խոսել իրենց հերոսական ջանքերի շնորհիվ տնտեսության բնագավառում գրանցած նվաճումների մասին: Եթե հավատալու լինենք Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին, ապա Հայաստանի տնտեսությունն աճում ու զարգանում է ոչ թե օր օրի, այլ՝ ժամ առ ժամ: Բայց սա միայն ՀՀ իշխանությունների կարծիքով: Իսկ իրականում տնտեսական այդ ցուցանիշները մանիպուլյացիաների հետեւանք են:
Անգամ եթե տնտեսության մեջ որոշակի դրական տեղաշարժեր էլ կան, ապա դրանք այնքան քիչ են, որ այդ մասին չարժե նույնիսկ խոսել, որովհետեւ այդ բոլոր ցուցանիշները պետք է դիտարկել առնվազն հարեւան երկրների նույն ցուցանիշների համեմատության մեջ: Այս առումով Հայաստանն իր տնտեսական ցուցանիշներով զիջում է ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Վրաստանին, էլ չենք ասում Թուրքիայի մասին: Այնպես որ, հայաստանյան տնտեսության թշվառ վիճակն ավելի ակնհայտ է երեւում Հարավային Կովկասի մյուս երկրների հետ համեմատած:
Վերցնենք, օրինակ, առեւտրի ցուցանիշները: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանի արտահանումն ու ներմուծումը տարեցտարի ավելանում են: Օրինակ՝ 2011թ. ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 5 մլրդ 480 մլն դոլար, իսկ 2012թ.՝ 5 մլրդ 695 մլն: Ինչպես նկատեցիք՝ տարբերությունն առանձնապես մեծ չէ: Սակայն, ըստ թվային արտահայտության, որոշակի աճ, այնուամենայնիվ, կա:
Համեմատության համար բերենք հարեւան Վրաստանի օրինակը: Այստեղ 2011թ. արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 9 մլրդ 247 մլն դոլար, իսկ 2012թ.՝ 10 մլրդ 220 մլն դոլար: Ինչպես տեսնում եք՝ աճը նկատելի է՝ մոտ 1 մլրդ դոլարի չափով: Այնինչ մեզ մոտ աճը մոտ ութ անգամ պակաս է Վրաստանից. մեզ մոտ այսպես կոչված աճը տարեկան հազիվ 2 մլն դոլարի չափով է: Ու եթե այս տվյալները համեմատում ես ընդհանուր համատեքստում, ապա իրավիճակը չի խոսում Հայաստանի լավ դրության մասին:
Համեմատության համար որպես օրինակ բերենք նաեւ մյուս հարեւան երկրին. Ադրբեջանում 2012թ. արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է: Եւ այսպես՝ ըստ այդ երկրի վիճակագրական ծառայության՝ 2011թ. առեւտրաշրջանառությունը կազմել է 36,3 մլրդ դոլար, իսկ 2012թ. 33,5 մլրդ դոլար: Սակայն 2010թ. կամ ավելի վաղ տարիների համեմատությամբ Ադրբեջանում արտաքին առեւտրաշրջանառությունը 2011թ. սկսած կտրուկ աճել է: 2010թ. այնտեղ արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 28մլրդ դոլար, իսկ հաջորդ տարի հասել է 36,3-ի: Հավանաբար այս թվերն էին, որ ժամանակին Սերժ Սարգսյանին հիմք էին տվել ՀՀ ԱԱԽ նիստում հայտարարել Ադրբեջանի մոտալուտ ֆիասկոյի մասին: Իսկ եթե լուրջ, ապա շնորհիվ նավթի եւ գազի, Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը մի քանի անգամ գերազանցում է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Վրաստանի ցուցանիշները:
Հայաստանն Ադրբեջանին ու Վրաստանին զիջել է նաեւ նախկինում, նույնիսկ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում այդ երկրներում գրանցված անկումից հետո:
Եւս մեկ ուշագրավ փաստ: Ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ 2011թ. Հայաստանից արտահանվել է 1 մլրդ 334 մլն 338,8 հազար դոլարի ապրանք, եւ ներմուծվել 4 մլրդ 145 մլն 332 հազար դոլարի ապրանք: Մեկ տարի անց՝ 2012թ., արտահանվել է 1մլրդ 428 մլն 100 հազար դոլարի, եւ ներմուծվել 4մլրդ 266 մլն 800 հազար դոլարի ապրանք: Ինչպես նկատեցիք՝ տարբերությունն առանձնապես մեծ չէ: Հարեւան Վրաստանը 2011թ. արտահանել է 2,189 մլրդ, եւ ներմուծել 7,58 մլրդ դոլարի ապրանք, իսկ հաջորդ տարի այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար՝ 2,377 մլրդ եւ 7,84 մլրդ դոլար: Ադրբեջանում հատկապես արտահանման ցուցանիշները մի քանի անգամ գերազանցում են ներմուծման ցուցանիշները: Ըստ այդմ՝ 2011թ. արտահանվել է մոտ 26,5 մլրդ դոլարի եւ ներկրվել 9,7 մլրդ դոլարի ապրանք: 2012թ. այդ թիվը կազմել է արտահանման դեպքում 23,9 մլրդ եւ ներկրման դեպքում՝ 9,6 մլրդ դոլար: Հասկանալի է՝ նման պատկեր ստեղծվել է նախեւառաջ գազի ու նավթի շնորհիվ: Իսկ ի՞նչ ունեն քմենք հակադրելու ադրբեջանական գազին ու նավթին: 1990-ականների սկզբին դա Հայաստանի ժողովրդավարությունն էր, երբ մեր երկիրը համարում էին ժողովրդավարության կղզյակ: Բայց դա արդեն անցյալում է: Հիմա նույնիսկ ժողովրդավարության կղզյակը չկա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս