ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊՈՒՏԻՆԻ ՆՈՐ ՊՐՈԵԿՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մայիսի 31-ին մասնակցելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, նշել է, որ ԵՏՄ միացյալ տեղեկատվական տարածությունը լավ գաղափար է, եւ խնդրել հանձնաժողովին այդ կապակցությամբ առաջարկություն ներկայացնել:

Անշուշտ, տեղեկատվությունը կարեւորագույն ռազմավարական նշանակություն ունի ցանկացած կառույցի քաղաքականության մշակման համար: Այն ապահովում է արդյունավետ ֆունկցիոնալ եւ ինտեգրացիոն մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս խթանելու ադապտացիոն գործընթացը նոր փոփոխվող իրականության նկատմամբ: Վլադիմիր Պուտինի եւ նրա շրջապատի համար ակնհայտ է դարձել, որ իր նախաձեռնությամբ ստեղծված տնտեսա-քաղաքական միավորները չեն դիմանում արեւմտյան նույնանման միավորների հետ մրցակցությանը նաեւ տեղեկատվական դաշտում: Բացի այդ՝ ԵՏՄ-ն չի կարողանում իր գործառնականությունն առավել արդյունավետ կյանքի կոչել, քանի որ անդամ-պետությունների մոտ բացակայում է միասնական դիրքորոշումը այս կամ այն հարցի նկատմամբ:
Իսկ միասնական տեղեկատվական տարածությունը նպաստում է որոշակի գաղափարական բազա ստեղծելուն, որն իրենով դառնում է մոբիլիզացնող գործոն: Հետեւաբար, Կրեմլը փորձում է լրացնել այդ բացը, եւ ինֆորմացիոն դաշտի ստեղծմամբ այդ երկրներին ու դրանց քաղաքացիներին համախմբել իր շուրջը: Միեւնույն ժամանակ միասնական տեղեկատվական համակարգն իրենով դառնալու է կանխարգելող գործոն, որը թույլ չի տալու արեւմտյան տեղեկատվության տարածում ԵՏՄ -ում:
Քանի որ արեւմտյան գաղափարները, կենսակերպը, արժեհամակարգը, պետական ու հասարակական կյանքի կազմակերպման ձեւերն ավելի գրավիչ են, դրանք ունենում են ներգործող ազդեցություն ոչ միայն էլիտաների, այլեւ հասարակ քաղաքացիների գիտակցության ու վարքի վրա: Այստեղից էլ ավելի պարզ է դառնում Մոսկվայի մտահոգությունն ու նման նախաձեռնության բուն իմաստը: Բնական է, որ արդյունավետ տեղեկատվական դաշտի համար, նախ, անհրաժեշտ է ստեղծել գրավիչ գաղափաներ, օրինակ՝ ինչպիսին է հենց ազատականացումը՝ լիբերալիզմը, այնուհետ պետք է ստեղծել այնպիսի ինստիտուտներ, որոնք կգործեն միանման հենքով, օրինակ՝ օրենսդրության մոտարկում: Այս նպատակի կյանքի կոչման համար էլ Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ պետք է այս տարի մշակել ճանապարհային քարտեզ, որը վերաբերելու է ծառայությունների, առեւտրի ազատականացմանը, ինչպես նաեւ՝ պետք է միասնականացնել օրենսդրությունը շինարարության եւ տուրիզմի ոլորտում: Սակայն կրեմլյան գործիչները լավ են պատկերացնում, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ բացահայտ մրցակցային դիրքորոշումը Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ, որոնք միջազգային ինտեգրացիոն ծրագրերի իրականացման հաջողված փորձ ունեն, տիրապետում են հսկայական տեղեկատվական, ֆինանսական ու դիվանագիտական ռեսուրսների եւ այլն: Բացահայտ մրցակցությունն այս պայմաններում կարող է շատ արագ հասցնել նոր ստեղծվող կառույցների ու գաղափարների կապիտուլյացիայի, ուրեմն պետք է զգուշորեն գործել:
Այս նկատառումներից ելնելով էլ, հավանաբար, Պուտինը ողջունել է ղազախ գործընկերների նախաձեռնությունը, որը վերաբերում է ԵՏՄ-ԵՄ փոխհարաբերությունների հարթեցմանն ուղղված միջազգային համաժողովի անցկացմանը: ՌԴ նախագահը, փաստորեն, Արեւմուտքին փորձում է հեռու պահել ԵՏՄ տարածության նկատմամբ տեղեկատվական գրոհներից, որը թույլ կտա ժամանակ շահել, մինչեւ ստեղծվեն միացյալ տեղեկատվական տարածության համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական եւ այլ պայմանները:
Արդյո՞ք Ռուսաստանը կկարողանա չեզոքացնել Վաշինգտոնի ու Բրյուսելի կողմից իր նկատմամբ վարվող ճնշման քաղաքականությունը, ցույց կտա ժամանակը: Բայց ակնհայտ է դառնում, որ մոսկովյան ստրատեգներն այլեւս հստակ պատկերացնում ու կանխատեսում են միայնակ ու կամային քաղաքականության բացասական հետեւանքներն ու այն փոփոխության ենթարկելու անհրաժեշտությունը:
Իսկ Հայաստանը պետք է հնարավորինս լավ պատրաստվի աշխարհաքաղաքական նոր իրողություններին, այնպես որ չտուժեն ԵՄ հետ մեր հարաբերություններում ձեռքբերված պայմանավորվածությունները թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ արժեհամակարգային առումներով՝ չկորցնելով գործընկերային վստահությունը: Մանավանդ, որ Սերժ Սարգսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ վերստին հավաստիացրեց, թե Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է:

ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 
50 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՎԵՑ

Լուսաձոր գյուղի բնակիչ, 1969թ. ծնված Վիգեն Մատինյանը 2015թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Լուսաձոր գյուղի հարակից տարածքում, իրեն պատկանող ցորենի արտում բռնկված հրդեհի ժամանակ, գտնվելով հոգեկան լարված վիճակում, նկատել է հրդեհի վայրից հեռացող եւ օգնություն ցուցաբերելուց խուսափող Անդրանիկ Մելիքսեթյանին եւ մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավարությամբ ձեռքերով եւ ոտքերով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության կարճատեւ քայքայումով մարմնական վնասվածք:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ նշված օրը Լուսաձորում ցորենի արտի հրդեհը հանգցնելու համար Իջեւանից այդ գյուղ է ժամանել հրշեջ խմբի հրամանատար Ա. Մելիքսեթյանը, նա ավտոմեքենա նստելով՝ ցանկացել է առաջ գնալ՝ տեսնելու համար, թե հրշեջ մեքենան ո՞ւր է հասել, մոտենո՞ւմ է վառվող արտին: Հոգեկան հուզմունքի մեջ գտնվող Վ. Մատինյանն էլ կարծելով, որ նա չի ցանկանում արտը հանգցնելու համար իրեն օգնել, հեռանում է, նրան հարվածներ է հասցրել: Լուսաձոր համայնքի ավագանու անդամ Վ. Մատինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախկինում չդատված Վիգեն Մատինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջության այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ): Սույն հոդվածով բնութագրվող արարքի համար նախատեսված է 50-150 հազար դրամ տուգանք կամ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանք: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության (2015թ. այդ նախարարությունները մեկ կառույց էին) ինտերնետային կայքը ոչ մի տեղեկություն չհաղորդեց արտակարգ այդ դեպքի մասին: Դատարան ուղարկված քրեական գործում Անդրանիկ Մելիքսեթյանը ներկայացված է ոչ թե որպես Իջեւանի հրշեջ խմբի հրամանատար, փոխգնդապետ, այլ Գանձաքար գյուղի բնակիչ: Վ. Մատինյանը միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, դատարանն այդ միջնորդությունը բավարարել է: Մայիսի 31-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Վ. Մատինյանին դատապարտել է 50 հազար դրամ տուգանքի: Դատարանը հաշվի է առել, որ նա վատառողջ է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն կտա «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ներկայումս ՀՀ եւ Չինաստանի միջեւ քաղաքացիական ավիացիայի ոլորտում հարաբերությունների կանոնակարգման նպատակով գործում է «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ «Քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ» համաձայնագիրը, որը կնքվել է 1996 թվականի մայիսի 5-ին եւ 1997 թվականի հուլիսի 11-ին ուժի մեջ է մտել:
Գործող համաձայնագրի նոր խմբագրությամբ նախատեսվում է վերացնել նշանակվող ավիաընկերությունների քանակի եւ նրանց կողմից առաջարկվող տարողության, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների, սակագների սահմանափակումները: Բացի այս՝ նախատեսվում է ավիաընկերությունների միջեւ ավելացնել նաեւ արդար եւ հավասար մրցակցության ապահովման, վկայականների եւ լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ: Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ կստեղծվեն ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ երթուղիների սպասարկման համար:

 

 

ՀԵՇՏԱՑՎՈՒՄ Է
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն կտա նաեւ «ՀՀ եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրին: Հիշեցնենք, որ «ՀՀ եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2016 փետրվարի 29-ին, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին 180 օր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով որոշակի նպատակներով Շվեյցարիայում գտնվելու համար: Եթե Հայաստանը վերականգնի վիզայի պահանջները Շվեյցարիայի քաղաքացիների կամ որոշ կատեգորիաների համար, ապա նույն դյուրացումները, որոնք համաձայնագրով շնորհվել են ՀՀ քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա, կկիրառվեն Շվեյցարիայի համապատասխան քաղաքացիների նկատմամբ: Համաձայնագրով նախատեսված վիզայի տրամադրման դյուրացումները ՀՀ քաղաքացիների համար կիրառվում են այնքանով, որքանով նրանք ազատված չեն վիզայի պահանջից Շվեյցարիայի ազգային օրենսդրությամբ, վերը նշված համաձայնագրով կամ այլ միջազգային համաձայնագրերով: Ի դեպ, Հայաստանի եւ Շվեյցարիայի ազգային օրենսդրությունը կիրառվում է համաձայնագրով չկարգավորվող այնպիսի հարցերի նկատմամբ, ինչպիսիք են վիզայի տրամադրման մերժումը, ճամփորդական փաստաթղթերի ճանաչումը, ապրուստի բավարար միջոցների վերաբերյալ ապացույցները, մուտքի մերժումը եւ վտարման միջոցները:




Լրահոս