«ԺՈՂՈՎՐԴԻՆ ՊԵՏՔ Է ՑՈՒՅՑ ՏԱԼ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՁԵՎԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Հայկ Մարությանը՝ «Կարգին» Հայկոն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ քանի դեռ հստակ որոշում չկա, որ Երեւանի ներքաղաքային տրանսպորտի գինը կրկին բարձրանալու է, ինքը զերծ կմնա ասեկոսեների հիման վրա մեկնաբանություն տալուց: Հիշեցնենք, որ հուլիսին, երբ փորձ արվեց թանկացնել տրանսպորտի գինը, free car (անվճար մեքենա) կոչվող ակցիաների շրջանակներում Հ. Մարությանն իր մեքենայով մարդկանց էր տեղափոխում:
-Պարո՛ն Մարության, տեղեկություններ կան, որ Երեւանի ներքաղաքային տրանսպորտի գինը կրկին թանկանալու է: Քանի որ Դուք եղել եք տրանսպորտի թանկացման դեմ պայքարի առաջամարտիկներից, խնդրում եմ ասել, թե ինչ եք պատրաստվում անել առաջիկայում, արդյոք կան պայքարի նոր մեթոդներ:
-Տրանսպորտի թանկացման հետ կապված խոսակցություններ կան, բայց ռեալ որոշում չկա: Ավելի ճիշտ կլինի, երբ ինչ-որ որոշում լինի թանկացման մասին, նոր մենք ծավալվենք: Իհարկե, պայքարելու նոր ձեւեր մշակվել են, բայց դրանք Ձեզ չեմ կարող ասել, քանի որ դա գաղտնիք է, իսկ գաղտնիքը չի կարելի բացահայտել, որ պետք եղած ժամանակ սյուրպրիզ լինի մեր օպոնենտների համար (ծիծաղում է-Ս. Գ.): Այո՛, կան նոր «սյուրպրիզային» ձեւեր, որոնց մասին կասենք այն ժամանակ, երբ որ ժողովրդի կամքին դեմ նոր որոշում կայացվի: Համենայնդեպս, անցած անգամ, ես կարող եմ ասել, որ այդ որոշումը ժողովրդի կամքին դեմ էր: Ու ժողովուրդն էլ ոտքի կանգնեց, քանի որ մարդիկ իսկապես չէին կարողանում այդ գումարը տալ: Կարելի է ասել՝ ճարահատյալ պայքար էր:
-Այսինքն՝ եթե հրապարակվի Երեւանի քաղաքապետի որոշումը տրանսպորտի գինը 100 դրամից կրկին 150 դրամ դարձնելու վերաբերյալ, Դուք կրկին «ոտքի՞» եք կանգնելու:
-Պարտադիր, քանի որ իսկապես ժողովուրդը չի կարողանում վճարել այդ գումարը: Կարելի է ասել, որ այդ որոշումը զրկում է ժողովրդի մեծ մասին ազատ տեղաշարժվելու իրավունքից, որն ամրագրված է մեր Սահմանադրությամբ: Մենք միայն մի դեպքում պայքարի դուրս չենք գա:
-Եվ ո՞րն է դա:
-Երբ ժողովուրդն այս մեկ ամսվա ընթացքում այնքան հարստացած լինի, որ կարիք էլ չունենա պայքարելու թանկացման դեմ:
-Հայաստանում «ավանդույթ» է դարձել, որ մշտապես ժողովուրդը պետք է դուրս գա փողոց՝ պայքարելու, սակայն իրենց առաջնորդ է պետք: Այս անգամ կարծես Դուք էիք նախաձեռնողը:
-Միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում է այդպես, եթե ժողովուրդն ուզում է իր իրավունքները պաշտպանել, իր ուզածին հասնել, պետք է դուրս գա փողոց: Եվրոպական երկրներում ժողովուրդը երեւի թե ամենահաճախն է դուրս գալիս փողոց:
Ընդհանրապես ժողովուրդը չի կարողանում ինքնակազմակերպվել, ժողովրդին պետք է ցույց տալ պայքարելու ձեւը, միջոցները, թե ինչ կերպ է հարկավոր պայքարել: Հիմա եթե պայքարելու այդ ձեւն առաջարկվի, եւ ինքը՝ ժողովուրդը, պայքարի, ապա հաղթանակած դուրս կգանք, ու հասարակությունը կհասնի իր ուզածին, ոնց եղավ անցած անգամ: Եթե ժողովուրդը ցանկություն չունենա պայքարելու, ուզում ես քեզ ճղի մեջտեղից, ուզում ես առաջարկի պայքարի տարբեր ձեւեր, չես կարող արդյունքի հասնել: Այսինքն՝ ցանկացած դեպքում անհրաժեշտ է, որ ժողովուրդը ցանկություն ունենա պայքարելու իր իրավունքների համար:
-ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ «փակ» հանդիպման ժամանակ արդեն հայտարարել է, որ այս անգամ հաստատ տրանսպորտի գինը թանկանալու է: Եթե արդեն պաշտոնապես Ս. Սարգսյանի այդ մտադրությունը վերածվի քաղաքապետի որոշման, Դուք կհամարձակվե՞ք, այսպես ասած, դեմ դուրս գալ նրա որոշմանը:
-Սա ինձ համար ընդամենը ասեկոսե է, որովհետեւ դեռ պաշտոնապես ոչ մի տեղեկություն չի հրապարակվել, որ պարոն նախագահը նման հայտարարություն է արել: Բայց կարող եմ ասել, որ կարեւոր չէ, թե ով է որոշումն ընդունում, եթե որոշումը սխալ է կամ անօրինական, եւ այդ որոշման «տակից» ժողովուրդը չի կարող դուրս գալ, ապա մարդիկ ստիպված պետք է դուրս գան փողոց՝ իրենց իրավունքները պաշտպանելու, եւ քանի որ ես էլ ժողովրդի մի մասնիկն եմ, նույնպես մասնակցելու եմ այդ պայքարին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս