ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Մոսկվայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 24-ին Մոսկվայի “Ռենեսանս Մոնարխ” հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն, որին մասնակցեցին ՌԴ պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, Ռուսաստանի հասարակական եւ մշակութային ոլորտի նշանավոր գործիչներ եւ Մոսկվայի հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ:
Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ներկաներին ուղղված իր ելույթում նշեց Անկախության օրվա խորհրդի կարեւորությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ: “Այս փառավոր իրադարձությունը հարուստ պատմություն եւ դարավոր մշակույթ ունեցող հայ ժողովրդի նորագույն ժամանակաշրջանում ազդարարեց հայկական պետության լիարժեք ու լիիրավ վերադարձը միջազգային քաղաքական թատերաբեմ եւ հանդիսացավ մեր ժողովրդի միասնության կարեւորագույն խորհրդանիշ”, – ընդգծեց դեսպան Եսայանը:
ՌԴ-ում ՀՀ դեսպանն իր խոսքում անդրադարձավ նաեւ հայ-ռուսական դարավոր բարեկամությանը եւ երկու պետությունների միջեւ դաշնակցային գործընկերության զարգացման հեռանկարներին: 
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինն իր ելույթում ընդգծեց, որ երկու բարեկամ ժողովուրդներն ունեն փոխգործակցության եւ երկուստեք աջակցության հարուստ անցյալ, իսկ պետական մակարդակում ռազմավարական գործընկերությունն ինչպես անկախության ձեռքբերման առաջին տարիներին, այնպես էլ այսօր շարունակվում է բարձր արդյունավետությամբ, ինչի մասին են վկայում Ռուսաստանի եւ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության միջեւ տեղի ունեցող հանդիպումները: Ըստ Գ.Կարասինի` երկու ռազմավարական գործընկերների միջեւ բազմոլորտ փոխգործակցության շրջանակը տարեցտարի ավելի է ընդլայնվում` ընդգրկելով համագործակցության նորանոր բնագավառներ եւ մեխանիզմներ:
ՀՀ Անկախության օրվան նվիրված ընդունելությունը ուղեկցվեց Մոսկվայում գործող “Հայորդիք” պարային համույթի կատարումներով: Ներկայացված էին նաեւ անվանի հայ նկարիչների աշխատանքներ:




Լրահոս