ԽԵԼՔԻ ԵՆ ԳԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` կարծես թե կամաց-կամաց Եվրամիության պաշտոնյաները դուրս են գալիս Սերժ Սարգսյանի կողմից Մաքսային միությանն անդամակցելու անսպասելի հայտարարության առաջացրած շոկից եւ փորձում են ավելի ռացիոնալ ու սթափ գնահատել ստեղծված իրավիճակը եւ դիտարկել Հայաստանի` եվրաինտեգրացման հետագա հնարավորությունները: Այդ մասին են վկայում վերջին երկու օրերին հնչող հայտարարություննեը: Մասնավորապես նախօրեին Իտալիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում Իտալիայի արտաքին գերատեսչության ղեկավար Էմմա Բոննինին հույս էր հայտնել, որ Բրյուսելի հետ երկխոսությունը բոլոր հնարավոր ձեւաչափերով ավելի ինտենսիվ դարձնելը կնպաստի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուն: Երեկ էլ Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Յալթայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե «Եվրահանձնաժողովը պատրաստ է եւ տրամադրված Հայաստանի հետ համագործակցության նոր ձեւեր որոնելու»` հավելելով, որ Հայաստանն «Արեւելյան գործընկերության» ծրագրի ակտիվ անդամ է եւ շարունակում է բարեփոխումները, որոնք առաջարկել են Եվրամիության ներկայացուցիչները: Այսպիսով՝ կարծես թե սառույցը ճաք է տալիս, եւ կարելի է ակնկալել, որ նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանն այդուհանդերձ Եվրամիության հետ  ասոցացման գուցե եւ այլ ձեւաչափի, սակայն ինչ-որ փաստաթուղթ կստորագրի: Համենայնդեպս, նման ակնկալիքներ ունեն նաեւ Հայաստանի իշխանությունները` ըստ ամենայնի նաեւ ելնելով այս օրերին եվրոպական շրջագայության մեկնած Էդվարդ Նալբանդյանի հանդիպումների ու քննարկումների արդյունքներից: Եվ եթե ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասում էր, որ նոյեմբերին Ասոցացման պայմանագրի ստորագրումն այլեւս ՀՀ օրակարգում չէ, ապա երեկ արդեն նա այդ փաստաթղթի ստորագրումը չէր բացառում: Ավելին, Զաքարյանն «Ազատությանն» ասել է, թե հայկական կողմը շարունակում է աշխատել Ասոցացման համաձայնագրի վրա:  Արդյոք այս` առայժմ ոչ շատ ցայտուն, բայց նկատելի միտումները կխորանան, եւ Հայաստանին ի վերջո կհաջողվի իրագործել Սերժ Սարգսյանի հռչակած «ե՛ւ-ե՛ւ»-ի սկզբունքը, պարզ կդառնա կարճ առաջիկայում: Սակայն այն, որ եվրոպացիներն այդքան հեշտ չեն  հաշտվի Հայաստանը կորցնելու հետ, այսօր արդեն կասկածից դուրս է: Եվ թերեւս ճիշտ են այն վերլուծությունները, թե այսուհետ եվրոպական կողմի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ էլ ավելի կմեծանա: Ու ամենեւին չի բացառվում, որ այն դրսեւորվի նաեւ յուրօրինակ ճնշումների տեսքով` մասնավորապես քաղաքացիական ակտիվիստների տարբեր խմբերի միջոցով երկրի ներսում իրավիճակի ապակայունացմամբ  եւ իշխանափոխության պահանջներով:




Լրահոս