ՍՊԱՆԵԼ ԵՆ ՈՒ ԹԱՔՑՐԵԼ ԴԻԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ին Տավուշի, իսկ 20-ին՝ Շիրակի մարզերում դաժան սպանության երկու դեպք էր բացահայտվել: Մի դեպքում հարազատ եղբայրը սպանել էր հարազատ եղբորը եւ թաղել տան այգում, իսկ ահա մյուս սպանության հեղինակն էլ իր զոհին թաղել էր տան հարակից շինության պատի տակ:
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 4-ին այսօրինակ եւս երկու դաժան դեպք էլ արձանագրվել էր Երեւանում. հորեղբայրը սպանել էր իր հարազատ եղբոր 23-ամյա որդուն, իսկ Լոռու մարզում հարազատ որդին` հորը: Նկատենք, որ հարազատների միջեւ կատարված սպանությունների դեպքերը մեծ թիվ են կազմում: Միգուցե երկրում առկա սոցիալական ծանր պայմաններն են իրենց բացասական ազդեցությունն ունեցել ավանդաբար սուրբ համարվող ընտանեկան եւ բարեկամական հարաբերությունների վրա:
Եվ այսպես, ի՞նչ էր եղել Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, երբ 47-ամյա Գառնիկ Խոջայանը սպանել էր իր հարազատ եղբորը` 43-ամյա Հարություն Խոջայանին, եւ, առհասարակ, ինչպե՞ս էր հարազատ որդու սպանությանը մասնակից եղել մայրը` Փառանձեմ Սարգսյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հարություն եւ Գառնիկ Խոջայանների քեռին՝ Գրիշա Սարգսյանը, պատմեց դեպքի մանրամասները. «Օգոստոսի 23-ին գնացել էի քրոջս տուն ու 1000 դրամ փող էի ուզում տալ, որ Հարությունն իրեն ծխախոտ գներ, սակայն քույրս ինձ ասաց, թե Հարությունը գնացել է Ղարաբաղ: Շատ զարմացա: Ո՞նց թե գնացել է Ղարաբաղ: Մի խոսքով, տենց ամեն ինչ անցավ»:
Քեռու նկարագրությամբ՝ եղբայրները մի քանի անգամ շատ լուրջ վիճաբանություն են ունեցել, եւ անգամ ինքը մի անգամ Գառնիկին ծեծել է. «Հարությունը Ռուսաստանից այրված, ինվալիդ վիճակով եկել էր տուն եւ ապրում էր եղբոր ու մոր հետ: Գառնիկը մշտապես տան մեջ ապրելու համար եղբոր հետ կռիվ էր արել, բայց ամեն ինչ հարթվել գնացել էր»:
Ըստ Գրիշայի՝ օգոստոսի 21-ին հերթական անգամ երկու եղբայր լուրջ վիճել են, եւ Գառնիկը կոտրված աթոռով հարվածել է Հարությունի գլխին, վերջինս էլ հարվածներից մահացել է. «Երբ Գառնիկը սպանել է եղբորը, դանակը պահել է նաեւ մոր վզին՝ սպառնալով, թե քեզ էլ կսպանեմ, եթե ձեն հանես: Հետո մորը կապել է աթոռից, բերանն էլ կապել, որ մոր լացի կամ վախի ձայնը չլսվի, ու սկսել տան արյան հետքերը մաքրել: Նա եղբորը թաղել է այգում: Այս դեպքից հետո՝ ամեն օր, իմ քրոջը տեսել եմ, բայց նա մի բան չի ասել ինձ, ավելին, խաբել է: Քույրս շատ մեղավոր է, ու նրան գյուղամիջում պետք է կախաղան բարձրացնեն, սա անելու բան չէր»:
Ինչպե՞ս է բացահայտվել այս զազրելի պատմությունը: Ըստ մեր զրուցակցի՝ Հարությունին ՌԴ-ից արտաքսել էին՝ ինչ-որ խնդրի հետ կապված, եւ երբ ոստիկանները գնացել են Փառանձեմի տուն՝ արտաքսման հետ կապված հարցերով, նա հերթական անգամ խաբել է՝ ասելով, թե Հարությունը Ղարաբաղում է. «Այդ պահին տուն է մտել Գառնիկը ու երեւի տեսնելով ոստիկաններին՝ վախից ասել է, թե ինքն է Հարությունին սպանել: Քույրս ունի երեք տղա, երեք աղջիկ, բայց սա անելու բան չէր, իմ քրոջ լեզուն պետք է կտրեն, նա պետք է ասեր մեզ: Մենք Հարությունին կթաղեինք, մի կտոր հաց կտայինք, իսկ Գառնիկն էլ կկրեր իր պատիժը: Ախր Գառնիկը նաեւ Ռուսաստանում էր մարդ սպանել, թե ինչ, չգիտեմ, բայց 8 տարի դատված էր եղել ու մի կերպ փախել եկել էր Հայաստան»:
Եթե Տավուշի մարզի այս սպանությունը մեկ ամիս հետո բացահայտվեց, ապա Շիրակի մարզում 15 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը բացահայտվեց այս տարվա սեպտեմբերի 20-ին:
Գոգհովիտ գյուղի բնակիչ 46-ամյա Արմեն Շահբազյանը 15 տարի առաջ սպանել է ոմն Դիանայի եւ դիակը թաքցրել իր տան հարակից շինության պատի տակ: Արմենի հարազատ եղբայրը՝ Վարուժանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս ամենը պատահականություն է եղել. «Ես հիմա շատ վատ վիճակում եմ եւ որեւէ բան չեմ կարող ասել, իմ նյարդերը վատ վիճակում են, ու չգիտենք էլ՝ ինչ է լինելու այս ամենի վերջը»:
Իսկ ահա Գոգհովիտի ղեկավար Արտյուշա Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սպանված Դիանան իրենց գյուղի բնակիչ չէր. «Արմենը մսի խանութ ունի մեր գյուղում, ու Դիանան աշխատել է նրա հետ: Խանութից ինչ-որ գումար է պակասել: Արմենն ասել է, թե ուր է այդ գումարը, վիճել են, ու պատահական այդ դեպքն է եղել: Դե Արմենն էլ վախից թաքցրել է դիակը»: Միայն անհասկանալի է, թե ինչպես է Արմենը 15 տարի գլուխը հանգիստ դրել բարձին ու քնել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս