ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Երեկ ՀՀ Շիրակի մարզի Քեթի գյուղի դաշտերից մեկում հայտնաբերվել է արկ: Պարզվել է, որ հայտնաբերվածը 120 մմ տրամաչափի ականանետի արկ է՝ մարտական գլխիկով: Արկը վնասազերծվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: Համայնքապետ Թորգոմ Սահակյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ արկը հայտնաբերվել է գյուղի ծայրամասում՝ անմարդաբնակ վայրում. «Այդ մասում մարդիկ միայն անասուններ են արածեցնում: Իսկ այդ արկն էլ հովիվն է տեսել եւ անմիջապես ինձ զգուշացրել: Տարիներ առաջ հարեւան համայնքի տարածքում կրակադաշտ կար, հավանաբար այդտեղից է հայտնվել: Պայթեցված արկ չի եղել, միայն ժանգոտած էր: Փառք Աստծո, որ ոչ մի զոհ չի եղել: Գյուղի մեծերից հետաքրքրվեցի եւ իմացա, որ այս տարածքներում նման բաներ շատ են եղել: Նույնիսկ 50-ականներին արկից մի երիտասարդ է մահացել»:

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՉԻ ԱՆՈՒՄ
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատն «Ապառաժ» ընկերությանն ունեցած 1 միլիոն 200 հազար դոլար պարտքից ոչ մի լումա չի մարել: Կոմբինատի հարյուրավոր աշխատողներ սեպտեմբերի 6-ից մեկ ամսով իրենց հաշվին արձակուրդ են վերցրել եւ անգործ սպասում են, թե կոմբինատը երբ կմարի պարտքերը, որ շարունակեն հանքաքարի հորատացման, պայթեցման ու տեղափոխման աշխատանքները: «Առավոտ»-ն Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանից հետաքրքրվել է, թե խնդրի լուծման ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում մարզի ղեկավարության կողմից. «Մարզպետը խոսել է կոմբինատի սեփականատիրոջ հետ, որը կրկին հավաստիացրել է, որ լավ կլինի եւ այլն, բայց, իհարկե, ինձ մոտ այդ վստահությունը չկա»: Խաչիկյանը նշել է, որ տարիներ շարունակ կրկնվող այս նույն խնդրի բուն պատճառն այն է, որ կոմբինատի սեփականատերը` «Մեթըլ Փրինս ԷԼ-ԹԻ-Դի»-ն, ներդրումներ չի անում:

ՆՈՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Երեկ  ԼՂՀ-ում  բացվել է Հանրապետական բժշկական կենտրոնի նորակառույց շենքը: Բացմանը ներկա են եղել ԼՂՀ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր, ինչպես նաեւ  շենքի ֆինանսավորումն ապահոված «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ԼՍԵՑ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ հանդիպել է մի խումբ ազատամարտիկների հետ, որոնք ներկայացրել են իրենց հուզող խնդիրները: «Առաջարկ է եղել առաջիկայում կլոր սեղան կազմակերպել, որին մասնակից կլինեն ինչպես ազատամարտիկները, այնպես էլ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ»,-«Թերթ»-ին ներկայացրել է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Ի. Տոնոյանը` նշելով, որ Ծառուկյանն ազատամարտիկների հետ համագործակցության առաջարկ է արել:

ԷԼԻ ԿՊԱՆ ՀԻՄՔԵՐԻՆ
«Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կալանավորումը խարխլում է պետականության հիմքերը»,-հայտարարել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Ըստ նրա` կան մարդիկ, որոնք այդ քայլով ցանկանում են վախ առաջացնել բողոքող ազատամարտիկների մոտ, սակայն Վոլոդյա Ավետիսյանը այն մարդը չէ, որի միջոցով կարելի է ազդել մյուսների վրա: Հիշեցնենք, որ Ավետիսյանը մեղադրվում է խարդախության մեջ:




Լրահոս