ԵԶԴԻՆԵՐԸ` ԸՆՏՐՈՎԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Սինջար» եզդիների ազգային միավորման խորհրդի անդամները ՀՀ Ազգային ժողովում հանդիպել են ԲՀԿ խմբակցության քարտուղար, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ:
«Սինջար» եզդիների ազգային միավորման ներկայացուցիչները պատգամավորներին ներկայացրել են այն խնդիրները, որոնք ունեն Հայաստանում ապրող եզդիները, մասնավորապես Սադոնց գյուղում ժամանակին գործած անօրինական մանկապարտեզի խնդիրը, որտեղ նաեւ կրոնական քարոզչություն էր իրականացվել: Պատգամավորները վստահեցրել են, որ անհրաժեշտ փաստերի առկայության դեպքում նրանք անպայման կբարձրաձայնեն խնդիրը: Կողմերը քննարկել են նաեւ Իրաքում եզդիների նկատմամբ կիրառվող հալածանքների հարցը, եւ Նաիրա Զոհրաբյանը վստահեցրել է, որ անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու դեպքում խնդրի մասին կբարձրաձայնի միջազգային ատյաններում:
«Մենք պատրաստվում ենք Նաիրա Զոհրաբյանին արդեն իսկ պաշտոնական նամակով դիմել եւ խնդրել բարձրաձայնել այս խնդիրը: Ինչպես նաեւ տրամադրելու ենք տեսանյութեր, լուսանկարներ եւ այս ընթացքում Իրաքում սպանված եզդիների տվյալները: Հիմա մենք Սադոնց համայնքի մանկապարտեզի մասով նոր ինֆորմացիա եւ նյութեր ենք հավաքում, որպեսզի Էլինար Վարդանյանը բարձրաձայնի այդ խնդրի մասին»,-մեզ հետ զրույցում նշեց «Սինջար» կազմակերպության անդամ Բորիս Մուրազին` հավելելով, որ հանդիպման ընթացքում կազմակերպության անդամների կողմից առաջարկվել է սահմանադրական բարեփոխումների ընթացքում հաշվի առնել նաեւ ազգային փոքրամասնությունների շահերը: ԲՀԿ-ական պատգամավորների հետ քննարկվել է նաեւ այն, թե ինչ ճանապարհներով կարող են ազգային փոքրամասնությունները ներկայացված լինել ընտրովի մարմիններում:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարեւոր է համարել ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունն ընտրովի մարմիններում` նշելով, որ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր ազգային փոքրամասնությունները միասնական առաջարկով հանդես գան: «Հիմա մենք պատրաստվում ենք կազմակերպել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ժողով, որի ընթացքում կփորձենք որոշում կայացնել, թե ինչպիսի առաջարկով հանդես գանք»,-տեղեկացրեց Բորիս Մուրազին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս