ՀՐԴԵՀՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա անցած 8 ամիսների ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է 895 հրդեհ, որոնց արդյունքում պատճառվել է շուրջ 262 միլիոն դրամի նյութական վնաս: Փոքր չեն նաեւ մարդկային կորուստները. զոհվել է 6, վնասվածք ստացել՝ 25 մարդ: Հրդեհի արդյունքում ոչնչացել է 22 շինություն, 27 միավոր ավտոտրանսպորտ, շուրջ 457 տոննա անասնակեր: Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի՝ Լոռու, Շիրակի, Արարատի, Տավուշի մարզերում հրդեհների քանակը նվազել է, իսկ Երեւանում, Արագածոտնի, Վայոց Ձորի, Կոտայքի, Սյունիքի, Արմավիրի ու Գեղարքունիքի մարզերում այն աճել է: Հրդեհների 55.5%-ն արձանագրվել է քաղաքային, իսկ 44.5%-ը` գյուղական բնակավայրերում: ՀՀ-ում տեղի ունեցած հրդեհներից 30-ը խոշոր են, դրանց պատճառած նյութական վնասը կազմում է ընդհանուր նյութական վնասի շուրջ 63%-ը: Հրդեհների  36.9%-ը տեղի է ունեցել բաց եւ խոտածածկ տարածքներում, 31.1%-ը՝ բնակելի հատվածում, 11.2%-ը՝ ավտոմեքենաներում, 3.3%-ը՝ առեւտրի, հանրային սննդի ու սպասարկման օբյեկտներում, 1.5%-ը՝ ավտոտնակներում, 1.1%-ը՝ արտադրական շենքերում, իսկ 14.9%-ը՝ այլ նշանակության օբյեկտներում:
Ըստ վիճակագրական տվյալների՝ հրդեհների առաջացման հիմնական պատճառներն են կրակի հետ անզգույշ վարվելը, որը կազմում է 49.5%, էլեկտրական սարքավորումների տեղակայման եւ շահագործման կանոնների խախտումը` 22.9%, վառարանների տեղակայման եւ շահագործման կանոնների խախտումը` 2.6%, կրակի հետ երեխաների խաղալը` 10.2%, հրկիզումները` 1.4%, եւ այլ պատճառները` 13.4%:
Այս տարվա ութ ամիսների ընթացքում զոհերով հրդեհներ գրանցվել են Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում՝ երկուական, իսկ Երեւանում եւ Արմավիրում՝ մեկական: Դրանց առաջացման պատճառներն են՝ կրակի հետ անզգույշ վարվելը, անզգուշությունը ծխելիս, վառարանների եւ էլեկտրական սարքավորումների տեղակայման ու շահագործման կանոնների խախտումը: Զոհվածներից 4-ը տարեցներ են (70 տարեկանից բարձր): Իսկ վնասվածքներով հրդեհներ գրանցվել են Երեւանում՝ 10, Շիրակի, Արարատի, Արմավիրի մարզերում՝ 4, իսկ Կոտայքի, Արագածոտնի եւ Սյունիքի մարզերում՝ մեկական: Վնասվածքներ ստացածներից 2-ը երեխաներ են, 4-ը` տարեցներ: Վնասվածքների կեսից ավելին` 13-ը, արձանագրվել է բնակելի հատվածում:
Նշենք, որ 2012թ.-ին հրդեհների քանակը կազմել է 3302, զոհերի թիվը՝ 18, վիրավորներինը՝ 236, փրկվածներինը՝ 6: 2011թ.-ին հրդեհների քանակը կազմել է 4355, զոհերի թիվը՝ 37, վիրավորներինը՝ 36, փրկվածներինը՝ 12: Իսկ 2010թ.-ին հրդեհների քանակը կազմել է 4380, զոհերինը՝ 21, վիրավորներինը՝ 40, փրկվածներ չկան:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս