ՀԱՅԻ ՄԻ ԹԱՆԿ ՏԵՍԱԿ ՀԵՌԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ մտավորականության խղճի ու բարոյականության խորհրդանիշերից մեկն էլ՝ Սոս Սարգսյանն էլ, հեռացավ… Հեռացավ 20-րդ դարավերջի ու 21-րդ դարասկզբի ազգային զարթոնքի, մեր գեղարվեստական կյանքի ամենաերեւելի ու շիտակ անհատականություններից մեկն էլ, որը վերջին տարիներին ապրում էր մեծագույն խռովքներով, ցավ զգում մեր աղավաղվող իրականության, մեր գետնաքարշ դարձող պետականության համար… Լինելով հրաշալի փաղանգի՝ Խորեն Աբրահամյան, Մետաքսյա Սիմոնյան, Մհեր Մկրտչյան, Վարդուհի Վարդերեսյան, վերջին մոհիկաններից մեկը՝ Սոս Սարգսյանը ճշմարիտ ազգային արտիստ էր՝ ազգային նկարագրով, ազգային հոգեկերտվածքով, ազգային ջիղով: Նա 1991-ին առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու՝ մեր քաղաքական իրականություն թումանյանական կերտվածք եւ մտածողություն բերելու համար: Նա ստեղծեց թատրոն, որը հետայսու իր անունը կկրի, նա ձեւավորեց ազգային բարոյականության իր չափանիշները եւ մոտ լինելով իշխանություններին՝ անհանդուրժելի համարեց ամեն մի ձեւախեղում… «Հասարակություն չունենք, պետության փոխարեն ունենք դեկորացիա, բաշիբոզուկներով չի կարելի երկիր կառավարել»,-ասում էր ՄԵԾ ԱՐՏԻՍՏԸ, ՄԵԾ ՀԱՅԸ… Բոլորս ենք այսօր սգում Սոս Սարգսյանի մահը, որովհետեւ ՀԱՅԻ մի թանկ տեսակ հեռացավ…




Լրահոս