ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե պետական մարմինների եւ կազմակերպությունների որ պաշտոնները զբաղեցնող աշխատակիցները կարող են օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից:

Ավետիս Սահակյան (32 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական փաթեթը նախատեսված է որոշակի պետական մարմինների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձանց համար: 2013թ. սոցիալական փաթեթ տրամադրվելու է նաեւ 2012թ. սոցիալական փաթեթի իրավունք չունեցող, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, այսինքն՝ գործավարներին, հավաքարարներին, վարորդներին, պահակներին եւ այլ անձանց, որոնք ընդգրկված են տվյալ մարմնի հաստիքացուցակում:
Հարկ է նշել նաեւ, որ սոցիալական փաթեթը չի տարածվում տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց, կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց, հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա:
Կես դրույքից պակաս աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատող անձինք չեն ներառվել սոցիալական փաթեթի շահառուների ցանկում, քանի որ սոցիալական փաթեթի ծառայությունների մեջ գոյություն ունի պարտադիր պայման հանդիսացող բժշկական ապահովագրության ծառայություն, որից ամբողջապես հնարավոր չէ օգտվել կես դրույքից պակաս ծանրաբեռնվածությամբ աշխատանք կատարելու դեպքում:

 ՀՀ ֆինանսների նախարարություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Լավ է, որ կան այնպիսի փաթեթներ, որոնցով պետական ծառայողները (թեեւ ցանկալի կլիներ, որ այն լիներ ՀՀ բոլոր քաղաքացիների համար) գոնե մասնակի օգնություն կարող են ստանալ: Պատասխանում նշված է, որ 2013-ին կընդլայնվի այն աշխատակիցների ցանկը, որոնք իրավունք ունեն օգտվել սոցիալական փաթեթից: Նկատենք, որ 2013թ. մոտենում է ավարտին, սակայն այդ մասին կառավարությունը որեւէ որոշում չի ընդունել:




Լրահոս