Ո՞Վ Է ԽԱԲՈՒՄ` ՍԵ՞ՐԺ, ԹԵ՞ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ իշխանություններն ամեն քայլափոխի ապացուցում են, որ այլեւս չեն տիրապետում երկրում ստեղծված իրավիճակին: Հիշո՞ւմ եք այս տարվա օգոստոսի 28-ին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանի խոստումներն աշխատավարձերը բարձրացնելու մասին.”2014 թվականից անցնում ենք աշխատավարձերի ամենամյա բարձրացման գործելաոճին, եթե կարելի է այդպես ասել: Ընդ որում, բարձրանալու են ե՛ւ նվազագույն աշխատավարձը, ե՛ւ աշխատանքի համար վարձատրությունը: …Վստահորեն կարող եմ ասել, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետը ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ` կախված աշխատանքային ստաժից”:
Այս հայտարարություններից ուղիղ մեկ ամիս անց, սակայն, պարզվեց` 2014թ. հունվարի 1-ից աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունենա: Կառավարության` շաբաթ օրը տեղի ունեցած արտահերթ նիստում հավանության արժանացավ 2014թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով բյուջեի նախագիծը, հայտարարեց հետեւյալը. “2014թ. հուլիսի 1-ից աշխատավարձերը կավելանան շուրջ 40 տոկոսովե: Ըստ նրա՝ հունվարի 1-ից ավելանալու է միայն կենսաթոշակը, այն էլ ընդամենը 15 տոկոսով:
Սա, թերեւս, կարելի է համարել քաղաքական լուրջ սկանդալ: Փաստորեն, վարչապետն իր այս հայտարարությամբ հրապարակայնորեն ուղղակի “սխալ է հանելե նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորությանը` ըստ էության ցույց տալով, որ նրա խոսքը գրոշի արժեք անգամ չունի: Ցանկացած նորմալ երկրում այս սկանդալը կունենար որոշակի քաղաքական հետեւանքներ: Բայց դա, բնականաբար, չի վերաբերում Հայաստանին:
Իսկ թե ինչու է Ս. Սարգսյանը մի բան հայտարարում, Տ. Սարգսյանը՝ մեկ այլ բան, մնում է միայն կռահել: Կարելի է ենթադրել, որ Ս. Սարգսյանը պարզապես ստել է` հայտարարելով աշխատավարձերը հունվարի 1-ից բարձրացնելու մասին. ի վերջո, այս իշխանությունների համար սովորական է դարձել սուտ խոսելը ե՛ւ արտաքին քաղաքականության մեջ, ե՛ւ երկրի ներսում:
Կա նաեւ երկրորդ տեսակետը. Ս. Սարգսյանին խաբել են` մինչ այդ վստահեցնելով, թե հունվարի 1-ից հնարավոր կլինի բարձրացնել աշխատավարձերը, եւ ինքն էլ, հավատալով իր շրջապատի պնդումներին, իր հերթին է նման խոստում տվել: Իսկ թե ով կարող էր Ս. Սարգսյանին նման հավաստիացումներ տալ, դժվար չէ կռահել. վարչապետ Տ. Սարգսյանը: Համենայնդեպս, նա հենց այն պաշտոնյան է, որը քաջատեղյակ է պետական բյուջեի հնարավորություններից, եւ հենց այն պաշտոնյան է, որն ի պաշտոնե կարող էր նման հարցեր զեկուցել Ս. Սարգսյանին, նման հավաստիացումներ տալ:
Երրորդ տարբերակ եւս կա. միգուցե վարչապետը բացահայտ կերպով դուրս է եկել Ս. Սարգսյանի դեմ ու պարզապես չի կատարում նրա ասածները: Ի վերջո, հունվարի 1-ից աշխատավարձերի բարձրացման խոստում տվել է պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը, ու եթե հրապարակայնորեն հնչել է նման բան, ուրեմն մյուս բոլոր պաշտոնյաները պետք է հնարավոր ու անհնարին ամեն ինչ անեն նրա խոսքը գետնով չտալու համար:
Եվ, վերջապես, չի բացառվում նաեւ՝ այս ամենը հետեւանք է այն բանի, որ իշխանությունները պարզապես չեն տիրապետում իրավիճակին, ինչի արդյունքում Ս. Սարգսյանը մի բան է հայտարարում, վարչապետը` մեկ այլ բան` այդպես անհարմար դրության մեջ դնելով իր առաջնորդին:
Ի դեպ, նկատենք, որ սա առաջին նման դեպքը չէ: Ինչպես հիշում եք, 2008թ. նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանը նախընտրական ծրագրում խոստացել էր, որ արդեն 2012թ. քաղծառայողների աշխատավարձը կդառնա միջինը 200 հազար դրամ: Սակայն ո՛չ 2012թ., ո՛չ 2013թ. քաղծառայողների աշխատավարձերը ոչ միայն չդարձան 200 հազար դրամ, այլեւ ընդհանրապես չբարձրացվեցին: Ասել է թե՝ կա՛մ կառավարությունը միտումնավոր չկատարեց Ս. Սարգսյանի ծրագիրը, կա՛մ Տ. Սարգսյանը որոշել էր սեփական հայեցողությամբ խմբագրել ու վերաձեւակերպել այն: Այդ ժամանակ, իհարկե, կար արդարացում. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը թույլ չտվեց գնալ այդ քայլին:
Այսօր, սակայն, ֆինանսատնտեսական ճգնաժամ չկա: Ուստի անհասկանալի է, թե ինչու չի կատարվում Ս. Սարգսյանի խոստումը: Մինչ այդ նկատենք, որ վարչապետի հայտարարությունները լուրջ դժգոհություններ են առաջացրել պետական պաշտոնյաների շրջանում. այս մարդիկ, որոնք համարվել են իշխանության հիմնական ընտրազանգվածը, մի ամիս շարունակ ոգեւորված են եղել աշխատավարձերը հունվարի 1-ից բարձրացնելու մասին հայտարարություններից: Բայց հիմա, փաստորեն, տեղի ունեցածը սառը ցնցուղ է եղել նրանց համար:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 628 համար




Լրահոս