Գյումրիում բացվեց ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուշակոթողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում՝ հայրական տան մոտ, Պուշկինի փողոցի սկզբնամասում, բացվեց ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուշակոթողը: Բացմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը, ԱԺ պատգամավորներ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, Ալեքսան Առաքելյանի հարազատները: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Գյումրու ավագանու անդամ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Շիրակի մասնաճյուղի նախագահ Արմեն Բադեյանի նախաձեռնությամբ: Խաչքարի հեղինակն ու քանդակագործն է Ռաֆիկ Սարիբեկյանը: Ջեբրայիլում զոհված 33­ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը իր ծառայության ընթացքում այնպես է կապվում Արցախի հող ու ջրին, որ արդեն 10 տարի է՝ հարազատ Գյումրիից տեղափոխվել և ընտանիքի՝ կնոջ ու երկու զավակների հետ բնակվում էր Արցախում: Ալեքսան Առաքելյանն իր 5 զինակից ընկերների հետ զոհվել է ապրիլի 1­ի լույս 2­ի գիշերը՝ թեժ կռվի ժամանակ: Քաջ հրամանանատարը, չիմանալով, որ դիրքերն արդեն գրավված են, հայտնվում է ադրբեջանցիների դիմաց: Ալեքսանը իր զինվորներին հետ է ուղարկում ու սկսում է կռվել, սակայն նախ վիրավորվում է ուսից, հետո փորձելով փրկել իր զինվորներին, մահացու վիրավորվում է: Ալեքսան Առաքելյանը միշտ էր աչքի ընկնում իր քաջությամբ. թշնամուն սարսափի աստիճան վախեցնող հրամանատարին բնավարության համար Մառոզ մականունով էին կնքել: «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ հուշակոթողի բացման պատիվը տրվեց Ալեքսան Առաքելյանի երեխաներին՝ Աստղիկ և Հովհաննես Առաքելյաններին, ՀՀ պաշտպանության նախարարին և Արմեն Բադեյանին:

Ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կատարվեց օրհնության արարողություն: «Երանի, թե ամեն մարդու մահով սկսվի իր անմահությունը: Կան մարդիկ, ովքեր մահանում են, և դրանից հետո սկսվում է իրենց անմահությունը: Մեր ապրիլյան հերոսները եղան այդպիսի հերոսներ, որոնք իրենց մահով հաղթեցին մահվանը, և սկսվեց իրենց անմահության շրջանը: Ուրախ եմ, որ այսօր այս հոծ բազմության ու պատվավոր հյուրերի ներկայությամբ բացում ենք Ալեքսան Առաքելյանի աղբյուր­հուշարձանը: Մաղթում եմ, որ անմահության շրջանը տևի հավերժ և տասնյակ տարիներ անց ծնված նոր երեխաներ, ովքեր չեն տեսել ապրիլյան պատերազմը, անցնեն այս հուշակոթողի մոտով ու հիշեն, որ եղել են մարդիկ, որոնց շնորհիվ իրենք ծնվել են և ապրում են»,­ Միքայել սրբազանը: «Այսօր՝ Ալեքսան Առաքելյանի հիշատակին տուրք տալով՝ հիշում ենք ապրիլյան քառօրյա գործողություններում զոհված մեր բոլոր ընկերներին, հիշում ենք 2014­2015 թթ. մեզ պարտադրված դիվերսիոն գործողություններում զոհված մեր բոլոր ծառայակից ընկերներին և ընդհանրապես բոլորին, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն այսօրվա մեր խաղաղ արարման: Նժդեհն այսպես էր բնութագրում հաղթական գործողությունները՝ «հաղթանակները պտղաբերում են, երբ դաշտերը ոռոգված են արյամբ: Այս միջոցառումը հենց հիշատակի խորհուրդն ունի: Հիշատակ, որ ուղղված է մեր բոլոր ծառայակից, մարտական ընկերներին: Թվում է՝ հիմա նրանք մեզ հետ չեն, բայց նրանք մեր շարքերում են:

Վտանգի պահին հայ ժողովուրդը ցույց տվեց, որ միասնական է համախմբված ու ոչ միայն պարտադրված, այլ կամավորագրվում է մեր հայրենիքը և մեր հայրենիքի սուրբ մասը՝ Արցախը, պաշտպանելու համար»,­ ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ փաստելով, որ Ալեքսան Առաքելյանին անձամբ է ճանաչել և խոնարհվում է ինչպես Ալեքսանյանի, այնպես էլ մյուս զինվորների հիշատակի առջև: Նա նաև հավաստիացրեց, որ ամենի ինչ արվելու է, որպեսզի ժողովուրդը պաշտպանված լինի: «Ուզում եմ հավաստիացնել մեր ժողովրդին, որ պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի մեր երկրի անվտանգությունն ավելի բարձր մակարդակի վրա գտնվի, ամեն ինչ արվելու է, որ Արցախը պաշտպանված լինի, ամեն ինչ անելու ենք, որ մեր ժողովուրդը վստահ լինի, որ այս իրավիճակում՝ այս սպառանալիքների պայմաններում, մենք անելու ենք ամենի ինչ՝ մեր ժողովրդի արարումն ապահովվելու համար»,­ նշեց ՀՀ պաշտպանության նախարարը:




Լրահոս