ՆՇՎԵՑ «ԱՐԱՐԱՏ»-Ի ՀԱՂԹԱՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. լրացավ լեգենդար «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակների 40 տարին։ Այդ առթիվ անց են կացվել միջոցառումներ, բայց երեւի քչերն էին հիշում, որ ուղիղ 40 տարի առաջ՝ հոկտեմբերի 28-ին՝ Լենինգրադի «Զենիթ»-ի հետ հանդիպման օրը, Երեւանի «Արարատ»-ը ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսին ավելացրեց նաեւ ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը։ Հիշեցնենք, որ «Արարատ»-ը հաղթեց 3։2 հաշվով։
Եվ պատահական չէր, որ հենց այդ օրը «Կովկաս» ռեստորանում հավաքվել էին մարզական լրագրողները։ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան (նախագահ՝ Յուրա Ալեքսանյան) Հայաստանի օլիմպիական կոմիտեի աջակցությամբ «Արարատ»-ի այդ տարիների հանդիպումները լուսաբանած վաստակաշատ լրագրողների համար անակնկալ էր նախապատրաստել։ Նրանք պարգեւատրվեցին պատվոգրերով եւ նվերներով։ Պարգեւատրվածների թվում էին Հայաստանի մարզական լրագրության, «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի հիմնադիրներից մեկը, նաեւ ժամանակին «Ֆուտբոլ» շաբաթաթերթի խմբագիր Միսակ Նազարյանը, լրագրողներ Ալյոշա Խաչատրյանը, Արսեն Բաբայանը, լուսանկարիչ Ռաֆիկ Հեքեքյանը, պետական հեռուստատեսության օպերատոր Սուրեն Մուրադյանը… Լրագրողները որոշ հետաքրքիր մանրամասներ հիշեցին ինչպես Երեւանի «Արարատ»-ի եւ Կիեւի «Դինամո»-ի ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակիչ, այնպես էլ հոկտեմբերի 28-ին կայացած «Արարատ»-«Զենիթ» հանդիպումներից։ Այն տարիներին անչափ մեծ էր հետաքրքրությունը ֆուտբոլի, ընդհանրապես սպորտի նկատմամբ, եւ, օրինակ, «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթը լույս էր տեսնում շաբաթը երեք անգամ 182.000 տպաքանակով։ Ընդ որում, այն ավելի թանկ էր, քան ավելի մեծ ծավալի այլ, նույնիսկ կուսակցական թերթեր, այսինքն՝ արժեր 3 կոպեկ, իսկ մյուս թերթերը՝ հիմնականում 2 կոպեկ։ Միջոցառմանը ներկա երիտասարդ լրագրողների համար այդ թվերը պարզապես ֆանտաստիկ էին թվում, քանի որ այսօր 5 հազար տպաքանակով թերթ ունենալն արդեն մեծ հաջողություն է համարվում։




Լրահոս