ՊՊԾ գնդի գրավումից հետո Հայաստանում ավելացավ քաղբանտարկյալների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած գործընթացները Հայաստանում շատ բան փոխեցին: Տարիներ շարունակ «Նախախորհրդարան»-ի անդամները տարբեր նախաձեռնություններով, տարբեր միջոցներ պայքարում էին երկրում առկա խնդիրների դեմ, սակայն մինչ այժմ էլ այդ պայքարն արդյունք չի տվել: Թերևս հենց արդյունքի բացակայությունը դրդեց նրանց ստեղծել «Սասնա ծռեր» խմբավորումն ու հուլիսի 17-ին գրավել ոստիկանության ՊՊԾ գունդը:

Ինչպես հայտնի է`  նրանք պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին և Սերժ Սարգսյանի հրաժարականը. սակայն ինչ ունենք այսօր: Հուլիսի 31-ի` խմբավորման անդամների հանձնվելու որոշումից հետո փոխվել է միայն մեկ բան, սակայն դեպի վատը. Սերժ Սարգսյանը շարունակում է ղեկավարել երկիրը, սակայն քաղբանտարկյալների արձակման փոխարեն, փաստացի ավելացել է նրանց թիվը:

Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ հուլիսի 29-ին, Ազատության հրապարակում հավաք անցկացնելուց հետո  մարդկանց մի մասը գնաց Սարի թաղ: Այնտեղ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը 5 րոպե ժամանակ տվեց ցույցը ցրելու համար, իսկ այդ ընթացքում բոլորի աչքի առջև ուղղակի առևանգեցին Արմեն Մարտիրոսյանին: Դրանից հետո մահակներով զինված  քաղաքացիական հագուստով անձինք քարեր էին նետում ցուցարարների վրա, ովքեր բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների թիկնապահներն էին: Դրանից հետո սկսվեցին պայթյուններն ու ջարդը, որի հետևանքով վիրավորվեցին նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Այս ամենից հետո զանգավածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Արմեն Մարտիրոսյանը, Անդրիաս Ղուկասյանը: Փաստացի հուլիսի 17-ից հետո մեր երկրում պակասելու փոխարեն ավելացավ քաղբանտարկյալների թիվը:




Լրահոս