Եթե իշխանությունների նպատակը միայն իրենց կլանին ծառայելն է, ապա դեռ էլի կլինեն նման խմբավորումներ. ազատամարտիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարևորը այն է, որ արյունահեղություն չի եղել, որին ես ինքս էլ հակված չէի: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը` անդրադառնալով «Սասնա ծտեր» խմբավորման անդամների հանձնվելուն: Նրա խոսքով` թե դա արդեն ուժայինների գործողության արդյունք է, թե միջնորդների, կարևոր չէ:

Ազատամարտիկը նշեց, որ Հայաստանում քաղաքական խնդիրները պետք է լուծվեն քաղաքական հարթակում և ոչ թե զենքի ուժի դիմելով, բայց եթե զենքի են դիմում, ապա արդեն իշխանությունները պետք է հետևություն անեն. «Իշխանությունները ոչ թե պիտի ելույթներ ունենան և նշեն, որ իրենք հաղթեցին ու «կեցցե՜ք» ասեն ուժայիններին, այլ մտածեն,  թե ինչից է, որ երկրում սկսել են շատանալ զինված խմբավորումները: Չէ որ դրանք հիմնականում նրա արդյունքն են, որ ժողովուրդը հույսը կտրել է, որ  քաղաքական խնդիրները կարող են լուծում գտնել քաղաքական դաշտում: Իշխանությունները պետք  է հետևություն անեն, որ գոնե տղերքի այս քայլը այսպես չանցնի, գոնե դասեր քաղելու առումով»:

Ռազմիկ Պետրոսյանը գտնում է, որ այնուամենայնիվ երկրում արմատական փոփոխություններ անելու կարիք կա, և չնայած, որ տղաները զենքները վայր են դրել, բայց ժողովուրդը պետք է իր պայքարը շարունակի. ««Սասնա ծռերի» շուրջ էր հավաքվել ժողովուրդը և նրանց հերոսներ են անվանում, դա նրանից է, որ  իրենց տեսակետները համընկնում էին, իշխանությունները կտրվել են ժողովրդից և եթե իրենց նպատակը միայն իրենց կլանին ծառայելն է, ապա դեռ էլի կլինեն նման խմբավորումներ» :




Լրահոս