«Սահմանադրական փոփոխություններ» կոչված տրագիկոմեդիայի բեմականացումն Ադրբեջանում. ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ Հայաստանի համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով՝ երեկ Ադրբեջանի սուլթանը հերթական անգամ հաջողությամբ կյանքի կոչեց սեփական կլանի իշխանությունը երկարաձգելու գործընթացը «սահմանադրական փոփոխություններ» կոչված տրագիկոմեդիայի բեմականացմամբ: Արդեն իսկ առանց սպասելու այդ երկրի ԿԸՀ կողմից արդյունքների հրապարակմանը, Ադրբեջանի ղեկավարությունը երեկ տոնում էր հաղթանակը՝ հղում կատարելով exit pall-ի արդյունքների վրա, համաձայն որոնց՝ հանրաքվեին մասնակցած 70 տոկոս ադրբեջանցիների 88 տոկոսից ավելին իր հավանությունն է տվել սահմանադրական փոփոխություններին:

Ինչպես հիշում ենք՝ ժամանակին հորից գահը ստանձնած Իլհամ Ալիեւը, սպառելով պաշտոնավարման երկրորդ փուլը, մեկ անգամ արդեն իսկ փոխել էր երկրի Սահմանադրությունը՝ վերացնելով երկու անգամից ավել նախագահի պաշտոնում առաջադրվելու սահմանադրական արգելքը: Հիմա էլ, փաստորեն, Ալիեւների կլանում պլաններ կան Իլհամի որդուն՝ Հեյդար կրտսերին գահը փոխանցելու շուրջ: Նա ներկայումս 19 տարեկան է, եւ որպեսզի կրտսեր Հեյդարիկը հասցնի գոնե փոքր -ինչ «հասունանալ», սահմանադրական փոփոխություններով նախագահի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը դառնում է 7-ամյա, իսկ մինչ այս առաջադրման նվազագույնը 35 տարեկան շեմը առհասարակ վերացվում է: Այսուհետ, փաստորեն, Ադրբեջանում յուրաքանչյուր չափահաս կարող է առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում եւ ընտրվել:

Նման բան, սակայն, չի լինի, փոխարենը՝ 2018-ին Իլհամ Ալիեւը եւս մեկ անգամ «կընտրվի», կպաշտոնավարի 7 տարի՝ մինչեւ 2025թ, մինչեւ նրա որդու բեղերն այնքան խիտ լինեն, որքան իրենը, եւ նա, արդեն որպես 26-ամյա նոր սուլթան, ստանձնի երկրի կառավարման ղեկը: «Ադրբեջանական ժողովրդավարության» այս առանձնահատկութունները, թվում էր, պետք է որ համարժեք արձագանք ստանային քաղաքակիրթ աշխարհում: Թեեւ այս «հանրաքվեի» մոնիտորինգին հեղինակավոր միջազգային կազմակերպությունները չէին մասնակցում, բացի ԵԽԽՎ գնահատման առաքելությունից, այնուհանդերձ՝ Իլհամ Ալիեւի այս նախաձեռնությունն անհրաժեշտ հակազդեցության չարժանացավ միջազգային քաղաքական կենտրոնների կողմից:

Մեզ համար, թերեւս, հարեւան սուլթանատում նման իրավիճակից անհանգստանալու շատ բան չկա: Գուցե՝ անգամ հակառակը: Ի վերջո, ակնհայտ է, որ գազով եւ նավթով հարուստ Ադրբեջանին ժողովրդավարական կառավարման համակարգ ունենալու շռայլությունը թույլ չեն տալու միջազգային քաղաքական կենտրոնները: Եվ բացի այդ՝ քանի Ալիեւների կլանն է երկրի ղեկին, պատերազմի վերսկսման հավանականությանը փոքր կմնա: Միայն թե գոնե այսքանից հետո այդ նույն հեղինակավոր միջազգային կառույցները՝ մասնավորապես ԵԽԽՎ-ն, իր խավիարասեր ղեկավարությամբ, դադարեն Հայաստանն ու Ադրբեջանը դիտակել նույն հարթության վրա: Արդեն իսկապես ամոթ է:




Լրահոս