«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն ու Համակարգող խորհուրդը վերջին շրջանում հասարակության աչքին չեն երևում: Խմբի նկատմամբ հնարավոր ճնշումների, հետագա գործողությունների և ապստամբությունից հետո կատարվող փոփոխությունների շուրջ Armlur.am-ը զրուցեց Ալեք Ենիգոմշայանի հետ:
-Պարո՛ն Ենիգոմշյան, վերջին շրջանում Կառավարությունում ակտիվ փոփոխություններ են, ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը, արդյոք «Սասնա ծռերի» գործողություններն այստեղ ազդեցություն ունեցան:
-Այն, որ այդ ամենն արդյունքն էր «Սասնա ծռերի» գործողությունների, չեմ ժխտի, այստեղ, թե ուղղակի, թե անուղղակի կապ կա: «Սասնա ծռերի» գործողությունները բողոք էր երկրում տիրող անընդունելի իրավիճակին և ժողովրդի մեծ աջակցությունը, որ կար այդ օրերին, խոսում էր այն մասին, որ ժողովրդի ստվար զանգվածի համար էլ անընդունելի էր գոյություն ունեցող իրավիճակը: Եվ համակարգն այդ պայմաններում ինչ-որ բան պետք է ձեռնարկեր:
-Այսինքն կարո՞ղ ենք ասել, որ այս փոփոխությունները որոշ չափով խմբավորման անդամների պահանջերը բավարարում են:
-Պահանջերից որևէ մեկը չի կատարվելՙ քանի որ «Սասնա ծռերի» պահանջերը շատ ավելի խորքային են, և դա անձերի փոփոխությամբ կոսմետիկական լուծումներով չի կատարվում: Պահանջների իրականացում այստեղ չկա: Մեր երկրի խնդիրները շատ համալիր են:
-Փոփոխությունները միայն ներքին լսարանին լռեցնելու փո՞րձ եք համարում:
-Ներքին առումով այս փոփոխությունները ներքին քաղաքական վրադասավորւմների հետ են կապված, և ամբողջական համակարգն այսպիսով չի լուծում, միայն վերադասավորումներ են համակարգի ներսում: Մակերեսային փոփոխությունների ճանապարհով ժողովրդային ընդվզումը լռեցնելու փորձ է:
Ինչ վերաբերվում է արտաքին խնդիրների լուծմանը, ապա պետք է նշեմ, որ վարչապետի նշանակումը, արդեն իսկ խոսում է մեր կախվածության մասին, քաղաքականապես ստացվում է Մոսկվայի ներկայացուցիչ Հայաստանում:
-Պարո՛ն Ենիգոմշյան, ինչո՞վ է պայմանավորված Ձեր և Խորհրդի լռությունը, ինչ-որ ճնշումներ են եղել այս ընթացքում ձեր նկատմամբ:
-Խորհրդի վրա ճնշումներ որպես այդիսին չկան, իսկ շարժման վրա ճնշումներ, ինչպես որ տեսանք, կային: Թեկուզ հենց կալանքի անհիմն երկարացումները ճնշման մի ձև են, երբ չեն թույլատրում անգամ հարազատներին տեսակցել:
Լռությունն այժմ պայմանավորված է իրավիճակի որոշակի փոփոխությամբ, ես վստահեցնում եմ, որ շատ շուտով մենք հայտարարությամբ և փաստաթղթերով հանդես կգանք: Հետագա քայլերի մասին ևս կհայտարարենք:
-Քանի որ խոսեցիք կալանքի երկարացման մասին, երբ խմբավորման անդամներին ձերբակալեցին, անմիջապես հետո երկուսին ազատ արձակեցին, Դուք նրանց ճանաչո՞ւմ էիք, կամ հանդիպե՞լ եք ազատ արձակվելուց հետո:
-Ես նրանց չեմ ճանաչել, միայն գիտեմ, որ Սպիտակից են եղել, հետո էլ չենք հանդիպել, բայց նրանց մեղադրանքը չի վերացել, միայն խափանման միջոցն է փոխվել, վերջերս էլ անդամներից մեկի խափանման միջոցը կրկին փոփոխեցին, և նա էլ ազատ արձակվեց:
-Պարո՛ն Ենիգոմշյան, այսօր տեղեկացանք, որ ՀՔԾ որոշմամբ կալանք է դրվել Ձեր բանկային հաշվեհամարի վրա, Ձեզ ծանուցում տրվել է, թե ի՞նչ հիմնավորմամբ է կիրառվել կալանքը:
-Ես կալանքի որոշման մասին տեղեկացել եմ բանկից, ծանուցում չեմ ստացել և տեղյակ չեմ, թե ինչն է կալանքի հիմքը, երբ ձեռքի տակ ունենանք անհրաժեշտ փաստաթղթերըՙ միանշանակ կբողոքարկենք այդ որոշումը: Մեզ բանկից ասում են, որ չեն կարող տալ իրենց ստացած ծանուցումը նման որոշում կիրառելու մասին:
Զրուցեց Լիլիթ Շաբոյանը