Փամփուշտներ գողանալու համար դատապարտել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջան քաղաքում բնակվող, 1992թ. ծնված Արմեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, պահեստապետ, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ 2014թ. դեկտեմբերի ամսից մինչեւ 2015թ. մարտ ամիսն իրեն վստահված, նշված զորամասի պահեստից հափշտակել է ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի փամփուշտներ, դրանք ապօրինի փոխադրել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաք եւ այնտեղ իրացրել:

Ա. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 235 (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 238 հոդվածներով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը):

Ա. Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Հոկտեմբերի 20-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ա. Մուրադյանին մեղավոր ճանաչել առաջադրված հոդվածներով եւ ՀՀ քր. օր. 66 հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով նրան դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման:

Դատարանը վճռել է Ա. Մուրադյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 253 հազար 935 դրամ՝ որպես պետությանը պատճառված նյութական վնասի փոխհատուցում: Դատավճռով իրեղեն ապացույց ճանաչված, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությանը ի պահ հանձնված 8720 հատ 7.62 մմ տրամաչափի եւ 1412 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտները եւ այլ ռազմամթերքը հանձնվել է վերոհիշյալ զորամասի տնօրինմանը:
Ոսկան Սարգսյան




Լրահոս