ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ՉԻ ԱՌԱՋԱԴՐԻ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի սեպտեմբերի 3-ին մահացավ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, եւ այժմ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես իրականացնում է Վահան Տեր-Ղեւոնդյանը: Առաջիկայում պետք է որոշվի, թե ով է լինելու համամարդկային մշակութային նշանակություն ունեցող այս կարեւորագույն կառույցի ղեկավարը: Մեզ հասած տեղեկություններով՝ այս օրերին Մատենադարանում դժգոհության ալիք է բարձրացել. հայտնի է դարձել, որ տնօրենի պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրելու Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը: «Ժողովուրդ»-ը նախ փորձեց պարզել, թե ինչ ընթացակարգով է իրականացվում Մատենադարանի տնօրենի ընտրությունը:

Մատենադարանի կադրերի բաժնի վարիչ Անահիտ Նշանյան
-Տիկի՛ն Նշանյան, կներկայացնեք, թե ինչ ընթացակարգով է իրականացվում Մատենադարանի տնօրենի ընտրությունը:
-ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը տալիս է հայտարարություն, որից հետո մինչեւ 30 օրվա ընթացքում թեկնածուները դիմում են, եւ արդեն քառասուներորդ օրը լինում է Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ: Արդյունքում, Մատենադարանի կառավարման խորհուրդը, ըստ առաջադրված թեկնածուների, ընտրում է Մատենադարանի տնօրեն:
-Մատենադարանի խորհուրդը քանի՞ հոգուց է բաղկացած, եւ արդյո՞ք տնօրենի ընտրության նիստը բաց է լինելու մամուլի համար:
-Կառավարման խորհուրդը բաղկացած է 39 անդամից, որը կազմված է հիմնադրամի կողմից առաջադրված անդամներից, լիազորված պետական մարմնի կողմից առաջադրված անդամներից եւ Մատենադարանի տնօրենի աշխատակազմի ներկայացուցիչներից: Իսկ, ահա, ընտրությունը դռնփակ է իրականացվում:
-Իսկ տեղյա՞կ եք, թե նախարարությունը երբ է պատրաստվում մրցույթ հայտարարել:
-Տեղյակ չեմ, ոչինչ չգիտենք, երբ հայտարարություն տան, մեզ կտեղեկացնեն: Եթե տված լինեն, կիմանայինք, հետեւում ենք իրենց թերթին:
-Իսկ Մատենադարանի տնօրենի թեկնածուն ի՞նչ չափանիշների պետք է հապատասխանի՝ այդ մրցույթին մասնակցելու համար:
-Մատենադարանի տնօրենի թեկնածությունը գրանցելու համար թեկնածուի կողմից ներկայացվում է գրավոր դիմում կառավարման խորհրդի նախագահի անունով, դիմումին կցվում է թեկնածուի ինքնակենսագրականը, լուսանկար, անձնագրի պատճեն, զինգրքույկ: Թեկնածուն պետք է լինի առնվազն 5 տարվա գիտական կամ գիտամանկավարժական աշխատանքային փորձառությամբ, պետք է ներկայացնի հրատարակված աշխատությունների, հոդվածների, հրապարակումների համառոտ մենագրությունը, պետք է ներկայացնի Մատենադարանի գործունեության զարգացման եւ բարեփոխման հայեցակարգ, ծրագիր:
-Տեղեկություններ կան, որ իր թեկնածությունն է ցանկանում առաջադրել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը, ով նաեւ Մատենադարանի կառավարման խորհրդի կազմում է: Արդյո՞ք խորհրդի անդամները կարող են իրենց թեկնածությունը առաջադրել տնօրենի պաշտոնի համար:
-Կարող են, եթե համապատասխանում են: Կոնկրետ Ձեր ասած թեկնածության մասին չեմ կարող ասել, մենք ինչ ասես, չենք լսում ինտերնետով, բայց փաստացի Ձեզ որեւէ բան ասել չեմ կարող:
-Տեղեկություններ կան, որ Մատենադարանի աշխատակիցների շրջանում արդեն իսկ մեծ դժգոհություն կա Լեւոն Սարգսյանի թեկնածության հետ կապված:
-Գիտեք, Մատենադարանը ընդհանրապես շատ չեզոք դիրքում է, սպասում են՝ երբ կլինի ընտրությունը, նման տարաձայնություն չկա:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյան
-Տիկի՛ն Գրիգորյան, կարող եք ասել՝ ե՞րբ է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը պատրաստվում Մատենադարանի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ հայտարարել:
-Որպես ՊՈԱԿ՝ 6 ամսվա ընթացքում պաշտոնակատարը կարող է ղեկավարել տվյալ հաստատությունը կամ Մատենադարանը:
-Արդեն երկու ամիս է, ինչ Մատենադարանը տնօրեն չունի, այլ անձի վրա են դրված այդ պարտականությունները, ինչն է խանգարում մրցույթ հայտարարել:
-Երբ տնօրենները մահանում են, այդտեղ միանգամից մրցույթ հայտարարելը այդքան էլ … կարելի է հարգել: Նախարարությունում դեռեւս այդ մասին խոսակցություն չկա, ինձ թվում է՝ մի քիչ ուշ կլինի, 6 ամսվա ընթացքում:
-Իսկ նախարարությունը ունի՞ իր թեկնածուն:
-Ընդհանրապես հատուկ թեկնածուներ չեն լինում, նախ հայտարարվում է մրցույթը, նայած թե ով է բերում եւ ներկայացնում իր թեկնածությունը:
«Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը հայտնեց, որ չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթում:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՎԱՆԵԼ Է ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԸ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի առաջին աստիճանի Մարտական խաչի ասպետ-հերոս, գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, մի քանի ամիս առաջ իր համախոհների հետ հիմնել է «Միասնական Արմենիա» կազմակերպությունը։ Այն նպատակ ունի ԱԺ-ում ստեղծել երկրորդ պալատ, որտեղ կընդգրկվեն սփյուռքահայ պատգամավորներ, որպեսզի իրավունք ունենան Հայաստանի քաղաքական կյանքում իրենց խոսքն ասել: Թե ի՞նչ փուլում է գտնվում նախաձեռնությունը, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ նպատակի իրագործման համար, «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել հենց Արթուր Ալեքսանյանից:

-Պարո՛ն Ալեքսանյան, Դուք նախաձեռնությամբ եք հանդես եկել, որը նպատակ ունի Աժ-ում ստեղծել վերին եւ ստորին պալատներ, ի՞նչ փուլում է գտնվում այդ գործընթացը:
-Ընթացքի մեջ է, տարբեր տեղերից նամակներ են գրում, հավանություն են տալիս: Շատ արձագանքներ կան, պետք է հանդիպումներ լինեն, շուտով, կարծում եմ, կկայանան, մոտակա 10-15 օրվա ընթացքում:
-Այս տարի, կարծես թե, մեծ է սփյուռքի ակտիվությունը: Ստեղծվեցին «Գլոբալ հայեր» եւ «Արդարությունը Հայաստանում» նախագծերը: Նրա՞նց հետ են տեղի ունենալու Ձեր նշած հանդիպումները:
-Ո՛չ, իրենց մասին չէ խոսքը, նախաձեռնող խումբ ունենք, իրենք անուն չունեն, իրենց հետ պետք է հանդիպենք:
-Իսկ «Գլոբալ հայեր» եւ «Արդարությունը Հայաստանում» նախագծերի հեղինակների հետ բանակցություններ տարվո՞ւմ են:
-Իրենք միայն հավանություն են տվել մեր ծրագրերին, մենք շարժում ենք, կուսակցություն չենք, որ միանանք, ինչ-որ բաներ ձեռնարկենք: Այս պահին մենք միայն մեր առաքելությունը տեսնում ենք, որ արդար ընտրություններ կազմակերպվեն ապրիլյան օրերին, ընդամենը դա է մեր խնդիրը, նպատակ չունենք, հավես էլ չունենք: Եթե գաղափարը ընդունվի, շարժումը ընդունվի, հնարավոր է՝ մենք հարենք որեւէ կուսակցության:
-Բայց Դուք ունեք մի նպատակ, որի իրագործման համար Ձեզ հարկավոր է ԱԺ մեծամասնության, ասել է թե, իշխող ՀՀԿ-ի աջակցությունը, խոսքը վերին եւ ստորին պալատների ստեղծման մասին է…
-Այո՛, իհարկե:
-Ինչպե՞ս եք այդ աջակցությունը ստանալու:
-Մեր նպատակը դա է, պետք է ե՛ւ իրազեկենք, ե՛ւ պահանջենք ե՛ւ քարոզենք, որ իրենք այդ որոշումը ընդունեն, առանց ԱԺ-ի որոշման նման բան չի կարող լինել:
-Եւ, ի վերջո, խոսք է գնում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ միասնական նախաձեռնությամբ եք հանդես գալու…
-Ո՛չ, տենց բան չկա: Սեյրան Օհանյանի հետ մենք մտերիմ ընկերներ ենք, քավոր-սանիկներ ենք, ընդհանրապես քաղաքականության մասին չենք խոսում, ուղղակի իմանալով իմ այս նախաձեռնության մասին` ողջունել է այն եւ ասել, որ լավ գաղափար է: Ընդամենը դա, մենք քաղաքականության մասին չենք խոսում:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ Արթուր Ալեքսանյանը սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանի փեսան է: Ալեքսանյանի միջնորդությամբ էլ Վահագնի թաղամասում Սեյրան Օհանյանի համար շքեղ առանձնատուն է կառուցվում:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 
ՎԱՃԱՌՈՒՄ Է ՈՒ ՎԱՃԱՌՈՒՄ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը համայնքին պատկանող գույքի օտարման աճուրդ է հայտարարել: Մասնավորապես, քաղաքապետարանը աճուրդի է հանել քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող ոչ բնակելի տարածքներ, շինություններ եւ կաթսայատներ: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ աճուրդի է հանվել 47 կաթսայատուն, որոնք գտնվում են Երեւանի տարբեր վարչական շրջաններում: Նշենք, որ կաթսայատների արժեքը գնահատվում է ըստ դրանց քմ-ի եւ գտնվելու վայրի: Օրինակ՝ Դեմիրճյան 27 հասցեում գտնվող աճուրդի հանված կաթսայատան մեկնարկային գինը սկսում է 34.1 մլն դրամից, իսկ Չարենցի փողոցի թիվ 76/5 հասցեի կաթսայատունը՝ 363 մլն դրամից, Արտաշիսյան 3 նրբ 26/3 հասցեի կաթսայատան մեկնարկային գինը սկսում է 2.8 մլն դրամից: Ի դեպ, աճուրդը կայանալու է նոյեմբերի 11-ին: Նկատենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ կաթսայատները վաճառելը արդեն սովորույթ է դարձել, որոնք էլ օտարվելուց հետո վերածվում են բարձրահարկ բազմաբնակարան շենքերի՝ հարուցելով բնակիչների զայրույթը: Օրինակ՝ Սայաթ-Նովա 10,12 հասցեներում իրականացվող աղմկահարույց շինարարությունը, որ իբրեւ պետք է լիներ բազմաֆունկցիոնալ շենք, վերածվեց հյուրանոցի: Եւ այդ շինարարության արդյունքում շտապօգնության եւ հրշեջ մեքենաները չեն կարողանում մոտենալ այդ շենքերին:

 

 

ՑԵՄԵՆՏԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉԿԱ
Հայաստանում շինարարության բնագավառում անհրաժեշտ ապրանքատեսակներից ցեմենտի եւ գաջի արտադրության ծավալները շարունակում են նվազել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա 9 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցեմենտի արտադրության ծավալները 34.5, իսկ գաջինը՝ 37.6 տոկոսով նվազել են: Սա, թերեւս, պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր հանրապետությունում շինարարության ծավալները գնալով նվազում են, ինչը հանգեցնում է ցեմենտի, գաջի պահանջարկի անկմանը: Շինարարության ոլորտում անկումը շարունակվում է արդեն մոտ 5 տարի:

 

 

ՍԱԿԱԳՆԵՐԸ ԿՇԵՐՏԱՎՈՐՎԵՆ
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է ընդգրկված «Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի եւ էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին» հարցը: Կառավարության որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվելու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցողները: Ըստ այդմ, ՀԾԿՀ-ին առաջարկվելու է բնական գազի եւ էլեկտրական էներգիայի սակագներ սահմանելիս նմանատիպ ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի եւ էլեկտրական էներգիայի համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ:




Լրահոս