Գևորգ Սաֆարյանի գործով վկան ճանաչել է իրեն հարվածած ոստիկանին. տեղի ունեցավ հերթական դատական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի դատավարությունը:

Նիստի ընթացքում  Գեւորգ Սաֆարյանի գործով վկա, «Նոր Հայաստան» շարժման աջակից Սեւակ Մանուկյանը ճանաչել է այն ոստիկանին, ով Ամանորի գիշերն իր այնպես է հարվածել, որ ինքը ուշագնաց է եղել:  Այս մասին դատարանում տված իր ցուցմունքում ասաց նա:

Սեւակ Մանուկյանը Գեւորգ Սաֆարյանին ճանաչում է 1.5 տարի, ծանոթացել է «Նոր Հայաստան» շարժմանն աջակցելու ընթացքում: Նրա պատմեց, որ 2015թ. դեկտեմբերի 31-ին գնացել են Ազատության հրապարակ՝ նշելու Նոր տարին: Նրա խոսքով՝ տոնածառի տեղադրմանը խոչընդոտել են ոստիկանները, Գեւորգ Սաֆարյանը փորձել է հարթել միջադեպը, ոչ մի հարված չի եղել նրա կողմից:

Այնուհետեւ վկան տեսել է, թե ինչպես են ոստիկանները հարվածել Հովհաննես Ղազարյանին, ոտքով պատնեշ են արել, Հովհաննես Ղազարյանը ընկել է գետնին: Նրա խոսքով՝ ինքը չի տեսել՝ ինչպես են կալանավորում Գեւորգ Սաֆարյանին, որովհետեւ նա գիտակցություն չի ունեցել՝ ուշագնաց է եղել իրեն հարվածած ոստիկանի հարվածից. «Կարմիր բերետավորները պարանոցիցս սեղմել են, հայհոյանք են հասցրել, քաշ տվել դեպի հրապարակի ծառերի կողմը»:

Նա նշեց, որ իրեն հարվածած ոստիկանին տեսել է ֆեյսբուքում, ճանաչել է լուսանկարով, նրա անունը Վարդան Ապրեսյան է:

Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է Ամանորի գիշերը Ազատության հրապարակում տեղի ունեցած քաշքշոցի ընթացքում և մեղադրվում է ոստիկանության ծառայակից Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ:




Լրահոս