ՀԱՅՐԵՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ «ԿՈՃԱԿՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ապագա խորհրդարանի ձեւավորման գործընթացն արդեն կարելի է ասել՝ մեկնարկել է, բայց կուլիսային մակարդակով: Իսկ ինչպես է սովորաբար Հայաստանում ձեւավորվում խորհրդարանը:

Տարիներ շարունակ ազգային ժողովի պատգամավորներ են ընտրվել այն մարդիկ, ովքեր իշխանության վերին օղակներում ունեն հովանավորներ, որոնք ցուցակների կազման վրա որոշիչ ազդեցություն են ունեցել: Այդ պահապանները «քավոր կանգնելով» ապագա խորհրդարանականների համար՝ մի կողմից իրենց էլ «կրակն են գցում», որովհետեւ դառնում են ընտրյալ խորհրդարանականների գործունեության համար պատասխանատուները: Ակնհայտ է, որ այժմյան խորհրդարանի մեծամասնությունը ոչ քաղաքական դեմքեր են, ընտրվել են որեւէ ազդեցիկ անձնավորության «կոճակը» լինելու համար: Ինչո՞ւ կոճակը: Որովհետեւ այդ պատգամավորներն ԱԺ-ում իրենց գործունեությունը ծավալում են՝ նախապես քայլերը համաձայնեցնելով իրենց հովանավորների հետ:
Այս պահին դիտարկենք այն պատգամավորներին, որոնք Աժ-ում են հայտնվել իրենց «պապաների» շնորհիվ:
Կարինե Աճեմյան եւ Գագիկ Մելիքյան եւ էլի մի շարք ՀՀԿ-ականներ: Այս պատգամավորները ՀՀԿ-ում հայտնվել են ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհիվ եւ այժմյան ՀՀԿ-ում էլ շարունակում են գոյատեւել որպես Մարգարյանի ժառանգորդներ:
ՀՀԿ-ում շատ են նաեւ «երեսփոխան» պատգամավորները: Նրանք, ովքեր իրենց շահերի պաշտպանության համար հաճախ են փոխել իրենց «տերերին»: ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը համարվում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերից: Բայց Քոչարյանի հեռանալուց եւ Սերժ Սարգսյանի դիրքերն ամրապնդվելուց հետո Այվազյանը իր հավատարմությունը ցուցաբերեց Սարգսյանին:
Քոչարյանի շնորհիվ ԱԺ-ում հայտնված պատգամավորներից է նաեւ անկուսակցական, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը: Վերջինս Ռոբերտ Քոչարյանի խնամին է, ով, սակայն, մշտապես պարտաճանաչ ներկա է լինում ԱԺ բոլոր նիստերին:
Աշոտ Արսենյան անուն-ազգանունը որպես պատգամավոր քչերին է հայտնի: Նրան շատերը ճանաչում են որպես Ջերմուկի Արսենյան: Վերջինս տարիներ շարունակ համարվում էր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոճակը, սակայն նախկին վարչապետի դիրքերը թուլանալուց հետո Արսենյանը վազեց Սերժ Սարգսյանի դուռը:
Հովիկ Աբրահամյանի նախկին հավատարիմներից է համարվում Արայիկ Գրիգորյանը, ով առավել հայտնի է «Ավշարի Արայիկ» անվամբ: Հովիկ Աբրահամյանի «հեռանալուց» հետո անգամ լուրեր շրջանառվեցին, որ իշխանությունները ցանկանում են Գրիգորյան եղբայրների «տիրապետության տակ» հանձնել Արարատի մարզը: Սակայն Աբրահամյաններին «գահընկեց» անելը բավականին բարդ է: Հիշեցնենք, որ Արարատի նախկին մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը եւ Արայիկ Գրիգորյանը եղբայրներ են:
Հովիկ Աբրահամյանի միջոցով պատգամավորական մանդատ ձեռք բերած, բայց մինչ օրս հավատարիմ մարդը Կարին Պողոսյանն է: Վերջինս նաեւ Աբրահամյանի մորաքրոջ թոռն է:
2013 թվականի խորհրդարանում հայտնի գործարար Հրանտ Վարդանյանը, չցանկանալով տեսնել իր որդիներին, նրանց փոխարինեց իր կողմից այլ վստահելի անձանցով, ինչպիսիք են Արմեն Բաբայանը եւ Մարինե Մարաբյանը, որոնք ԱԺ-ում աչքի են ընկել իրենց լռությամբ:
ՀՀԿ-ում, բացի հնաբնակներից, իրենց տեղն ու դերն ունեն նաեւ երիտթեւի ներկայացուցիչները, որոնք եւս բաժանվում են երկու խմբի` ՀՀԿ-ի հնաբնակների ազդեցության տակ գտնվողներ եւ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ-ի դեսպանի՝ Միքայել Մինասյանի հավատարիմներ: Այդպիսի պատգամավորների թվում են «Միացյալ ազատական կուսակցության» անդամներ, իհարկե, ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը եւ Սամվել Ֆարմանյանը: Միքայել Մինասյանը, սակայն, ՀՀԿ-ով չի սահմանափակվել: Դաշնակցական պատգամավոր Կարեն Շախմուրադյանը եւս Մինասյանի կոճակներից է դաշնակցության կազմում:
Այն, որ Սամվել եւ Կարեն Կարապետյանները մեծ ներուժ ունեն մեր երկրի ներքաղաքական կյանքում, գաղտնիք չէ, զարմանալի չէ նաեւ այն, որ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը ԱԺ-ում ունի իր կոճակ սեղմողներին: Այդպիսիք են` Արտակ Դավթյանը, Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը, Մկրտիչ Մինասյանը, Հովհաննես Սոֆոյանը եւ էլի մի քանիսը:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ անմասն չի մնացել «քավոր կանգնելու» արարողությունից: Խաչատրյանը իր հովանու տակ է վերցրել պատգամավորներ Արմեն Կարապետյանին եւ Հայկ Գրիգորյանին:
Այս առումով «ամենաթափթված» վիճակը ԲՀԿ-ում է: ԲՀԿ ցուցակով ԱԺ են մտել այնպիսի դեմքեր, որոնք քաղաքական թատերաբեմում երբեւէ լուրջ դեր չեն ունեցել: ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար կարեւորը ոչ թե Հարվարդ ավարտելն է եղել, այլեւ կուսակցության համար ձայներ հավաքելու կարողությունը: Ծառուկյանի թեթեւ ձեռքով խորհրդարանում են հայտնվել Արագած Ախոյանը, Արայիկ Աղաբաբյանը, Բազմասեր Առաքելյանը, նախկին գյուղապետ Արմեն Ավետիսյանը, քաղաքաշինության նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Արա Արամյանը, Հայկ Խաչատրյանը, Վահագն Մախսուդյանը, Աբրահամ Մանուկյանը, Տիգրան Ներսիսյանը, Մուշեղ Պետոյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, Մելիք Մանուկյանը…
Հայրենի խորհրդարանում կան նաեւ այնպիսի պատգամավորներ, որոնք իրենց տեսակով կոճակի դեր չեն կատարում, ուղղակի կարողացել են մանդատ ձեռք բերել քաղաքական լուրջ դեմքերի հետ ծանոթ-բարեկամական կապերի շնորհիվ: Օրինակ՝ ՀՀԿ-ական Արթուր Գեւորգյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, Մուրադ Գուլոյանի որդին ամուսնացած է Գագիկ Ծառուկյանի ավագ դստեր հետ, ՕԵԿ-ական Լեւոն Դոխոլյանը Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան է, Կորյուն Նահապետյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսան է, Գարեգին Նուշիկյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Վարդանյանի խնամին է, Ռուբեն Սադոյանը Գագիկ Բեգլարյանի եղբոր սանիկն է, Ռոբերտ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:
ԱԺ-ում իր կոճակն ունենալու «պատվին» են արժանացել նաեւ Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, որի հովանավորյալը Վահրամ Մկրտչյանն է: Իսկ ահա Սերժ Սարգսյանի թիկնազորի ղեկավար Վաչագան Ղազարյանը «գառանտ է կանգնել» Արտակ Սարգսյանի` Սասի Արտակի համար: Այս շարքում իր տեղն ունի նաեւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, նրա կոճակն էլ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Ստեփանյանն է:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ այս անձանց «խորհրդարանական» ճակատագիրը կախված կլինի քաղաքական դաշտում իրենց «պահապանների» ունեցած ազդեցությունից եւ վերադասների մոտ ունեցած վստահությունից:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ԱԶԳ-ԲԱՆԱԿ
ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը երեկ լրատվամիջոցների ղեկավարների հետ փակ հանդիպում էր նախաձեռնել: Ժամը 21:00-ին նախատեսված հավաքը սկսվեց 12 րոպե ուշացումով, ինչը ՊՆ-ի համար անհրաժեշտ զինվորական ճշտապահության տեսանկյունից թերացում կարելի է համարել: Բայց քանի որ նախարար Սարգսյանը շարային ծառայություն չի անցել բանակում, թերեւս նորմալ է: Նշենք, որ Վ. Սարգսյանը բավականին երկար մանրամասնեց «ազգ-բանակ» տեսլականը, իր կողմից իրականացվելիք ծրագրերը, որոնք որքան հավակնոտ, նույնքան էլ իրականանալի կարելի է համարել: Խոստացավ լրագրողների հետ բաց աշխատել, պարբերաբար հանդիպումներ կազմակերպել: Համեմատության համար նշենք, որ Սեյրան Օհանյանն էլ սկզբում նույնպիսի ոգեւորությամբ էր խոսում ծրագրերի մասին, սակայն հետագայում կամաց-կամաց «քաշվեց իր պատյանի մեջ» եւ… գնաց: «Ժողովուրդ»-ը նախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք բանակային կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դիտարկելու է նախկինում իրականացված հանցանքները, որ, օրինակ, 3 անգամ թանկ գներով բանակին ինչ-որ իրեր են մատակարարել ու անպատիժ են: Ասաց, որ քննությունն իրենք չեն իրականացնում, իսկ անցյալի մեջ խորանալ չի ուզում: Պետք է ստեղծի այնպիսի մթնոլորտ, որ կոռուպցիան նվազի: Նաեւ հայտնեց, որ զբաղեցնելով քաղաքական պաշտոն՝ պատրաստվում է առաջիկայում իշխող ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում ներկայացնել:

 

 

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանից փորձեցինք ճշտել, թե ինչ հակադրություն կա ԿԳՆ նախկին նախարար, ներկայումս նույն ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանի հետ: Մեզ արձագանքեց ԵՊԲՀ-ի խոսնակ Տաթեւիկ Գրիգորյանը եւ նշեց, որ որեւէ հակադրություն չկա, կա համագործակցություն: Արմեն Մուրադյանի եւ հոգաբարձուների խորհրդի նախագահի հարաբերությունները կրում են գործնական բնույթ եւ հիմնված են կառուցողական հիմքի վրա: Իսկ թե ինչպես կբացատրեն այն լուրերը հնարավոր բացահայտումների եւ չարաշահումների մասին, խոսնակը պատասխանեց, որ ռեկտորը, բացի ամենօրյա աշխատանքից, զբաղված է նոր զարգացման ծրագրի մշակումով, որը ապագայում կներկայացնի հանրությանը, իսկ թե ինչով կբացատրեն վերջին կադրային փոփոխությունները, նշեց, որ որեւէ կադրային փոփոխություն ինքնանպատակ չէ, այլ բխում է ապագա ծրագրից:

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ԿԱՆԵՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 21-ին եւ 22-ին Ազգային ժողովում տեղի է ունենալու արտահերթ նստաշրջան: Պարզեցինք, որ այդ ընթացքում քննարկվելու են «Կուսակցությունների մասին», մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք օրենքներ: Ի դեպ, նոյեմբերի 19-ին էլ խորհրդարանում նախատեսվում է հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների եւ ՌԴ ներկայացուցիչների միջեւ: Թերեւս կքննարկվի նաեւ ՌԴ նախագահի կողմից առաջարկված աղմկահարույց համաձայնագիրը:

 

 
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Հուլիսի 30-ին դիպուկահարի կրակոցից խոցված ոստիկանության աշխատակից Յուրի Տեփանոսյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանին: Ոստիկանությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ոստիկան Յուրի Տեփանոսյանը սպանվել է ՊՊԾ գնդի մերձակայքում, գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ, դիպուկահարի արձակած կրակոցից: Ոստիկանությունը մեղադրում է «Սասնա ծռեր» խմբին, ավելին, լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Սմբատ Բարսեղյանը: Հիշեցնենք, որ լուսանկարը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ, շատերը հայտարարեցին, որ այն արված է ֆոտոշոփով:

 

 

ԴԱՏԱԽԱԶԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆՈՒՄ
ՊՆ ներկայացրած 1000-ական դրամների օրենքի նախագծի շրջանակներում հնչող քննադատության հետ կապված երեկ ԱԺ գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը նախ ելույթ է ունեցել ԱԺ-ում, ապա պատասխանելով լրագրողների հարցին, թե ովքեր են բանակից գողացող գեներալները եւ ինչ պատիժ պետք է կրեն, ասել է. «Եթե կա տենց մարդ, ուրեմն պետք է պատժվի, ով ուզում է լինի: Ես հո շառ անող չեմ, ես բանակում չեմ, չգիտեմ: Ինձ կսազի՞, որ մեկի վրա շառ անեմ, սկի դատախազը ռիսկ չի անում անուն տա, ես որտեղից տամ, վայ դրանց հերը պիտի անիծվի»:

 

 

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակներում Նախիջեւանում «տագնապ» ազդանշանով ոտքի է հանվել ադրբեջանական բանակի համազորային միավորումը: Ադրբեջանի ՊՆ հաղորդմամբ՝ զորավարժություններ են անցկացվում մարտական տեղակայման շրջաններում պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացման նպատակով: Ինչպես նաեւ տեղաբաշխվել են բժշկական ստորաբաժանումները:




Լրահոս