ՀՀ և Նիգերի արտգործնախարարները ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 26-ին Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Նիգերի արտաքին գործերի, համագործակցության, աֆրիկյան ինտեգրման և արտասահմանի նիգերցիների հարցերով նախարար Իբրահիմ Յակուբայի հետ:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է ընդլայնել աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ համագործակցության շրջանակը, և այս առումով կարևորեց միջազգային կառույցների ընձեռած հնարավորությունները՝ բազմաթիվ հանդիպումներ ունենալու և հարաբերությունների զարգացման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու տեսանկյունից։

Նիգերի արտգործնախարարն ընդգծեց, որ իր երկրում ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին և հայ ժողովրդին, և ինքը ուրախ է Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկել փոխգործակցության հաստատման և զարգացման հարցերը։

Կողմերը քննարկեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հաստատման հնարավորությունները:

Իբրահիմ Յակուբան ներկայացրեց Արևմտյան Աֆրիկայի տարածաշրջանում Բոկո Հարամ և այլ ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրանց դեմ ձեռնարկվող քայլերը։

Հանդիպման ավարտին արտգործնախարարները ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։




Լրահոս