Ավելի պակաս չենք ստանա զենք, քան Ադրբեջանը . Շիրակ Թորոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ այս տարվա ապրիլի 6-ին՝ Բեռլինում Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, ասել էր. «Մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, սակայն այդ գործընթացին ազդելու Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են»: Եվ, ահա, այս մտահոգությունները փարատելու համար նոյեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել. այսուհետ պետական գաղտնիք են համարվելու այլ պետությունների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մասին տվյալները:

«Ժողովուրդ»-ը հրամանագրի մասին զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով եւ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամների հետ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյան

-Պարո՛ն Թորոսյան, այս տարվա ապրիլի 6-ին՝ Բեռլինում Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, ասել էր. «Մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, սակայն այդ գործընթացին ազդելու Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են»: Արդյունքում, Ռուսաստանը նոր քայլ արեց, ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի այս որոշումը կապված է Ռուսաստանի գլոբալ շահերով: Չնայած ցանկացած երկիր ցանկացած գերտերության որոշում սկսում է իր պրիզմայով դատել, եւ այն անհանգստությունը, որ մեր մեջ առաջանում է, բավականին օբյեկտիվ կարող է լինել, քանի որ, այո, տվյալ դեպքում գուցե չտեղեկացվենք, թե ինչ տեխնիկա կտրամադրվի Ադրբեջանին: Սա կարող է որոշակի խնդիր լինել մեզ համար, բայց երկրորդ կողմից էլ պետք է նայել խնդրին, մենք ստացանք շատ մեծ զինատեսակ՝ «Իսկանդեր»-ը, որը պարտադիր չէր, որ ամբողջ աշխարհն իմանար, այդ թվում՝ Ադրբեջանը: Այնպես չէ, որ այս որոշումը փակում է ընդհանրապես տեղեկատվությունը, հրամանագրի հիմնավորման մեջ բավականին նրբություն կա, թե օր առաջ տեղեկատվության տարածումը կարող է վնասել պետությանը: Այսինքն՝ կգա ինչ-որ ժամանակ, որ հանրությունը կտեղեկացվի, թե որ երկիրը ինչպես է…:

-Մեզ համար վտանգ չեք տեսնո՞ւմ:

-Բոլոր տեսանկյուններից մենք ավելի շահեկան դիրքերում ենք եւ ավելի պակաս չենք ստանա զենք, քան Ադրբեջանը, բայց, իհարկե, ցանկալի կլինի տեղեկացված լինենք, թե Ադրբեջանը ինչ ծավալի է զինվում: Տեղեկատվության փակ լինելու դեպքում մենք ավելի խորհրդավոր ենք դառնում եւ ավելի վտանգավոր հակառակորդի համար, կարծում եմ, որ որոշումը մեզ համար ավելի նպաստավոր է, քան Ադրբեջանի:

զրուցեց Քնար Մանուկյանը

 




Լրահոս