ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ՎԱՐՁՈՎ ԵՆ ԱՊՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում բնակություն հաստատած այն պատգամավորները, ովքեր Երեւանից չեն եւ ապրելու հնարավորություն չունեն մայրաքաղաքում, ՀՀ Ազգային ժողովի բյուջեց ամսական 100 հազար դրամ են ստանում՝ վարձով բնակարանի ծախսերը հոգալու համար:

Ինչպես հայտնի է՝ ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի»` Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է մայրաքաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է ԱԺ նախագահը: Եթե 2010 թվականին պատգամավորներին տրվող բնակարանի վարձավճարը 45 հազար դրամ էր, ապա 6 տարի անց այն կազմում է 100 հազար դրամ:
Իսկ ովքե՞ր են այդ պատգամավորները: ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցին՝ տրամադրեց այն տասը պատգամավորների ցանկը, որոնք խորհրդարանի տրամադրած գումարով տուն են վարձել Երեւանում:
Նրանք են՝
1. Իշխան Խաչատրյան (ՕԵԿ խմբակցություն)
2. Էդմոն Մարուքյան (անկախ պատգամավոր)
3. Կարինե Պողոսյան (ՀՀԿ խմբակցություն)
4. Հայկ Գրիգորյան (ՀՀԿ խմբակցություն)
5. Սուքիաս Ավետիսյան (ՀՀԿ խմբակցություն)
6. Հովհաննես Մարգարյան (ՕԵԿ խմբակցություն)
7. Դավիթ Քոչարյան (անկուսակցական)
8. Նաիրա Կարապետյան (ՀՀԿ խմբակցություն)
9. Լյուդմիլա Սարգսյան (ՀԱԿ խմբակցություն)
10. Վահագն Մախսուդյան (ԲՀԿ խմբակցություն)
Թե քաղաքի որ հատվածում եւ ինչ պայմաններով բնակարան են վարձել պատգամավորները, պաշտոնապես ճշտել չհաջողվեց, սակայն նրանք դասվում են «գերազանցիկ» պաշտոնյաների շարքին, ասել է, թե գրեթե որեւէ նիստ բաց չեն թողնում:
Իսկ ինչ կարողություն ունեն հիշատակված 10 պատգամավորները: Ուսումնասիրելով «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում» նրանց ներկայացրած պաշտոնական հայտարարագրերը՝ «Ժողովուրդ»-ն արձանագրեց հետեւյալ պատկերը:

Հայկ Գրիգորյան
Պատգամավոր դառնալիս՝ 2012 թվականին, ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանը հայտարարագրել է 108 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից, իսկ արդեն 2015-ին այն կազմել է ընդհանուր 6 միլիոն 435 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գրիգորյանը ԱԺ-ում է հայտնվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորությամբ, իսկ խորհրդարան է գալիս միայն դեմ քվեարկելու համար. մինչ օրս 828 անգամ դեմ է քվեարկել, ոչ մի անգամ ելույթ չի ունեցել. դասական կոճակ սեղմող պատգամավոր:

Կարինե Պողոսյան
Գրեթե նույն կարգավիճակում է Հայկ Գրիգորյանի կուսակից, Արտաշատի թիվ 1 դպրոցի նախկին տնօրեն, թիվ 17 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը, ով օրենսդրական նախաձեռնություններով երբեւէ աչքի չի ընկել: Թեպետ գործընկերային համերաշխությունից ելնելով՝ որոշ նախագծերի տակ նրա անունը եւս գրվում է որպես համահեղինակի: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի զարմուհի-պատգամավորը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է ավելի քան 3 միլիոն 500 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից, իսկ վերջին թարմացված տվյալների համաձայն՝ ավելի քան 7 միլիոն դրամ: Այլ ունեցվածք պատգամավորը չի հայտարարագրել:

Սուքիաս Ավետիսյան
Վարձակալական հիմունքներով Երեւանում բնակվող պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը համեմատաբար ապահովված է՝ ի տարբերություն նույն կարգավիճակում գտնվող իր կուսակից պատգամավորների: Եթե առաջին հայտարարագրում պատգամավորն ուներ երեք ավտոմեքենա եւ 26 հազար դրամ, ապա վերջինում նրա ունեցվածքը կտրուկ աճել է՝ հասնելով ավելի քան 7 միլիոն 5 հարյուր հազարի: Ի դեպ, այն ըստ ներկայացված տվյալների՝ գոյացել է աշխատավարձից: Այսինքն՝ նա աշխատավարձը միշտ կուտակել է, իսկ թե ինչով է ապրել, պարզ չէ:

Նաիրա Կարապետյան
«Միացյալ ազատական ազգային» կուսակցության անդամ, 2012թ.-ին համամասնական ընտրակարգով ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Նաիրա Կարապետյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, 2012-ի համեմատ աճել է: Այսպես՝ սկզբում աշխատավարձից գոյացած եկամուտները կազմել են 1 մլն 200 հազար դրամ, իսկ 2015-ին այն արդեն դարձել է ավելի քան 6 միլիոն 700 հազար: Իսկ որպես դրամական միջոցներ Նաիրա Կարապետյանը հայտարարագրել է ավելի քան 21 միլիոն դրամ: Այլ եկամուտներ ՀՀԿ-ական պատգամավորը չի հայտարարագրել:

Հովհաննես Մարգարյան
Ինչպես արդեն նշեցինք՝ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը բոլոր ժամանակներում Երեւանում վարձով է բնակվել: Փոխվել է միայն տարիների ընթացքում նրան տրամադրվող գումարի չափը: Գյումրիում ավագանու ընտրություններին ընդառաջ սկանդալների մեջ հայտնված պատգամավորը հարստանալու փոխարեն աղքատացել է: Այսպես՝ եթե 2012-ին նրա ունեցվածքում ներկայացվել է բնակարան, տարբեր փոխառություններից ընդհանուր 16 միլիոնի հասնող եկամուտ, ապա 2015-ին Հովհաննես Մարգարյանը հայտարարագրել է միայն աշխատավարձից ստացված եկամուտները՝ ավելի քան 7 միլիոն դրամ, ինչպես նաեւ եւս 7 միլիոն դրամ որպես դրամական միջոց:

Իշխան Խաչատրյան
OԵԿ-ական Իշխան Խաչատրյանը եւս այն պատգամավորներից է, ով տարիներ շարունակ Երեւանում վարձով է բնակվում, սակայն նա, ի տարբերություն իր «բախտակից» կուսակցի, կարելի է ասել, մեծահարուստ է: Եթե 2012-ին նրա դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ եւ 7 հազար դոլար, ապա 2015-ին դարձել է 2 միլիոն դրամ, դոլարը պահպանվել է:

Վահագն Մախսուդյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանի մասին, կարելի է ասել, գրեթե ասելիք չկա: Պատգամավորը չի ալարել, 4 տարվա ընթացքում 1 ելույթ է ունեցել, 19 անգամ հարց տվել, 411 անգամ կողմ քվեարկել, 118 անգամ բացակայել: Սակայն հայտնի է որպես վարձով բնակվող միլիոնատեր պատգամավոր: Ըստ պաշտոնական տվյալների՝ նրա ունեցվածքը գերազանցում է 8 միլիոնը: Որոշ տեղեկություններով՝ Մախսուդյանը ԱԺ-ում է հայտնվել փեսայի՝ դստեր ամուսնու, «ԲԱՄՕ»-ի համասեփականատեր Հակոբ Մուրադյանի օգնությամբ:

Դավիթ Քոչարյան
Հրազդանից պատգամավոր ընտրվելուց հետո նախկին ԲՀԿ-ականը հայտարարագրել է 2 բնակարան, 2 ոչ բնակելի տարածք եւ 3 հողամաս: Դավիթ Քոչարյանն այդ ժամանակ ուներ նաեւ 3 ավտոմեքենա: Իսկ ՊԵԿ-ից ստացված աշխատավարձից գոյացած եկամուտները կազմել են 1 մլն 864 հազ 320 եւ ավելի քան 19 մլն դրամ եւ 130 հազար դոլար: Իսկ արդեն 2015-ին գույքը օտարելուց ստացված եկամուտները գերազանցել են 6 միլիարդ դրամը: Նրա դրամական միջոցները հասնում են 34 միլիոնի եւ 101 հազար դոլարի:

Լյուդմիլա Սարգսյան
Ընդդիմադիր պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը եւս վարձով բնակվող պատգամավորների շարքում է: ՀԱԿ խմբակցության անդամը պաշտոնը ստանձնելիս ոչինչ չի հայտարարագրել, իսկ արդեն նախորդ տարի աշխատավարձից գոյացած եկամուտները գերազանցել են 7 միլիոն դրամը: Այլ եկամուտներ պատգամավորը, ըստ հայտարարագրի, չունի:

Էդմոն Մարուքյան
Թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընդդիմադիր պատգամավոր, փաստաբան Էդմոն Մարուքյանը եւս վարձով է բնակվում: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մանդատը ստանձնելիս հայտարարագրել է ավելի քան 3 միլիոն դրամի եկամուտ, իսկ դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 6 հարյուր հազար դրամ, 990 եվրո: Անկուսակցական պատգամավորը նաեւ HONDA CR-V 4.2 մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել: Իսկ արդեն 2015-ին նրա դրամական միջոցները կազմել են ավելի քան 1 միլիոն դրամ եւ 2 հազար եվրո, իսկ աշխատավարձից գոյացած եկամուտները գերազանցում են 12 միլիոն դրամը:
Գալով ընդհանուր եզրահանգման՝ կարող ենք փաստել, որ վարձակալության հիմունքներով բնակվող պատգամավորների սոցիալական վիճակները ծայրահեղությունից ծայրահեղություն են. նրանք կա՛մ միլիոնատեր են, կա՛մ, կարելի է ասել, ոչինչ չունեն:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՏԵՐԻՄՆԵՐԸ
«Ժողովուրդ»-ը դեռեւս 2016 թվականի հունվարի 29-ին գրել էր, որ ազգային անվտանգության ծառայության կողմից Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցավոր խմբի գործով շրջանառվում էր Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մարդկանց անունները՝ իբրեւ հովանավորների: Ըստ շրջանառվող լուրերի՝ հանցավոր խմբի գործով կալանավորվածները բավականին ուշագրավ ցուցմունքներ են տվել: Մասնավորապես Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը ներկայացրել է խմբի անդամների եւ պարագլուխ Արթուր Վարդանյանի գործունեության մանրամասները: Նա նաեւ իրավապահներին է ներկայացրել, թե Արթուր Վարդանյանը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ում հետ է հանդիպել, ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել: Լուրեր կան, որ անունների մեջ եղել էին նաեւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մարդկանց անուններ, օրինակ՝ գործարար Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը:
«Ժողովուրդ»-ը ՀՀԿ 16-րդ համագումարից հետո Բարսեղ Բեգլարյանից հետաքրքրվեց՝ արդյոք նա հանդիպել է Արթուր Վարդանյանին եւ ֆինանսական աջակցություն կամ այդպիսի ցանկության խոստում տվել: «Սուտ չեմ կարող ասել, որ Աստծու անունը տալիս եմ, դա հարյուր տոկոս է, չեմ էլ ճանաչում»,- ասաց գործարար Բեգլարյանը:
Հավելենք, որ շուրջ մեկ տարի քննելուց հետո՝ նոյեմբերի 11-ին, ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը ավարտեց Արթուր Վարդանյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու վերաբերյալ 2015թ. նոյեմբերի 24-ին հարուցված քրեական գործի քննությունը: Քրեական գործով անցնող 20 մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները լրացվել են իշխանությունը զավթելու նախապատրաստության մասով (ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մաս), եւ գործը` դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Սակայն նկատենք, որ դեռեւս 9 մեղադրյալների նկատմամբ նախաքննությունը շարունակվում է: Ասել է, թե ԱԱԾ-ն դեռեւս շարունակում է գործով քննությունը, եւ չի բացառվում, որ գործի քննության շարունակությունը կապված է հենց Սերժ Սարգսյանի մտերիմների անունների հետ: Եւ դա է պատճառը, որ նախաքննությունը իրականացնող մարմինը վերջնական չի կարողանում «գործը գլուխ» բերել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԻՆՉՊԵՍ  ՋՈՒՆԳԼԻՆԵՐՈՒՄ
Ազատամարտիկի մահվան մեջ մեղադրվող Ջունգլ մականունով հայտնի Գեւորգ Սարգսյանը երկու օր առաջ փողոցի կենտրոնում դաժանորեն ծեծի է ենթարկել իր կնոջը՝ շուրջ 20 րոպե քաշքշելով, հարվածելով նրա մարմնի տարբեր հատվածներին, մազերից քարշ տալով ասֆալտին: Սա այն նույն Ջունգլն է, որը 2 տարի առաջ իր տան բակում ծեծի ենթարկեց 54-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանին՝ սպանելով նրան: Այդ գործով դատական նիստերը դեռ ընթանում են:




Լրահոս