«ԵՍ ԳԻԺ ԵՄ, ԽԵԼԱՌ. ԼԱՎ ԽԵԼԱՌՆԵՐ ԷԼ ԵՆ, ՉԷ՞, ԼԻՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Բեմից ու էկրանից հանրությանը ծանոթ դեմքերը մեզ հետ զրույցում ներկայանում են առանց դիմակի` բացահայտելով իրենց էության նուրբ, քչերին հայտնի կողմերը: Այս անգամ մեր զրուցակիցը Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Մարությանն է:

-Պարո՛ն Մարության, մտերիմներն ի՞նչ փաղաքշական անուններով են Ձեզ դիմում:
-Ինձ փոքր ժամանակվանից մինչեւ հիմա Արմեն են ասել, երբեք չեն ասել Արմենչիկ, «պոնչիկ», բան (ծիծաղում է): Հիմա արդեն ասում են Արմեն Մարության, կամ պարոն Մարության:
-Սիրո՞ւմ եք Ձեր գործողությունները պլանավորել, թե՞ իմպրովիզների կողմնակից եք:
-Չարլի Չապլինին մի անգամ հարցնում են. «Իմպրովիզը լա՞վ բան է»: Ասում է. «Շատ, շշմելու բան է, բայց հարյուր անգամ փորձված»: Ես էլ եթե իմպրովիզ եմ անում, ուրեմն մի ամբողջ կյանք նախապատրաստվել եմ դրան:
-Ո՞ր դեպքում ճշմարտությունը կասեք մարդու երեսին:
-Միշտ, բոլոր դեպքերում պետք է ճշմարտությունն ասել ու դրանով ապրել, առաջ գնալ: Հենց չասացիր, դա քեզ համար դառնալու է մեծ դժբախտություն:
-Ի՞նչը կարող է թուլացնել Ձեզ աշխատանքում:
-Կեղծիքը, նախանձը, չկամությունը, անազնվությունը:
-Հարց, որը նյարդայնացնում է Ձեզ:
-Որ հարցնում են՝ սուտ եք ասո՞ւմ: Նման պահերին կարող են ինձ ինֆարկտի հասցնել. ես սուտ երբեք չեմ խոսում:
-Ձեր սիրելի կոմպոզիտորը:
-Առնո Բաբաջանյան:
-Զգուշավոր եք, կանոնավոր, թե ինքնամփոփ:
-Երեքից ոչ մեկն ինձ չի բնորոշում. ես գիժ եմ, խելառ եմ, էլի, լավ խելառներ էլ են, չէ՞, լինում: Մհեր Մկրտչյանն, օրինակ, լավ խելառ էր:
-Աստծո հետ երկխոսելու Ձեր տարբերակը:
-Հավատում եմ, աղոթում եմ Աստծուն, սիրում եմ նրա հետ շփվել, ուզում եմ հաղորդակցվել, հավատալ, որ նա միշտ մեզ հետ է: Առանց հավատի չես կարող ոչ մի բանի հասնել:
-Ամենախորհրդավոր դեպքը, որ պատահել է Ձեզ հետ:
-Մի անգամ մեքենայի տակ եմ ընկել, չեմ հիշում` ոնց այն եկավ, ինձ խփեց, բայց վարորդը չկանգնեց ու խորհրդավոր կերպով փախավ: Փառք Աստծո, լուրջ բան չպատահեց, ոտքս էի վնասել:
-Մի բան, որի հետ չեք համակերպվում:
-Որ ասում են` Մասիսը մերը չէ, բերել, դրել են աչքիս առաջ ու ասում են` մերը չէ:
-Ձեր սիրելի քանդակը:
-Կար ժամանակ, որ Վարդան Մամիկոնյանի արձանն էի ամենաշատը սիրում, բայց հետո տարվեցի Առնո Բաբաջանյանի քանդակով. հանճարեղ գործ է:
-Շարունակեք միտքս. «Մահվանից միայն մի ելք կա…»:
-Մահվանից ելք չկա, մահն անխուսափելի է: Մի լավ խոսք կա, որ ասում են. «Ինչո՞ւ ես վախենում մահից. երբ դեռ չէիր ծնվել, մեռած չէի՞ր»: Մահվանը կարող ենք հակադրել անմահությունը, որին ես չեմ հավատում. դա ստից, հնարած բան է: Չեմ ընդունում, երբ ասում են. «Նա մահացավ, բայց անմահացավ»: Չէ, մահացավ, ուրեմն մահացավ: Հերոսաբար մահանալն ընդունում եմ, անմահանալը` ոչ, անուն թողնելը, գործով հիշվելն եմ ընդունում:
-Ի՞նչը կարող է Ձեզ թեւաթափ անել:
-Այդպիսի բան չկա. ես շատ համառ մարդ եմ, եւ ինչ էլ լինի, առաջ կգնամ:
-Ե՞րբ կարող եք ասել` երբեք:
-Կարող է թվալ, թե ամպագոռգոռ բան եմ ասում, այնուամենայնիվ, պնդում եմ` թատրոնը երբեք չեմ թողնի, հավատացեք` չեմ կարող:
-Ձեր եւ մարդու միջեւ ո՞ր դեպքում եք պատ դնում:
-Երբ դավաճանություն եմ նկատում: Դա միակ բանն է, որի հետ չեմ համակերպվում եւ որը չեմ կարողանում ներել ցանկացած հարաբերություններում: Երբ դանակով մեջքից հարվածում են, դա չեմ կարող ներել:
-Ամենաանհեթեթ բամբասանքը, որ Ձեր մասին լսել եք:
-Աղջիկս բակում խաղալիս է եղել, հարեւանները մոտեցել, հարցրել են. «Ճի՞շտ է, որ դու Արմենի առաջին կնոջ դուստրն ես» (ծիծաղում է): Այնինչ՝ ես ամբողջ կյանքում մի կին եմ ունեցել:
-Ինչի՞ց եք վախենում:
-Հավատացեք` ոչ մի բանից: Դժվար թե մեկն ինձ կարողանա վախեցնել, իմ մեջ վախ չկա:
-Եվ վերջին հարցը. կյանքն իմաստալից է, երբ…
-Երբ երջանիկ ես, երեխաներդ, թոռներդ լավ են, երբ տեսնում ես, որ ծրագրերդ, երազանքներդ իրականացել են, որն էլ չի իրականացել, զոռով բրդում, առաջ ես տանում…

 

 
«ԵՐԲԵՔ ՓՈՂԻՆ ԳԵՐԻ ՉԵՄ ԴԱՐՁԵԼ»

Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս երգչուհի Սոնա Շահգելդյանն Ամանորը կդիմավորի բեմում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ Նոր տարվա գիշերն աշխատանքային միջավայրում անցկացնելուց հետո կմիանա ամուսնուն եւ փոքրիկ որդուն` տոնն ընտանիքի հետ նշելու համար. «Բալիկս դեկտեմբերին կդառնա մեկ տարեկան: Ու թեեւ որդիս դեռ շատ փոքրիկ է, մտադիր եմ նրա Ամանորը վերածել հեքիաթի, օրինակ` հետաքրքիր թեմատիկ հագուստ հագցնելով»:

Երգչուհին նաեւ տեղեկացրեց, որ ծրագրում է ձմռանը մեկնել արտերկիր` հանգստի նպատակով. «Այս տարի ընդհանրապես չեմ հանգստացել, անգամ ամբողջ ամռանն աշխատել եմ: Դեռ հստակ չեմ կողմնորոշվել` որ երկիր կմեկնեմ, բայց բալիկիս հետս չեմ տանի: Կարծում եմ` երբ երեխան շատ փոքր է, մայրիկը ստիպված է լինում զբաղվել նրա խնամքով, եւ հանգստանալ այդպես էլ չի հաջողվում»:
Հարցին, թե ինչ նվեր է ուզում ստանալ Սոնան Ձմեռ պապիկից, երգչուհին պատասխանեց. «Խաղաղություն եմ ուզում, որ պատերազմներ չլինեն: Շատերը փող կուզեին, բայց ես` ոչ. երբեք փողին գերի չեմ դարձել: Իհարկե, կցանկանամ, որ մեր ժողովուրդն ապրի բարեկեցիկ կյանքով»:
Անդրադառնալով Սոնայի ստեղծագործական կյանքի նորություններին` կարող ենք ասել, որ արդեն գարնանը նրա երկրպագուներին մի շարք անակնկալներ են սպասվում: Երգչուհին հանդիսատեսի դատին կհանձնի նոր տեսահոլովակ` ժողովրդական երգերի միքսի հիման վրա. «Դա կլինի մշո, սասնա երգերի համադրություն: Ասեմ, որ կենդանի գործիքավորմամբ ժողովրդական երգերը ոչ մի փոփոխության չեն ենթարկվել. դրանք կմատուցվեն նախնական տարբերակներով»,-մանրամասնեց Սոնան:
Գարնանը կթողարկվի նաեւ երգչուհու` թվով երկրորդ ձայնասկավառակը. «15-16 տարբեր ժանրերի երգեր ունեմ, որոնք կցանկանայի հավաքել մի տեղ: Թերեւս ալբոմի անունը հենց «Սոնա» կլինի. այդ առումով դեռեւս հստակ չեմ կողմնորոշվել»,-ասաց Սոնան:
Նա երկրպագուներին խոստացավ, որ հաջորդ տարի հանդես կգա ինչպես ակումբային, այնպես էլ ավելի մասշտաբային համերգներով:
Ինչ վերաբերում է արտերկրից համերգների հրավերներին, երգչուհին շեշտեց, որ ամեն առաջարկ չէ, որ ընդունում է. «Ինձ համար կարեւոր է հոնորարի չափը: Եթե ինձ արտերկրում առաջարկվի նույնքան գումար, որքան որ ես կարող եմ աշխատել Հայաստանում, իմ այնտեղ մեկնելն իմաստ չունի: Առհասարակ, լավ կլինի, որ երգիչներն իրենց «արժեքը» չգցեն»,-եզրափակեց Սոնան` հավելելով, որ առաջիկայում շրջագայելու է եվրոպական մի քանի երկրներում:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԱՄԵՆԱՀԱՍՈՒԹԱԲԵՐ ՖԻԼՄԵՐԸ
Forbes ամերիկյան պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ում առավել մեծ ժողովրդականություն վայելող սուրբծննդյան կինոնկարների ցանկը, որը ներառում է ամերիկյան վարձույթի 25 ամենահասութաբեր ֆիլմերը: Ցուցակի առաջին հորիզոնականում հայտնվել է «Տանը մենակ» կինոնկարը` Մաքոլե Քալքինի մասնակցությամբ: Ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1990 թվականին, ամերիկյան վարձույթում հավաքել է 285,76 մլն դոլար (իսկ աշխարհում՝ 476,68 մլն դոլար): Երկրորդ տեղում «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը» կինոնկարն է` Ջիմ Քերիի մասնակցությամբ (260 մլն դոլար), երրորդում` «Բեւեռային ճեպընթացը» ֆիլմը (183,37 մլն դոլար): Առաջին հնգյակում հայտնվել են նաեւ «Տանը մենակ 2. Նյու Յորքում մոռացվածը» (173,59 մլն դոլար) եւ «Էլֆ»-ը (173, 40 մլն դոլար) ֆիլմերը:

 

 

 

ՊԱՐԱՆՈՅԱ  ՈՒՆԻ՞
Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ օրերս ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը, Լոս Անջելեսում հոսպիտալացվել է: Վերջին շրջանում նա աչքի էր ընկնում իր դեպրեսիվ եւ ոչ ադեկվատ պահվածքով: Քարդաշյանը հոսպիտալացումից հետո անընդհատ ամուսնու կողքին է, անգամ փորձել է նրան տուն տանել, սակայն բժիշկներն արգելել են: TMZ-ի փոխանցմամբ` ռեփերի վիճակը չի բարելավվում: Բժիշկների կարծիքով` Ուեսթը ոչ միայն հյուծված է, հոգնած ու նյարդային, այլեւ լուրջ հոգեկան խնդիրներ ունի: Նույն աղբյուրը ավելի կոնկրետ տեղեկացնում է, որ ռեփերը պարանոյա ունի: Նշվում է նաեւ, որ հոսպիտալացման առաջին օրերին Քանյեն բժիշկներին մոտ չի թողել` պատճառաբանելով, որ վերջիններս մտադիր են վնասել իրեն:

 

 

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՊԱՂՈՒՄ Է
Հայտնի է, որ «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթը պետք է անցկացվեր Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում: Մրցույթի կանոնների համաձայն` նախորդ տարի մրցույթում հաղթած երկիրը պետք է ստանձնի առաջիկայում կայանալիք շոուի կազմակերպման պարտականությունները։ Այնինչ՝ պարզվում է` մրցույթի կազմակերպիչներն ու ուկրաինական կողմը անհամաձայնություններ ունեն։ Դեռեւս հոկտեմբերին Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչները այցելել են Ուկրաինա եւ նկատել, որ տեղի ազգային հեռարձակողը նախատեսված գրաֆիկից երեք ամիս հետ է ընկել, առկա են ֆինանսական ու կազմակերպչական մի շարք խնդիրներ։ Ուկրաինական կողմի ղեկավար Ալեքսանդր Հարեբինը հայտարարել է, որ հնարավոր է` մրցույթը տեղափոխվի այլ երկիր։ Այս առիթով վերջնական որոշումը պետք է կայացնի Եվրոպական հեռարձակողների միությունը, որը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա դեկտեմբերի 8-ին։




Լրահոս