ԱՐԴՅՈ՞Ք ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՇՎԻ ԿԱՌՆԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՆԴՐԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ երկրորդ ընթերցմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագիծը: Հիշեցնենք, որ այն նոյեմբերի 17-ին առաջին ընթերցմամբ 102 կողմ, 3 դեմ ձայներով ընդունվել էր:

Ինչպես հայտնի է` օրենսդրական այս նախագծի առաջին տարբերակի համաձայն` 2017 թ. հունվարի 1-ից ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից 1000 դրամ պահումներ են արվելու մարտական գործողությունների ժամանակ մահացած զինվորների ընտանիքներին ու զինհաշմանդամներին օգնելու նպատակով: Ազգ-բանակ գաղափարախոսությունը կրող այս նախագիծը ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ընթերցման ժամանակ բուռն քննարկումների տեղիք տվեց: Պատգամավորները երեկ կրկին իրենց բողոքի ձայնն էի բարձրացրել` պնդելով, որ սա սխալ նախագիծ է, իրենց առաջարկությունները տեղ չեն գտել, եւ այն, ըստ էության, փոփոխությունների չի ենթարկվել այդքան քննարկումներից եւ քննադատություններից հետո: Օրինակ՝ Էդմոն Մարուքյանը նշեց. «Ինչ առաջարկել ենք, մերժել եք, այսինքն՝ դուք բացարձակ ճի՞շտ եք: Ու ասում եք` դեմ էլ մի քվեարկեք: Այսպես ոնց կլինի: Որեւէ մեկի հայրենասիրության վրա, կարծում եմ, կասկած չկա: Բայց սա ի՞նչ բացարձակ ճշմարտության մոտեցում է»:
Ի պատասխան` Վիգեն Սարգսյանն արձագանքեց, որ երբեւէ իրեն թույլ չի տվել քվեարկությամբ որոշել որեւէ մեկի հայրենասիրությունը. «Որեւէ անգամ թույլ չեմ տվել ինձ ասել, որ որեւէ քվեարկության ձեւ հայրենասիրության կամ դրա պակասի դրսեւորում կարող է դիտվել: Նման բան ո՛չ ասել եմ, ո՛չ ենթատեքստում եմ նկատի ունեցել: Զուտ հաշվի առնելով, որ այս քվեարկությանը միայն մենք չենք հետեւում, հորդորել եմ նախագծին դեմ չքվեարկել»,- ասաց Սարգսյանը: Իսկ արձագանքելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե խորհրդարանում արված առաջարկությունները հաշվի չեն առել, Սարգսյանը նշեց, որ առաջին ընթերցմանը ներկայացված նախագծի համեմատ շատ փոփոխություններ են կատարվել:
Նախօրեին էլ պատգամավորների առաջարկների առնչությամբ Վիգեն Սարգսյանը ՀՀ ԱԺ պաշտպանության ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ նշել էր, որ պատգամավորների կողմից «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծի վերաբերյալ ստացված բոլոր առաջարկությունները քննարկվել են։ Սարգսյանի խոսքով՝ առաջարկությունները հիմնականում վերաբերում էին օրենքի հետադարձ ուժին եւ նախատեսվող վճարները այլ աղբյուրներից ստանալուն։ Վիգեն Սարգսյանի պնդմամբ՝ թեեւ օրենքի նախագիծը չունի հետադարձ ուժ, ակնկալվում է, որ հիմնադրամը կկարողանա բավականաչափ գումար հավաքել, որպեսզի հնարավոր լինի նաեւ հատկացումներ կատարել այն ընտանիքներին, որոնց վրա նախագիծը հետադարձ ուժով չի տարածվի։ Ի սկզբանե այս նախագծի հետ կապված հիմնականում քննադատության կիզակետում հայտնվել էր պարտադիր պահանջի կարգը, սակայն նախագծի վերամշակված տարբերակում այդ հատվածը փոփոխության չի ենթարկվել։
Իսկ ինչ է փոխվել երկրորդ ընթերցմանը ներկայացված տարբերակում. վերջ ի վերջո Սարգսյանը պնդում է, որ փոփոխությունները շատ են: Թերեւս ամենակարեւոր փոփոխությունը վերաբերում է հենց պարտադիր բաղադրիչին, որը, թեեւ, մնացել է, սակայն որոշակի «վերապահումներով»:
Չնայած նրան, որ նոյեմբերի 18-ին ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել էր, որ քննարկվում է 1000 դրամների հիմնադրամում ոչ թե պարտադիր, այլ կամավոր հատկացումներ անելու հարցը, այնուամենայնիվ, Պն նախարարը, փաստորեն, մինչեւ վերջ կարողացավ առաջ տանել իր տարբերակը: Այդպիսով՝ պարտադիր բաղադրիչը մնում է անփոփոխ, բացառությամբ հետեւյալ կատեգորիաների՝ եթե ընտանիքում կա ժամկետային զինծառայող, հաշմանդամ զինծառայող կամ զոհված զինծառայող: Ստացվում է, որ Վիգեն Սարգսյանը, երկու ոտքը դրած մեկ կոշիկի մեջ, փորձում է հասնել իր նպատակին եւ վերջում ապացուցել նախագահականին, որ չնայած ընդվզումներին՝ ինքը կատարեց իր առջեւ դրված խնդիրը:
Նախագծի վերամշակված տարբերակով նաեւ հիմնադրամն ազատվում է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հարկերի, պետական եւ տեղական տուրքերի վճարումից:
Իր եզրափակիչ ելույթը երեկ Աժ-ում Վիգեն Սարգսյանը ավարտեց խնդրանքով. «Անդրադառնալով վստահելիության խնդրին, որովհետեւ շատ-շատ խոսվեց դրա մասին, ես խնդրում եմ բոլորին կողմ քվեարկել` համոզված լինելով, որ այս հիմնադրամն աշխատելու է այնպես, որ բոլորդ հպարտ եք լինելու ձեր կողմ քվեարկելու համար: Եւ ես՝ որպես քաղաքական պաշտոնյա, որպես քաղաքական գործիչ, այս օրենքի լիարժեք կատարման նժարին դնում եմ իմ քաղաքական կենսագրությունը եւ ապագան: Խնդրում եմ` բոլորին դա հաշվի առնել եւ կողմ քվեարկել»,- ասաց Սարգսյանը:
Արդյո՞ք Վիգեն Սարգսյանի քաղաքական կենսագրությունն ու ապագան բավարար փաստարկ կհանդիսանան նախագծի ընդդիմախոսների համար, եւ խորհրդարանականները միահամուռ կողմ կքվեարկեն այս վիճահարույց օրենքին, պարզ կդառնա այսօր:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ հանդիպումը կայացել է Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից որոշ ժամանակ հետո: Կողմերը քննարկել են քաղաքական վերադասավորումների հարցը, ինչպես նաեւ՝ Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու հեռանկարը:
Պաշտպանության նախկին նախարարը, ինչպես իր մյուս զրուցակիցների դեպքում, Վարդան Օսկանյանին եւս հստակ չի ասել, թե երբ է պատրաստվում քաղաքականություն մտնելու մասին հայտարարություն անել, բայց միաժամանակ ակնարկել է, որ կուսակցաշինական աշխատանքներ է կատարում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում Սեյրան Օհանյանի թիմակիցները մարզերում հանդիպում են ամենատարբեր խավի ներկայացուցիչներին՝ հիմնական ազատամարտի մասնակիցներին, եւ փորձում են նրանց համոզել՝ դառնալու Սեյրան Օհանյանի թիմի ներկայացուցիչները: Իսկ թե ինչ թիմ է, ինչ անունով, ուր է գնալու, դեռ շատ չեն մանրամասնում: «Պիտի սրանց տապալենք». հիմնավորումը հիմնականում սա է:

 

 

ԿԻՆ ՉՈՒՆԵՆ
Իշխող ՀՀԿ-ի համար հիմա ծանր շրջան է: Բոլոր տարածքային ու մարզային պատասխանատուներին հրահանգվել է «հարմար» թեկնածուներ գտնել՝ ռեյտինգային ընտրացուցակում ներառելու համար: «Հարմար» թեկնածուները ՀՀԿ-ի համար այն մարդիկ են, որոնք կարող են տարածքներում ձայներ հավաքել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս իմաստով լրջագույն խնդիր են կին թեկնածուները: ՀՀ ընտրական օրենսգրքով՝ ամեն ընտրատարածքում պետք է գոնե 2 կին թեկնածու առաջադրեն, սակայն այդքան կին չունեն: ՀՀԿ-ականները ջանում են համոզել հիմնականում դպրոցների տնօրեններին, հասարակական դաշտում ակտիվություն ցուցաբերած «ճարտար» կանանց, որպեսզի գենդերային հավասարության խնդիրը կարգավորվի:

 

 

ՏԱՐԱՆ ՀՔԾ
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել եւ բռունցքով հարվածել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին: Պատճառը, վերջինիս պատմածի համաձայն, եղել է այն, որ իր հարցը դուր չի եկել պատգամավորին, իսկ Ռ. Հակոբյանը չի հերքել տեղի ունեցածը:
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Վահե Մակարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ դատախազության ցուցումով հետաքննություն էր սկսվել:
Սակայն երեկ տեղեկացանք, որ թեեւ քրեական գործ չի հարուցվել, այնուամենայնիվ, գործը տեղափոխվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Ըստ ամենայնի, նաեւ քրեական գործ կհարուցվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/627643/

 

 
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ
Երեկ մահացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանը: Նույն օրը առողջության կտրուկ վատացմամբ անգիտակից վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված Երիցյանի կյանքը ԲԿ բժիշկներին չի հաջողվել փրկել: Նշենք, որ Արմեն Երիցյանը տեւական ժամանակ տառապում էր ծանր հիվանդությամբ: Պետական գործչի անժամանակ մահվան կապակցությամբ Երիցյանի հարազատներին ցավակցական հեռագիր է հղել Սերժ Սարգսյանը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ա. Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցում է Արմեն Երիցյանի հարազատներին եւ ընկերներին անժամանակ, ծանր կորստի կապակցությամբ:

 

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Երեկ Սերժ Սարգսյանը զբոսաշրջության խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել Ջերմուկում: Ոլորտի պատասխանատուների հետ քննարկումների ընթացքում նա, մասնավորապես, ասել է. «Սա տնտեսության զարգացման մի ամբողջ փոխկապակցված շղթա է, եւ այս շղթայի բոլոր օղակները պետք է լինեն ամուր, գործեն ակտիվորեն, որպեսզի կարողանանք ստանալ վերջնական արդյունք: Պատասխանատվությունն էլ պետք է լինի բոլորինը: Ամեն օր մենք պետք է տեսնենք զարգացման տեմպը, ամեն օր պետք է, միգուցե փոքրիկ, բայց հաջողություն արձանագրենք՝ նպատակ ունենալով կատարել այն, ինչը ստորագրել ենք. գոնե հինգ տարում եռապատկել ծավալները»,- ասել է Սարգսյանը: Խորհրդակցության արդյունքներով նա մի շարք հանձնարարականներ է տվել, այդ թվում վարչապետին հանձնարարել է` զբոսաշրջության ոլորտի եւ տարածքային զարգացման հետ առնչություն ունեցող պետական մարմինների աշխատանքների մեկտեղման ու զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման նպատակով ձեւավորել փոխվարչապետի համակարգմամբ գործող զբոսաշրջության խորհուրդ՝ շահագրգիռ մարմինների հետ համատեղ ներգրավելով ոլորտի մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների:




Լրահոս