2016 թ. աշխարհաքաղաքական զարգացումների հետագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականը ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի համար դարձավ բավականին ծանր, հակասական ու խայտաբղետ տարի: Հաշվի առնելով տեղի ունեցած իրադարձությունների նշանակությունը՝ կասկած չկա, որ դրանք իրենց հետքն են թողնելու առաջիկա զարգացումների վրա: Ստորեւ փորձելով ամփոփել 2016 թվականը՝ առանձնացնենք տարվա երեք կարեւորագույն իրադարձությունները.

1. տարվա մեկնարկին պայթած սիրիական փախստականների ճգնաժամը,

2. ամռանը կայացած բրիտանական հանրաքվեն,

3. Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում:

Այս տարվա սկզբում հերթական անգամ փոթորկվեց սիրիական հարցը՝ փախստականների մի անպատկերացնելի հոսք ուղղելով դեպի Եվրոպա: Դեռ 2011թ. արաբական գարնան հետքերը, ժամանակին հասնելով Սիրիա, ալեկոծեցին այս երկիրը: Սկիզբ դրվեց մի ծայրագույն ռազմաքաղաքական արկածխնդրության՝ երկիրը ներքաշելով քաղաքացիական պատերազմի հորձանուտը: Անշուշտ, Մերձավոր արեւելքի դեմոգրաֆիական պատկերը եւ այդտեղ հատվող աշխարհաքաղաքական շահերը բացատրում են փախստականների ճգնաժամի պատճառները, սակայն համառորեն չեն պատասխանում հարցին, թե ինչ պիտի լինի հարկադրաբար տեղահանված մարդկանց ճակատագիրը, եւ ինչու ոչ՝ նաեւ այն երկրների դրությունը, որոնք ստիպված եղան բախվել փախստականների հոսքին: Սիրիական ճգնաժամի պատճառով հարկադրաբար օտար երկրներում ապաստան գտան մոտ 5 միլիոն քաղաքացիներ՝ ոչ միայն դժվարություններ ստեղծելով ընդունող երկրների համար, այլեւ ժողովրդագրական լուրջ վտանգ ստեղծելով իրենց հայրենիքի՝ Սիրիայի համար: Սիրիական ճգնաժամը կենտրոնացրեց նաեւ Թուրքիայի, Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների ուշադրությունը՝ վերածվելով տերությունների աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմի: Ասադի իշխանավարությունը դարձնելով անհամաձայնության պատրվակ՝ ԱՄՆ-ն ամեն քայլափոխի հակառակվում էր ՌԴ-ի գործողություններին:

Ըստ էության, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ ՌԴ-ի համար խնդրո առարկան Ասադի նախագահությունը չէ, այն սոսկ առիթ է, որը բավականին հարմար է ՄԱԿ-ի ամբիոնից հիշատակելու համար: Եթե սիրիական ճգնաժամով ԱՄՆ-ն փորձում է անկայունության մեջ պահել Մերձավոր արեւելքը եւ այդկերպ զսպել նավթի գների բարձրացումը, ապա Պուտինը ձգտում է միանգամայն հակառակին: Երկու պետությունների համար էլ սիրիական ճգնաժամը ծառայում է որպես սեփական տնտեսությունները կարգի բերելու հրաշալի հարթակ, որից տուժում է Սիրիան, վերջինիս քաղաքացին ու տարածաշրջանի խաղաղությունը: Իսկ Ասադը պահը վաղուց բաց թողեց՝ խաղաղ հեռանալու եւ սեփական երկիրը գերտերությունների պայքարի մանրադրամը չդարձնելու փոխարեն նախընտրելով ամեն գնով կառչած մնալ աթոռից: Որքան էլ նա իր ընդդիմադիրներին պատուհաս էր համարում, պետական գործչի համար գերակայող պիտի լինեն պետության ու ժողովրդի կայունությունն ու անվտանգությունը: Մինչդեռ համառելով՝ Ասադը չնկատեց, թե ինչ ավերի է մատնում սեփական երկիրը, որի վերականգնումն այսօր այլեւս անիրականանալի է թվում:

Ս.թ. ամռանը Մեծ Բրիտանիայում տեղի ունեցավ ԵՄ հարցով հանրաքվեն, որի արդյունքներով բրիտանացիների ավելի քան 52 տոկոսը արտահայտեց իր ցանկությունը՝ լքելու Եվրոպական միությունը: Նախնական հարցումները գրեթե ամենուր լիովին հակառակ պատկերն էին ցույց տալիս՝ փափուկ բարձ դնելով Մեծ Բրիտանիայի՝ արդեն նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնի եւ քաղաքական ընտրախավի գլխի տակ: Դրանով է պայմանավորված նաեւ Բրեքզիթի շոկային էֆեկտը, երբ պարզ դարձավ, որ քաղաքական ընտրանու առաջարկած օրակարգը այլեւս հակադրության մեջ է հասարակական ընկալումների հետ: Թեպետ նման կարեւորագույն որոշումները չպետք է ընդունվեն պարզ մեծամասնությամբ, սակայն Մեծ Բրիտանիան, Եվրոպական միությունն ու ողջ աշխարհը արդեն իսկ կանգնած են կատարված փաստի առաջ: Հետաքրքիր է, որ հանրաքվեից հետո բրիտանացիներն իրենք էլ չէին հավատում արձանագրված արդյունքին: Եվ այժմ արդեն հստակ է, որ ԵՄ-ն լքելու դիմաց Մեծ Բրիտանիան պետք է վճարի շուրջ 60 միլիարդ եվրո՝ ՀՀ բյուջեից քսան անգամ ավելի մեծ գումար:

Ֆինանսական բարդություններից զատ՝ Մեծ Բրիտանիային սպասում են քաղաքական ու տնտեսական դժվարություններ, որոնք ոչ միայն կարճաժամկետ, այլեւ երկարաժամկետ խնդիրներ են հարուցելու՝ ազդելով ինչպես ներբրիտանական, այնպես էլ եվրոպական ու համաշխարհային զարգացումների վրա: Ակնհայտորեն բրիտանական իրողություններն իրենց հետքը թողեցին նաեւ Իտալիայի վրա, որի վարչապետ Մատեո Ռենզին նույնպես հեռացավ այս տարվա դեկտեմբերին կայացած հանրաքվեի հետեւանքով: Դեռ պարզ չէ, թե Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կկարողանա ձայների 2/3-ով սկսել ԵՄ-ն լքելու գործընթացը, սակայն փաստ է, որ քաղաքական էլիտա-հասարակություն հարաբերությունները Եվրոպայում այլեւս ներդաշնակ չեն, ինչի ուղղությամբ ընտրախավը հսկայական ջանքեր պիտի գործադրի: Արդյունքը կտեսնենք 2017թ. սպասվող գերմանական ու ֆրանսիական ընտրություններում:

Էլիտայի եւ հասարակության փոխըմբռնման կատարյալ բացակայության ականատեսը եղանք նաեւ նոյեմբերի 8-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում: Հակառակ բոլոր սպասումների՝ ԱՄՆ նախագահ դարձավ էլիտայի կողմից մերժված, քաղաքական բոլոր կանոնները արհամարհած, ամերիկյան ընտրական արժեքներն ամեն հարմար առիթով ծանակած գործարար Դոնալդ Թրամփը: Վերջինիս հաղթանակը նշանակում է, որ Օբամայի նպատակներն ու քաղաքական հաջողությունները կարող են կասկածի տակ դրվել՝ լավագույն դեպքում չշարունակվելով, իսկ վատագույն դեպքում՝ առանձին հարցերի չեղարկմամբ: Հաշվի առնելով ԱՄՆ-ի յուրօրինակ դերը աշխարհում՝ կասկած չկա, որ Թրամփի գրեթե ցանկացած քայլ ունենալու է իր համաշխարհային արձագանքը: Առաջին հերթին խոսքը վերաբերում է Մերձավոր արեւելքում տարվող քաղաքականությանը, Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերություններին: ԱՄՆ արտաքին քաղաքական ընկալումներում Ռուսաստանը մոտակա խնդիրն է, Չինաստանը՝ մտահոգության հեռահար առարկան: Թրամփի խոսքերից կարելի է եզրակացնել, որ նա Ռուսաստանը չի ընկալում իբրեւ հրատապ ուշադրություն պահանջող մրցակից: Այդ մասին են աղաղակում նրա նշանակումները, մասնավորապես ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի ու ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնների հանձնումը, պայմանականորեն ասած, պրոռուսական գործիչներին:

Ըստ էության, ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների կարգավորումը կնվազեցնի լարվածության այս բարձրաստիճանը՝ միանշանակորեն դրական անդրադառնալով նաեւ Հայաստանի տնտեսության վրա:

Ինչեւէ, եզրափակելով համաշխարհային նշանակալից իրադարձությունների սույն հակիրճ ամփոփումը՝ հարկ է նկատել, որ վերոնշյալ երեք խնդիրներն էլ չեն սահմանափակվում ազգային հայեցակարգային սահմաններում՝ հավասարապես վերաբերելով մոլորակի բոլոր բնակիչներին: Հուսանք, որ ամանորյա ուրախ տրամադրությունները գերակայող կլինեն ողջ տարվա ընթացքում՝ 2017 թվականը էականորեն եւ միմիայն դրականորեն տարբերելով թշնամության ջահակիր 2016թ.-ից:

Ն. Հովսեփյան




Լրահոս