ՌՈՀԱՆԻԻ ԱՅՑՆ ՈՒ ԴԵՍՊԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հրավերով վաղը՝ դեկտեմբերի 21-ին, պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Եւ մինչ վերլուծաբանները կփորձեին հասկանալ, թե ինչ օրակարգ ունեն երկու երկրների ղեկավարները, մեր հարեւան Թուրքիայում թիկունքից արձակված կրակոցների արդյունքում ցուցահանդեսի ժամանակ սպանվեց ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության դեսպանը:

Ըստ պաշտոնական տեղեկության՝ այցի շրջանակներում ԻԻՀ նախագահը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նախագահականում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: «Նախագահները ԶԼՄ-ների առջեւ հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով: Երեւանում Հայաստանի եւ Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաեւ Հայաստան-Իրան գործարար համաժողովին»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Թեեւ պաշտոնական հաղորդագրությունը հուշում է, որ այցը հրապարակայնության պակաս չի ունենալու, այնուամենայնիվ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը համոզված է. «Այս այցելության եւ հանդիպումների հիմնական թեմաները շոշափվելու են փակ՝ գաղտնի բանակցություններում, որոնք դժվար թե որեւէ կերպ արտացոլվեն հրապարակային հայտարարություններում ու ասուլիսներում»:
Ինչո՞ւ, որովհետեւ հատկապես ապրիլից հետո ակնհայտ է դարձել, որ Հարավային Կովկասում լարումը մեծանում է, եւ Իրանը չի կարող անտարբեր մնալ այդ մարտահրավերի հանդեպ: «Հայաստանն ավանդաբար իներտ եւ անգույն քաղաքականություն է վարել Իրանի հետ հարաբերություններում, եւ ամենայն հավանականությամբ Իրանը փորձելու է քայլեր ձեռնարկել՝ փոխելու այդ իրավիճակը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Հայկ Մարտիրոսյանը:
Նախ փորձենք հիշել, թե հայ-իրանական հարաբերությունների օրակարգում ինչ հարցեր կան, որոնք տարիներ շարունակ քննարկվում են, բայց այդպես էլ լուծում չեն ստանում: Խոսքը Իրան-Հայաստան երկաթուղու մասին է, Մեղրու նավթավերամշակման գործարանի, Իրանի սահմանով անցնող Արաքս գետի վրա Մեղրիում ՀԷԿ-ի կառուցման եւ վերջապես Իրան-Հայաստան գազատարի կառուցման հարցը, որը հնարավորություն կտա Հայաստանին դառնալ էներգետիկ տրանզիտ երկիր: Թե ինչ որոշումներ կկայացնեն, թերեւս կպարզվի առաջիկա օրերին՝ բարձրամակարդակ հանդիպումների շրջանակներում: Իսկ մինչ այդ պետք է արձանագրել, որ տնտեսականից զատ այսօր Իրանի համար ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում, ինչի արդյունքում Իրանը եւս ստիպված է առավել ակտիվ արտաքին քաղաքականություն վարել:
«Հայ-ադրբեջանական պատերազմում՝ ռազմական գործողությունների փուլում, եթե ամեն բան Հայաստանում այնպես գնա, ինչպես որ մինչ այս պահն է եղել, բացառված չէ, որ Հայաստանը լրջագույն կորուստներ եւ ձախողումներ ունենա: Իսկ պատերազմի՝ առավել թեժ եւ աննախադեպ արյունալի փուլ անպայմանորեն լինելու է»,- մեզ հետ զրույցում կանխատեսեց Հայկ Մարտիրոսյանը: Ու եթե հայկական կողմը պարտություններ կրի, դա ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել Իրանին:
Ադրբեջանի հաղթանակն ու հայկական Զանգեզուրի գրավումը, որը թուրք-ադրբեջանական ամենախոշոր երազանքն է այսօր, Իրանի համար աղետալի կլինի: Դրա համար ամեն պարագայում հայ-իրանական հարաբերությունները առավել ակտիվացնելու հրամայական կա այսօր, որ պայմանավորված է ոչ միայն հայ-ադրբեջանական կամ զուտ տնտեսական շարժառիթներով, այլ նաեւ տարածաշրջանային կոնֆլիկտներով:
Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ «ի տարբերություն Հայաստանի, Իրանը շատ լավ է հասկանում իր առջեւ առկա մարտահրավերներն ու կենսական սպառնալիքները եւ հասկանում է նաեւ, որ տարածաշրջանում յուրաքանչյուր, անգամ Հայաստանի պես քաղաքականապես եւ տնտեսապես ծանր վիճակում գտնվող պետական միավորման ակտիվ բարեկամությունն իր հետ նախընտրելի է ոչինչ չանելուց»:
Պետք է նկատենք, որ իրանա-թուրքական լուռ հակամարտությունն ավելի է սրվում Սիրիայի եւ Իրաքի ֆոնին, քանի որ Սաուդյան Արաբիայում իրենց առջեւ բացահայտ նպատակ են դրել ոչնչացնել Իրանը: Եւ այս իրավիճակում շատ հատկանշական է, որ Հայաստան գալուց առաջ թուրք ոստիկանի կողմից Թուրքիայում սպանվեց ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը: Կրակոցների ժամանակ Թուրքիայի ոստիկանության նախկին սպան բղավեց. «Ալահ Աքբար: Հալեպը մի՛ մոռացեք, Սիրան մի՛ մոռացեք: Մինչ մեր քաղաքները անվտանգության մեջ չեն, դուք էլ անվտանգության համը չեք տեսնի: Ինձ այստեղից միայն մահը կտանի: Այդ բռնությունների մեջ ով որ փայ ունի, բոլորն էլ հատ-հատ հաշիվ են տալու»: Ավելի ուշ ոստիկանների հետ բախումների արդյունքում սպանվեց նաեւ դեսպանին սպանող նախկին ոստիկանը: Ասել է թե՝ հնարավոր հետքերը վերացվեցին:
Այն, որ այս դեպքը ռուս-թուրքական հարաբերություններում նոր կարգավորման անհրաժեշտություն է առաջացնելու, թերեւս կասկածից վեր է: Երեկվա դրությամբ դեռ պաշտոնապես լռում էին ե՛ւ Թուրքիան, ե՛ւ ՌԴ-ն՝ հայտնելով միայն, որ տեղեկություն են հավաքում կատարվածի մասին:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 
ՊԱՆԻՐԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բնակիչները դեռ չեն կարողանում վաճառել պարտքի դիմաց ստացած «Ռոքվոր» տեսակի պանիրը: Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանի խոսքերով՝ դեռ պետք է 40 տոննա պանիր վաճառեն, որպեսզի հնարավոր լինի մարել գործարանի աշխատողներին եւ գյուղացիներին ունեցած 70-80 մլն դրամի չափով պարտքը: Բայց այս պահի դրությամբ գյուղացիներին չի հաջողվել նույնիսկ 10 տոննա պանիր վաճառել: «Ներքին շուկայում «Աշտարակ կաթ» ընկերության «Ռոքվոր» տեսակի պանիրը հանրության համար անծանոթ է, մարդիկ չեն համտեսել այն, հետեւաբար չգիտեն՝ համո՞վ է, թե՞ ոչ: Սա է պատճառը, որ չենք կարողանում պանիրը արագ վաճառել: Դժվարությամբ ենք վաճառում, այստեղ-այնտեղ ենք դիմում, բոլորին խնդրելով, նույնիսկ մարդիկ կան, որոնք դիմել են երեւանյան սուպերմարկետներ: Նաեւ ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով ենք պանրի վաճառքի մասին հայտարարություն տարածում»,- նկատեց քաղաքապետը: Զրույցի ավարտին քաղաքապետը նշեց, որ «Աշտարակ կաթ» ընկերության՝ Ճամբարակի պանրի գործարանը նոր սեփականատերերի հետ կապ չունի:

 

 

ԽԻՍՏ ԲՆԱՊԱՀՊԱՆ
ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթարակայության տակ գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ին «դատի է տվել»: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին հայց է ներկայացվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գործող «Հայանտառ» ՊՈԱԿ-ից գանձել շրջակա միջավայրին պատճառված վնասի գումարը, որը կազմում է շուրջ 3 միլիոն դրամ:
Բնապահպանության նախարարությունը, սակայն, այսքանով չի բավարարվել եւ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթարակայության տակ գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը այս գործով դատավոր Արայիկ Մելքոնյանը բավարարել է:
Ինչով կավարտվի երկու գերատեսչությունների միջեւ առաջացած դատական վեճը, դժվար է ասել, բայց ուշագրավն այն է, որ ե՛ւ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ե՛ւ «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը դաշնակցականներ են: Փաստորեն հանուն բնության կռվի են դուրս եկել կուսակցականները:

 

 
ՄԵՐԺԵԼ ԵՆ
Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ միանգամից 8 դատական հայց է մերժել: Դատարանի վճռի համաձայն՝ հայցվորները բավարար ապացույցներ չեն ներկայացրել առ այն, որ Բունդեսթագի որոշումը ոտնահարել է իրենց իրավունքները: Ըստ այդմ, բոլոր բողոքները չհիմնավորված են ճանաչվել:

 

 

ՆՈՐԻՑ ՀԻՆԸ
Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումը կանվանափոխվի. «Առաջին լրատվական»-ի փոխարեն այն կկոչվի «Օրակարգ»: Փոխվելու է նաեւ լրատվական հաղորդման տաղավարը: Ստեղծվելու է նաեւ «Օրակարգից դուրս» հաղորդում, որը հարցազրույցի ժանրում է լինելու, մի փոքր այլ մոտեցումներով: «Հ1-ի համար նոր դեմք է լինելու: Փակագծերը չբացեմ, նոր տեսքով, նոր իմիջով կլինի»,- armtimes.com-ին ասել է Հարությունյանը: Հիշեցնենք, որ ժամանակին Տիգրան Նաղդալյանի վարած հաղորդումը եւս կոչվում էր «Օրակարգ»:

 

 

ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԱՐԲԵՐԱԿ
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակն առաջ քաշելու Ադրբեջանի կրկնվող փորձերի մասին «Արմենպրես»-ի հարցին, նշել է, որ գոյություն ունի փուլային կարգավորման միայն մեկ տարբերակ։ «Ինքնորոշված ԼՂՀ դեմ ս.թ. ապրիլի սկզբին ագրեսիա կրկնելու Ադրբեջանի փորձից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից, ապա գոյություն ունի փուլային կարգավորման միայն մեկ տարբերակ: Այն է՝ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վերադարձնում դեռեւս իր օկուպացիայի տակ գտնվող ԼՂՀ տարածքները եւ դիմում ԼՂՀ-ին՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջպետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ»,-ասել է նա:

 

 

ԴԵ, ՍՏԵՂԾԵՔ
Հայաստանի կառավարության թիվ մեկ խնդիրը ամբողջովին ազատ, մրցակցային եւ արդար գործարար միջավայրի ստեղծումն է: Այս մասին fDi Intelligence պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա առանձնացրել է եւս երկու առաջնահերթություն՝ հատուկ հիմնադրամների միջոցով տնտեսության տարբեր ճյուղերի՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոքր ու միջին գործարարության խթանում:




Լրահոս