«Ժառանգության» կարապի երգը. ովքեր այսօր կլքեն կուսակցությունը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցությունն այսօր վարչության նիստ է հրավիրել՝ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանն առաջին անգամ է հանդիպելու կուսակիցների հետ։ Ենթադրվում է, որ այս նիստում որոշվելու է ընտրություններին մասնակցելու ձեւաչափը։ Վարչությունում վստահ են, որ այլ տարբերակ չի կարող լինել, քան դաշինքով մասնակցությունն է, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացվի միանալ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» եւ Հայաստանի դեմոկրատական  կուսակցություններից կազմված դաշինքին, որը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջերին «Ժառանգությունում» խորհրդի նիստ էր հրավիրվել, որի ընթացքում մեծամասնությունը կողմ էր եղել ընտրություններին լայն  դաշինքով մասնակցելուն։ Հիմնական փաստարկն այն է, որ «Ժառանգությունը» նախ կորցրել է նախկին վարկանիշը, ինչպես նաեւ մեծ ռեսուրսներ չունի։ Այս տեսակետին կտրականապես դեմ է Զարուհի Փոստանջյանը, իսկ Անահիտ Բախշյանն արդեն հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին։ Չի բացառվում, որ այսօրվա այդ որոշումից հետո էլ կուսակցությունից դուրս եկողներ լինեն։ Թեեւ լավատեղյակներն ասում են, որ այսօր «Ժառանգության» իրական անդամների թիվը մեկ-երկու տասնյակից չի անցնում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս