ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է՝ ՀՅԴ-Ն ԵՎՍ ԴԱՇԻՆՔՈՎ ՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական դաշտում տեղի են ունենում ակտիվ վերադասավորումներ: Բնական է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ամեն կերպ փորձում է հավաքել ամբողջ ներուժը եւ ընտրությունների ժամանակ հաջող արդյունքներ գրանցել: Ի՞նչ փուլում է գտնվում Դաշնակցությունը եւ ինչպես է արձագանքում տեղի ունեցող վերադասավորումներին: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանն է:

-Պարո՛ն Համբարձումյան, քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում, որոշ ուժեր արդեն դաշինքներ են կազմել, մի մասը դեռ քննարկումներ է անցկացնում: Ի՞նչ փուլում է գտնվում ՀՅԴ-ն:
-Հաստատուն եւ կայուն: Ինչպես նախընթաց ընտրություններում, Դաշնակությունը շատ հանգիստ իր ներքին կազմակերպչական ներուժը մեկտեղելու ընթացքի մեջ է, եւ ըստ մեր նախանշած գրաֆիկի՝ պատրաստվում ենք նախընտրական արշավի մեկնարկին: Բնական է եւ տրամաբանական, որ ցանկացած համապետական ընտրություններից առաջ քաղաքական դաշտում պետք է լինեն վերադասավորումներ, խմբավորումներ, բեւեռացումներ, մանավանդ նոր Սահմանադրության պայմաններում, երբ ԱԺ-ի դերակատարությունը բավականին մեծանալու է, եւ, ըստ էության, խորհրդարանական ընտրությունների արդյունքով է որոշվելու, թե որ քաղաքական ուժը կամ ուժերն են ներկայացնելու իշխանությունը: Ավելին՝ այս պարագայում կարեւորվում է ընդդիմադիր դաշտում հիմնական դերակատարների հարցը, որովհետեւ, ի տարբերություն նախորդ Սահմանադրության, գործող Սահմանադրությամբ ընդդիմությունը խորհրդարանում ունենալու է բավական ազդեցիկ քվոտա, բավականին մեծ լիազորություններ, այնպես որ ակնկալելի էր, որ մրցակցությունը բավականին թեժ է լինելու:
-Վերջերս ՀՅԴ-ն դրամահավաք իրականացրեց: Ի՞նչ արդյունք տվեց այն: Հավաքված գումարը կբավականացնի՞ ընտրություններին:
-Դրամահավաք դեկտեմբեր ամսին անցկացվել է Փարիզում, բայց դա նպատակային դրամահավաք էր, որը պարբերաբար Դաշնակցության նախաձեռնությամբ կազմակերպվում է, եւ այդ ամբողջ հավաքագրված միջոցները նպատակաուղղվում են միայն ու միայն Հայ դատի աշխատանքներին աշխարհի տարբեր երկրներում: Այնպես որ կատարված դրամահավաքը որեւէ կերպ չի առնչվում մեր նախընտրական բյուջեի հետ եւ որեւէ կապ չունի ներքաղաքական գործընթացների հետ:
-Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն: Ի՞նչ տեսակետ ունի ՀՅԴ-ն նրա վերադարձի վերաբերյալ:
-Կարծում եմ՝ Դուք հիշում եք երկու տարի առաջ փետրվարյան իրադարձությունները, դրան նախորդած եւ հաջորդած ժամանակահատվածը, պիտի որ հիշեք նաեւ այն ժամանակ մեր արձագանքների մասին: Այնպես որ, այս առումով մեզ համար որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել: Քաղաքական դաշտում որեւէ բան առհասարակ պետք չէ բացառել, բայց, այնուամենայնիվ, կարծում ենք, որ ժողովուրդը պետք է դատի իր կեցվածքով քաղաքական այս կամ այն գործչի, ուժի որդեգրած դիրքորոշումների մասին: Յուրաքանչյուրն ինքն է կայացնում իր որոշումը եւ յուրաքանչյուրն էլ ըստ կայացրած որոշման պետք է կարողանա հետեւանքներին տեր կանգնել: Առհասարակ, ներքաղաքական դաշտում մեր պատկերացումն այն է, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ, քաղաքական ուժ պետք է լիարժեք հնարավորություն ունենա մասնակցելու ներքաղաքական գործընթացներին, եւ գնահատական տվողը պետք է լինի միայն ու միայն ընտրողը:
-Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանին նախապես ասել է, որ եթե Ծառուկյանը վերադառնա, ապա ՀՀԿ-ն պետք է օգնի ՀՅԴ-ին, որպեսզի կուսակցությունը կարողանա հաղթահարել անցողիկ շեմը…
-Նմանատիպ տեղեկություններին լուրջ չենք վերաբերվում: Այդպիսի խնդիր Դաշնակցությունը չունի: Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի քաղաքականություն մտնելով՝ մեր քվեների հետ կապված մենք խնդիր ենք ունենալու, որովհետեւ Դաշնակցությունը, ի տարբերություն մյուս բոլոր քաղաքական ուժերի, ունի կայուն էլեկտորատ, եւ այս առումով Դաշնակցության էլեկտորատի վրա ներազդելու այլ քաղաքական ուժերի հնարավորությունները, կարծում եմ, բավականաչափ սահմանափակ են: Այնպես որ, մտահոգվելու առիթ չենք տեսնում, հետեւաբար նման խոսակցությունների մասին տեղեկությունները, մեղմ ասած, հավաստի չեն:
-Կարծես թե լարված են ՀՅԴ-ՀՎԿ ¥«Հայկական վերածնունդ» կուսակցություն) հարաբերությունները: Համենայն դեպս, երկու կուսակցություններին պատկանող կայքերը վարկաբեկում էին միմյանց…
-Առաջին դեպքը չէ, նախկինում էլ նման իրավիճակներ ունեցել ենք, երբ տարբեր ԶԼՄ-ներով այդ տեսակ հրապարակումներ են եղել, որոնք սուր եզրեր են ունեցել: Կարծում եմ՝ չափի զգացողությունը լավ բան է, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ նրան սպասարկող լրատվամիջոց պետք է այդ առումով շատ զգույշ լինեն իրենց արտահայտությունների եւ գնահատականների, որակումների մեջ, որովհետեւ գոտկատեղից ներքեւ հարվածելու փորձերը, մեղմ ասած, մեր գործելաոճը չէ, եւ ճիշտ չենք համարում այդ դաշտում հարաբերություններ պարզելը: Քաղաքական ուժերը հարաբերությունները պետք է պարզեն քաղաքական դաշտում եւ կոռեկտ պայքարի շրջանակներում:
-Արդեն վերջնականապես հստակեցվա՞ծ է, թե Դաշնակցությունն ինչ ձեւաչափով է ընտրություններին մասնակցելու՝ միայնա՞կ, թե՞, այնուամենայնիվ, դաշինքով:
-Մինչ օրս մենք չենք քննարկել դաշինքային տարբերակով ընտրություններին մասնակցելու հարցը: Դաշնակցությունը բոլոր ընտրություններին մասնակցել է առանձին: Կարծում եմ, որ այս անգամ եւս բացառություն չի լինի: Այս պահին մեր օրակարգում ուրիշ հարց այս առումով չունենք: Դեռ ժամանակ կա, որեւէ բան չի բացառվում, բայց այս պահին մեր օրակարգում առանձին չմասնակցելու վերաբերյալ հարց չունենք:
-Եթե չի բացառվում, ապա դաշինք կարող է լինել կոալիցիոն գործընկերո՞ջ, թե՞ այլ ուժերի հետ:
-Քաղաքական գործընթացներ են, կարծում եմ, որ այս խմորումները եւ բեւեռացումները երբ որ կգան որոշակի վերջնական փուլի, երբ կհստակեցվեն հայտ ներկայացրած քաղաքական ուժերի վերջնական ձեւաչափերը, եթե արտառոց վերադասավորումների հարց չլինի, որեւէ բան չի փոխվի: Բայց կրկնեմ՝ որեւէ դեպքում չի կարելի բացառել որեւէ զարգացում:

 

 

 

 
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ-ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ

Արդեն երկու օր է՝ քաղաքական դաշտի գլխավոր թեման ԲՀԿ նախկին առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հայտարարությունն է: Եթե մինչ այդ ակնկալվում էր, որ քաղաքական շատ ուժեր եւ անհատներ համախմբվելու են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ, ապա Ծառուկյանի վերադարձից հետո սլաքները միանգամից ուղղվեցին դեպի նա:

Սակայն այս պահին ամենահետաքրքրականն այն չէ, թե ովքեր են հավաքվելու Ծառուկյանի շուրջ, առավել կարեւոր է այն, թե արդյո՞ք հնարավոր է, պայմանական ասած, Ծառուկյանի դաշինք- Օհանյանի դաշինք համագործակցությունը: «Ժողովուրդ»-ը այդ հարցի շուրջ փորձեց պարզաբանումներ ստանալ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանից:
«Նախ ասեմ, որ ես շատ մեծագույն հարգանքով եմ վերաբերվում Սեյրան Օհանյանին եւ նաեւ «Համախմբում» կուսակցության մեր գործընկերներին, որոնք իմ ընկերներն են՝ թե՛ Վարդան Օսկանյանը, թե՛ Վահե Հովհաննիսյանը, թե՛ Էլինարը, Ստեփանը եւ թե՛ մեր մյուս գործընկերները: Ինչ վերաբերում է հնարավոր համագործակցությանը, մենք պատրաստ ենք բոլորի հետ լայն համագործակցության»,- նշեց Զոհրաբյանը՝ չբացառելով իրենց եւ Օհանյանի շուրջ համախմբված կուսակցությունների եւ քաղաքական գործիչների հնարավոր համագործակցությունը: Զոհրաբյանի խոսքով՝ իրենց նպատակը բոլոր այն քաղաքական ուժերին համախմբելն է, որոնք ունեն պոտենցիալ երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ իրականացնելու. «Այս պահին իրավիճակը երկրում այնպիսին է, որ իսկապես լայն համախմբումը, լայն կոնսոլիդացիան կարող է էական բեկում մտցնել ընտրական գործընթացում: Ես կարծում եմ, որ իսկապես մեր համագործակցությունը կարող է շատ արդյունավետ լինել»,- եզրափակեց Զոհրաբյանը:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՀԵՏ ԲԵՐԵՑ
Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կոստանյանը կհամակարգի իրավական դաշտը, որտեղ սահմանադրական փոփոխություններից հետո մեծ փոփոխություններ են սպասվում: Ավելին՝ ինչպես պնդում են մեր աղբյուրները՝ նախկին դատախազը լինելու է ուժային կառույցների եւ Սերժ Սարգսյանի ուղիղ կապը եւ պատասխանատվություն կստանձնի իրավական մի շարք գործընթացների համար, որպեսզի դրանց ընթացքը համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին: Ասել է թե՝ հայրենի իրավական դաշտը վերաձեւավորումների նոր փուլ է մտնում:

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ
Դատարանների ծանրաբեռնվածության պատճառով ե՛ւ քրեական, ե՛ւ հատկապես քաղաքացիական գործերի քննությունը բավական երկար է տեւում, ընդհուպ մինչեւ տարիներ: Եւ բանն այնտեղ է հասել, որ դատավորները հերթով դիմումներ են ներկայացնում ՀՀ դատարանների նախագահների խորհրդին, որպեսզի իրենց նոր գործեր չտրամադրեն: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նմանօրինակ հերթական դիմումն է ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Ռուբեն Բունիաթյանը՝ նշելով, որ իրեն բաշխվող գործերի առանձին տոկոսաչափ սահմանվի: Դատարանների նախագահների խորհուրդն էլ բավարարել է դիմումը: Միայն թե դատարանների նախագահների խորհուրդը բավարարել է լոկ Ռ. Բունիաթյանի դիմումը, իսկ մյուս դատավորները շարունակում են մնալ նույն վիճակում:

 

 

ՁԵՌՔԸ ԲՌՆԱԾ
Կառավարության այսօրվա նիստում որոշման նախագիծ է ներկայացված, ըստ որի՝ նախատեսվում է «Նանման» ընկերությանը հերթական անգամ մաքսատուրքից ազատվելու արտոնություն տալ: «Նանման» ՍՊԸ-ն հանդիսանում է արտահագուստ արտադրող ընկերություն:
Այս որոշման նախագիծը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով. 2016 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում, երբ այն ժամանակ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին էր ներկայացրել նույն այս ընկերությանը մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու հարցը, վարչապետի եւ նախկին նախարարի միջեւ բանավեճ էր սկսվել: Վարչապետը հարցրել էր, թե երբ է այս ընկերությունն արտոնությունների համար դիմել նախարարություն, եւ լսելով պատասխանը` ասել. «Չեմ հավատում,- այնուհետեւ շարունակել,- բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է իրենց ձեռքը բռնած՝ բոլոր կառույցներով գնաք, որ իրանք իրանց ապահով զգան, որ որեւէ մեկն իրենց չխոչընդոտի»: Հիմա, փաստորեն, նույն այս ընկերությունն արդեն երկրորդ անգամն է դիմում կառավարություն` արտոնություններ ստանալու խնդրանքով, եւ նրա ձեռքը բռնում է կառավարությունը: Իսկ թե ինչու է հենց նրանց տրվում այդ արտոնությունները, չի հաղորդվում:




Լրահոս