«Ազատ դեմոկրատներ»-ը ընտրություններին մասնակցելու է լայն կոնսոլիդացված ցուցակով. Խաչատուր Քոքոբելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների օրը, քաղաքական ինտրիգն ավելի է հասունանում, մեծանում է լարվածությունը, բայց, այնուամենայնիվ, որեւէ կուսակցություն դեռեւս վերջնական հստակեցում չի կատարում սպասվող ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասին:

Չնայած այս օրերին քաղաքական տարբեր ուժերի փնտրտուքներին՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, Աժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշում է, որ իրենց համար նման խնդիր չի եղել ի սկզբանե. «Մենք որեւիցե անորոշության խնդիր չունենք, ես կարծում եմ՝ քաղաքական դաշտը, ընդհակառակը, հստակ է այս պահին, եւ պարզ երեւում է մեր քաղաքական օրակարգը, մեր մասնակցության ձեւը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը:

Վերջինիս կարծիքով՝ իրենք կուսակցության ծրագրերի մասին նոր չէ, որ պետք է խոսեն: Քոքոբելյանը վստահեցնում է՝ բազմիցս խոսել են, եւ իրենց քաղաքական օրակարգը, որով մինչ այս շարժվել են, մնացել է անփոփոխ.«Կարծում եմ՝ մյուս մասերով էլ էապես բան չկա, շատ հստակ է թե՛ աշխարհաքաղաքական առումով, թե՛, առհասարակ, մոտեցումների առումով, այսինքն՝ հասարակության համար նոր մոտեցումներ կամ նոր ինչ-որ խնդիրներ գոյություն չունեն, հասարակության համար շատ հստակ է, թե ով որտեղ եւ ինչ է անում: Եվ այս առումով հասարակության համար որեւէ գաղտնիք չկա»,- նշում է պատգամավորը:

Արդյո՞ք վերջնական ու հստակ են այն հայտարարությունները, որ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է դաշինքով, թե, այնուամենայնիվ, վերջին շրջանում տեղի ունեցած վերադասավորումներն ու անակնկալ որոշումները փոխել են նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության դիրքորոշումը: «Մենք բազմիցս նշել ենք, որ «Ազատ դեմոկրատներ»-ը ընտրություններին մասնակցելու են լայն կոնսոլիդացված ցուցակով, եւ դա լինելու է մասնակից անդամների յուրովի դաշինքը, դա լինելու է ազատականների դաշինք: Այն մարդկանց կոնսոլիդացված ցուցակ է, որը կներկայացնի «Ազատ դեմոկրատներ»-ը: Դրանում կլինեն մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում հետամուտ են եղել այն քաղաքական օրակարգին, որով մենք առաջնորդվել ենք եւ առաջնորդվում ենք հիմա»:

Քոքոբելյանը, սակայն, դարձյալ խուսափեց կոնկրետ անուններ բարձրաձայնելուց՝ ընդամենը նշելով, որ ցուցակի կազմը վերջնականապես կհստակեցվի առաջիկա շաբաթներին: «Առաջիկա շաբաթների ընթացքում թե՛ ցուցակի, թե՛ մարդկանց առումով հանրության դատին կներկայացնենք այն թիմը, որն այդ խնդիրների լուծման առաջարկողն է եւ ի զորու է լուծելու այն իրավիճակը, որն այսօր Հայաստանում կա»,- եզրափակեց Քոքոբելյանը:

Վահագն Հակոբյան




Լրահոս