«ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԻՆՔՆ Է ՈՐՈՇՈՒՄ». Վ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ լրատվամիջոցներին հայտնել է ՀՀԿ-ից դուրս գալու որոշման մասին. «Այո՛, որոշում եմ կայացրել, ՀՀԿ-ից դուրս եմ գալիս, վաղը կլինի իմ հայտարարությունը», – ասել է Աբրահամյանը:

Ինչպես հայտնի է՝ Հովիկ Աբրահամյանը, ով, ի դեպ, երեկ նշում էր իր ծննդյան 59-ամյակը, Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին զբաղեցրել է ոչ միայն Ազգային ժողովի նախագահի, վարչապետի եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները, այլեւ 2008, 2012 եւ 2013թթ. նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ ղեկավարել է ՀՀԿ նախընտրական շտաբները: Ու հիմա նման բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած եւ երկար տարիներ ՀՀԿ-ի համար կարեւոր դեր ունեցող անձնավորությունը որոշում է կայացրել հեռանալ ՀՀԿ-ից: Ընդ որում, այդ որոշումը կարծես թե բավականին անսպասելի է եղել իր կուսակից ընկերների համար: Նկատենք, որ երեկ բոլոր ՀՀԿ-ականներն ընդհատակ էին անցել, եւ ժամեր շարունակ չէր հաջողվում գտնել իշխող ուժի որեւէ ներկայացուցչի, ով կպատասխաներ հեռախոսազանգերին եւ կմեկնաբաներ Հովիկ Աբրահամյանի այդ որոշումը:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց զրուցել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ եւ պարզել, թե ինչպե՞ս են հանրապետականները մեկնաբանում նախկին վարչապետի այդ որոշումը եւ արդյո՞ք կուսակցությունում մտահոգված չեն նման զարգացումից:
-Պարո՛ն Բաղդասարյան, նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկացրել է, որ որոշում է կայացրել Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին: «Վաղը կլինի իմ հայտարարությունը»,-նշել է Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի Հանրապետական կուսակցության ամենաազդեցիկ գործիչներից մեկը հեռանում է կուսակցությունից, ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:
-Հովիկ Աբրահամյանն ինքն է որոշում այդ խնդիրները: Յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր անձ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր դիրքորոշումների մեջ: Եվ ինքն է կայացնում իր որոշումը, ինքն է որոշում իր քաղաքական ճակատագիրը:
-Երբ անցած տարվա սեպտեմբերի 8-ին Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, շատ էր նշվում, որ դա տեղի է ունեցել ոչ իր կամքով: Հետեւաբար նշվում էր նաեւ նրա՝ կուսակցությունից նեղանալու մասին: Կարելի՞ է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել լքել ՀՀԿ-ն նեղացվածության պատճառով:
-Մենք ունենք ջերմ ու ընկերական հարաբերություններ, եւ մեր շփումների ժամանակ նեղացվածություն չեմ զգացել, իսկ մնացած հարցերին կպատասխանի ինքը:
-Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել միանալ Գագիկ Ծառուկյանին…
-Դա պետք է Գագիկ Ծառուկյանին եւ Հովիկ Աբրահամյանին հարցնեք:
-Հնարավո՞ր է՝ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունը լքելու որոշումից հետո շատերը հետեւեն նրա օրինակին եւ հեռանան Հանրապետականից, այն էլ՝ այսքան վճռորոշ ժամանակահատվածում:
-Այ, դա չեմ կարծում, չի կարող նման բան լինել: Ընթացքը ցույց կտա, համբերեք, պետք չէ շտապել:
-Իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցության համար մտահոգիչ չէ՞, որ Հովիկ Աբրահամյանի նման առանցքային դեմքը, ով տիրապետում է հսկայական ռեսուրսների եւ ով վերջին համապետական երեք ընտրություններում կարողացել է ՀՀԿ-ի համար մեծ թվով ձայներ ապահովել, այս կարեւոր փուլում լքում է Հանրապետական կուսակցությունը:
-Բնականաբար, ցանկալի չէ:
-Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարությունը ներքին քննարկումներ չի՞ անցկացրել՝ փորձելով հասկանալ, թե ինչն է պատճառը, որ կուսակցության շարքերը սկսել են նոսրանալ:
-Նման քննարկումներ տեղի չեն ունեցել: Երբ որ դիմումը կներկայացվի պարոն Աբրահամյանի կողմից, նոր կանդրադառնանք այդ հարցին:

 

 

 

 
ՓՈՂ ՉԵՆ ՆԵՐԴՆՈՒՄ, ԲԱՅՑ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱԱՀ ԳԱՆՁԵԼ

Չնայած նրան, որ իշխանական եւ ընդդիմադիր ուժերի միջեւ անցած տարվա սեպտեմբերի 13-ին ձեռք բերված համաձայնության շրջանակներում ընտրատեղամասերում պետք է տեսախցիկներ տեղադրվեին, որոնք կապահովեին ընտրական գործընթացի օնլայն հեռարձակումը, հայրենի իշխանությունները կարծես թե պատրաստվում են տապալել այդ գործընթացի իրականացումը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, նոր ընտրական օրենսգրքի համահեղինակներից Դավիթ Հարությունյանը օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չէր բացառել, որ գուցե հնարավոր չլինի ապահովել ընտրությունների ուղիղ հեռարձակումը:
Չնայած Հարությունյանի հայտարարությանը՝ ընտրական այդ մեխանիզմների հիմնական ֆինանսավորող, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղամասերում տեսախցիկների տեղադրման շուրջ ձեւավորվել է աշխատանքային կոնսենսուս, եւ առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում պետք է այդ հարցով լուծում գտնվի. «Մրցույթին մասնակից հայտատուն առաջարկել է պահանջվող պարամետրերի դիմաց գին, մինչդեռ այն չափազանց մեծ է՝ առկա ֆինանսավորումը հաշվի առնելով: Ես չափավոր լավատես եմ, որ լուծում կգտնվի, որը ընդունելի կլինի բոլորի համար: Մենք կոչ կանենք, որ խելամիտ կոմպրոմիս գտնվի: Մենք արդեն իսկ գիտենք, որ լուծումը 100 տոկոսանոց, կատարյալ չի լինի, այնպես չի լինի, որ որեւէ սողանցք չմնա: Մեր տեսանկյունից, սակայն, ամեն դեպքում, պետք է գնալ դրա իրագործմանը, անգամ, եթե այն կատարյալ չէ»,-նշել է Սվիտալսկին:
ԵՄ դեսպանի խոսքով՝ հնարավոր է գտնել տարբերակ, որը հնարավորություն կտա ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում բոլոր տեղամասերում տեսախցիկների միջոցով վերահսկողություն իրականացնել:
Սվիտալսկին վստահություն է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը լավ է տրամադրված տեսախցիկների ներկրման դեպքում ավելացված արժեքի հարկ չգանձելու հարցում: Չնայած դեսպանի լավատեսությանը՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները փորձում են ամեն կերպ գործի դնել իրենց հնարավորությունները, որպեսզի բացառվի ընտրությունների ուղիղ հեռարձակումը: Ավելին՝ ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ կառավարությունը չի ցանկանում հաղթող ընկերությանը տալ հարկային արտոնություններ՝ ազատելով ԱԱՀ-ից: Դեսպան Սվիտալսկին հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը կառուցողական է տրամադրված տեսախցիկների ներկրման դեպքում ավելացված արժեքի հարկ չգանձելու հարցում: Նա նշել է, որ ինչպես ԵՄ կողմից իրագործվող ծրագրերի դեպքում է, երբ դրանք ԱԱՀ-ից ազատված են, այնպես էլ այս ծրագիրը կարելի է համարել ԵՄ աջակցությամբ իրագործվող եւ ազատել հարկային այդ զգալի բեռից:
Եթե, ի վերջո, հայրենի կառավարությունը որոշում կայացնի ԵՄ-ի տրամադրած գումարից գանձել նաեւ ավելացված արժեքի հարկ, անկասկած, դա կբացահայտի թափանցիկ ընտրություններ անցկացնելու նպատակով իրականացվող գործընթացները մեր իշխանությունների կողմից վիժեցնելու մտադրությունը:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ԲԿ-Ի ՏՆՕՐԵՆԸ՝ ՊԱՏԳԱՄԱՎՈ՞Ր
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արաբկիր բժշկական համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նա մտադիր է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում: Արման Բաբլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց լուրը. «Այո՛, ես պատրաստվում եմ առաջադրվել, միայն պետք է Հանրապետական կուսակցության խորհուրդը հաստատի, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցի: Ինչից հետո այդ մասին պաշտոնապես կհայտարարվի»: Հիշեցնենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում թեկնածուների, կուսակցությունների եւ դաշինքների առաջադրումները մեկնարկելու են փետրվարի 6-ից:

 

 

«ՊԱԶՈՎ» ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, որը այս պաշտոնին նշանակվել է անցած տարվա դեկտեմբերի 6-ին, հայտարարագրել է իր ունեցվածքը: Ըստ այդմ, նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է, որ ունի մեկ անհատական բնակելի տուն, 3 հատ «Mitsubishi Pajero IO 1.8», «Mercedes-Benz E 420», «PAZ 672» մակնիշի ավտոմեքենաներ: Վերջինիս դրամական միջոցները կազմել են 4.5 մլն դրամ, 7000 դոլար եւ 3000 եվրո: Հարությունյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 253 հազար դրամ: Նշենք, որ Աշոտ Հարությունյանը, մինչ փոխնախարար նշանակվելը, զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետի պաշտոնը:

 

 

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ՞Ր
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափի մասին, ասել էր. «Ես սովոր չեմ ուրիշի ցուցակներում լինել: Մի անգամ եղել եմ ընդհանուր ցուցակում, երբ մեծ դաշինքով էինք գնում, բայց դա պատահական մի երեւույթ էր»: Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը նկատի ունի 2004թ ԱԺ ընտրություններում Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարություն» դաշինքը, որի ընտրացուցակում, ի դեպ, նա զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Ու քանի որ նա «պատահական մի երեւույթ» էր անվանել այդ դաշինքին անդամակցելը, «Ժողովուրդ»-ն այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալու համար դիմեց այն ժամանակվա «Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանին: «Բայց Վազգեն Մանուկյանն ակտիվ մասնակցել է նախընտրական ժամանակաշրջանի աշխատանքներին: Իմ կարծիքով դա պատահականություն չէ: «Արդարություն» դաշինքի օրինակով կարելի է ասել, որ դաշինքների գոյությունը ճիշտ է, որովհետեւ կուսակցությունը մինչեւ լիազորությունների վերջը ակտիվ աշխատել է: Եվ այնպիսի երեւույթներ չեն եղել, ինչպիսին հիմա կա»,- ասաց Հարությունյանը:




Լրահոս