Նախկին իշխանավորների՝«երկրի վիճակի» մասին լացակումաց հայտարարությունները միայն ժպիտ են առաջացնում. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» թերթը գրում է. ««Երկրի վիճակի» մասին լացակումաց հայտարարությունները միայն ժպիտ են առաջացնում։  Մարդիկ, ովքեր «օտ ի դո»  օգտվել են 25 տարի  գոյություն ունեցող  անարդար համակարգից,  այսօր հանկարծ որոշել են պայքարել արդարության համար։

Օլիգարխները, որոնց չվճարած հարկերի պատճառով  թոշակառուները, ինչպես նաև աշխատավարձով ապրող  հազարավոր մարդիկ  այսօր ստիպված են  ամեն օր լրջագույն սոցիալական  խնդիրներ լուծել  կամ գնալ երկրից, խոսում են աղքատության և արտագաղթի մասին։  Ինչպես վերջերս արդարացիորեն նշեց, Հելսինկյան  կոմիտեի  նախագահ Ավետիք Իշխանյանը, իրականում նախընտրական պայքարն այսօր պայքար է կոռուպցիոն լծակների համար։

Բայց այդ ֆոնի վրա մենք ստանում ենք նաև բարի լուրեր. Ընտրություններին չմասնակցելու  մասին  են հայտարարում հարգարժան մարդիկ՝ այդպիսով  էլ ավելի բարձրացնելով իրենց վարկանիշը՝ Լարիսա Ալավերդյան, Ալեքսանդր Արզումանյան, Խաչատուր Սուքիասյան։  Հուսով եմ՝ նրանց կմիանա  նաև Թևան Պողոսյանը։ Նրանք ապացուցում են, որ կարելի է ապրել  Հայաստանում,  օգտակար լինել երկրին և միաժամանակ  չլինել Ազգային ժողովի պատգամավոր։  Հատկապես ողջունելի է  Խաչատուր Սուքիասյանի  որոշումը, որը պետք է ուղեցուցային դառնա  մյուս խոշոր գործարարների համար։

Զբաղվո՞ւմ ես բիզնեսով՝ կանաչ ճանապարհ, բայց մի փորձիր խցկվել խորհրդարան կամ կառավարություն՝ կոպտորեն խախտելով օրենքը և «ֆռիկներ» հորինելով «հավատարմագրային կառավարման» մասին։  Միևնույն է՝ այդ հեքիաթներին ոչ ոք չի հավատում։

Ամենևին կոչ չեմ անում  ընտրողներին բոյկոտել ընտրությունները՝ մենք պետք է եղածներից ընտրենք լավագույնը։ Մյուս կողմից՝ նրանց, ովքեր  չեն ուզում առաջադրվել, շատ լավ եմ հասկանում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս